Նկարիչ-մոդելավորող Լուսինե Հունանյանը Մոսկվայում ապրիլի 13-ին կմասնակցի «Ազգային հավաքածուներ» միջազգային մրցույթին՝ իր «Ոսկե ծիրան» շարքով:
Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի շրջանավարտ, մոդելավորող Լուսինե Հունանյանը միջազգային մրցույթների փորձ ունի: 2004թ. մասնակցել է Մոսկվայում կայացած «Ես դիզայներ եմ» մրցույթին՝ ընդգրկվելով լավագույն տասնյակում: Իսկ 2005-ին, դարձյալ Մոսկվայում կայացած «Ազգային հավաքածուներ» միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել՝ «Մոդելի ճիշտ վերլուծման համար» անվանակարգում: Լ. Հունանյանը մասնակից է նաեւ հայաստանյան ցուցադրությունների ու մրցույթների («Հայկական սիլուետ», «Ռուսական սիլուետ» եւ այլն):
«Առավոտը» հյուրընկալել էր Լ. Հունանյանին: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված իր հաճախակի մասնակցությունը մոսկովյան մրցույթներին: Մոդելավորողը նախ հայտնեց, որ մոտ ապագայում ինքը կմասնակցի նաեւ եվրոպական մրցույթների. «Ինչ վերաբերում է մոսկովյան ցուցադրություններին, դրանք հատուկ պլանավորված չեն եղել, ուղղակի Մոսկվա մեկնելը թղթատարություն չի պահանջում»: Հետո էլ ավելացրեց, որ ինքը առաջարկ է ստացել դառնալ Ռուսաստանի դիզայներների միության անդամ: Հարցին, թե ինչո՞ւ չի դառնում Հայաստանի դիզայներների միության անդամ, մոդելավորողի պատասխանը կարճ էր՝ չեն առաջարկել: Խնդրանքին՝ ներկայացնել Մոսկվայում օրերս կայանալիք մրցույթում իր ցուցանմուշները, Լ. Հունանյանն ասաց, որ դրանք 5-ն են. «Նմուշները պիջակ-տաբատ են կանանց համար՝ ազգային ֆոլկ-դասական ոճում: Դրանցում ընդգծել եմ կանացիությունը, ցանկացել ստեղծել ուժեղ կնոջ կերպար, ինչը 21-րդ դարի հրամայականն է»: Լ. Հունանյանը շեշտեց, որ նկարիչ-մոդելավորողների աշխատանքը նկարելն է, էսքիզ ստեղծելը. «Սա, իհարկե, զարգացած երկրներում: Բայց, օրինակ, իմ դեպքում ես ոչ միայն ստեղծում եմ էսքիզը, այլեւ ստիպված անձամբ եմ կարում՝ այդպիսով ամբողջ էներգիաս ու ուժս վատնելով տեխնիկական խնդիրների վրա»:
Մոդելավորողը փաստեց, որ մեզանում արդեն մասնագետին դիմելու փորձեր արվում են, բայց միայն շոու-բիզնեսի բնագավառում. «Օրինակ, եվրատեսիլյան հայկական մրցույթին իմ զգեստներն էին կրում «Հայեր» խումբը, երգչուհիներ Մարիաննա Հովհաննիսյանը, Ժակլին Թումանյանը, Արշալույս Սարգսյանը»: Հարցին, թե ինչո՞ւ հայ երգիչները հաճախ չեն օգտվում մոդելավորողների ծառայություններից, մանավանդ որ Հայաստանն ունի արդեն հայտնի անուններ ինչպես Եվրոպայում՝ հանձին ֆրանսաբնակ Թառլոյան եղբայրների, այնպես էլ ԽՍՀՄ տարածքում՝ Արամ Նիկոլյանի, Մարինե Մանուկյանի եւ այլոց, Լուսինեն ասաց. «Չեմ կարող երգիչների փոխարեն պատասխանել, բայց մի բան չեմ կարող չնկատել: Հայկոյի «Anytime You Need» երգը հարում է դասական ոճին, բայց տեսահոլովակում երգչի հագուկապը լրիվ այլ է: Հուսով եմ՝ երգիչը Հելսինկիում շապիկով հանդես չի գա, ինչպես տեսահոլովակում»:
Մեր դիտարկմանը՝ արդյոք Երեւանում վերջին տարիներին մեկը մյուսի ետեւից բացվող ֆիրմային խանութները «չե՞ն խփում» իրենց գործին, Լ. Հունանյանն ասաց. «Իսկ ո՞վ է ասում, որ այդ խանութներում այս կամ այն հանրահայտ ֆիրմայի արտադրանքն է: Ես գիտեմ, թե այդ հագուստները որտեղից են հայտնվում սրահներում: Կարծում եմ՝ գումար պետք է վճարել ոչ թե պիտակի, այլ հագուստի համար»: