Ոչ մի քաղաքական ուժ չընդվզեց Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու դեմ
Վերջին տարիներին դժվար է հիշել հայաստանյան քաղաքական կյանքում որեւէ իրադարձություն, որը հերթական անգամ չսրեր քաղաքական երկու բեւեռի՝ իշխանության եւ ընդդիմության հակասությունը: Դժվար է հիշել որեւէ իրադարձություն, որը հայաստանյան առանց այդ էլ երկբեւեռ մամուլը է՛լ ավելի չբաժանի հակառակ տեսակետների բախման ամբիոնի: Եվ քանի որ սեզոնն էլ նախընտրական է, հասկանալի պատճառով դժվար կամ գրեթե անհնար էր ենթադրել, որ հնարավոր է քաղաքական իրադարձություն, որի շուրջ տեղի ունենա լուռ համաձայնություն թե՛ իշխանության ներսում, թե՛ մերձիշխանական ու հակաիշխանական ուժերի շրջանում: Որքան էլ ոմանք փորձեն այլ պատճառներ եւ բացատրություններ փնտրել, սակայն ակնհայտ է, որ հանրապետության նախագահի որոշումը՝ ՀՀ վարչապետ նշանակել Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ դրան նախորդած իրադարձություններն ու քաղաքական ուժերի կեցվածքը մեկ բանի վկայությունն են՝ վարչապետի պաշտոնում այլ թեկնածու չէին պատկերացնում ոչ միայն իշխանական ու իշխանամերձ կուսակցությունները, այլ նաեւ ընդդիմությունը: Այլապես, մեզ հայտնի ավանդույթի համաձայն, ՊՆ նախարարի հանդեպ բնավ ոչ բարեկամական զգացումներով լցված քաղաքական տարբեր ուժերը հաստատ բաց չէին թողնի առիթը՝ ազգին համոզելու, որ այդ թեկնածությունը հաստատ ամենահարմարը չէ: Նման բան չարվեց, ու Անդրանիկ Մարգարյանի ցավալի եւ անժամանակ մահից հետո որեւէ մեկը չէր էլ կասկածում, որ այդ պաշտոնում նրան փոխարինելու է Սերժ Սարգսյանը:
Նախընտրական լարված այս շրջանում իրար հանդեպ սովորաբար խիստ անհանդուրժող քաղաքական ուժերի եւ լրատվամիջոցների ներքին լուռ այս համաձայնությունը, ըստ էության, ունի իր ե՛ւ հոգեբանական, ե՛ւ նաեւ զուտ պրագմատիկ քաղաքական պատճառները: Ի վերջո, հասկանալի է, որ Անդրանիկ Մարգարյանից հետո, մինչեւ կուսակցության համագումարը, ՀՀԿ նախագահի պաշտոնակատար պետք է լիներ այնպիսի անձնավորություն, որի խոսքը արժեք եւ կշիռ ունի, եւ որը կարող է համախմբել կուսակցությունը, այլապես՝ իսկապես շատ մեծ կարող էր լինել վտանգը, որ Մարգարյանից հետո, որը կարողանում էր հավասարակշռել ներկուսակցական կյանքը, ՀՀԿ-ն ներքին լուրջ ճաքեր տար:
Ինչ վերաբերում է նրան, որ որեւէ տարակույս չէր առաջացնում եւ այն, որ ստեղծված իրավիճակում վարչապետ նշանակվելու է Սերժ Սարգսյանը, ապա այս դեպքում պատճառը էլ ավելի պրագմատիկ-քաղաքական է: Ինչքան էլ հայաստանյան կուսակցություններն ունենան ներքին տարաձայնություններ, այդուհանդերձ, նրանց բոլորում կամ գրեթե բոլորում մարդիկ են, որոնց համար իսկապես կարեւոր ու անհրաժեշտ է ներքաղաքական կայունությունը եւ երկիրը անկանխատեսելի ցնցումներից զերծ պահելը: Եվ այն, որ բոլորը վստահ էին, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին փոխարինելու է Սերժ Սարգսյանը, դա արդեն վկայությունն է այն բանի, որ այս գործիչը ընկալվում է որպես քաղաքական հավասարակշռության կրողը, ինչը այնքան անհրաժեշտ է խորհրդարանական ընտրություններից առաջ: Եվ ինչքան էլ մենք քաղաքական դաշտի տարբեր ուժերի մեղադրենք անհանդուրժողականության եւ երբեմն նաեւ արկածախնդրության մեջ, մի բան հստակ է՝ հայի տեսակը, լինի նա հասարակ քաղաքացի, թե կուսակցության լիդեր, կարողանում է լրջագույն պահերին կատարել ճիշտ որոշում կամ՝ գոնե չխոչընդոտել ճիշտ որոշման կայացմանն ու կատարմանը: Ուստի, երբ այս օրերին որոշ վերլուծաբաններ զարմանում են, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ քաղաքական ուժերը Անդրանիկ Մարգարյանի մահից անմիջապես հետո շտապեցին հայտարարել, որ եթե ՀՀԿ-ն առաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա իրենք միանշանակ դրան կողմ են լինելու, եւ նույնիսկ ամենաընդդիմադիրները չընդվզեցին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, դրա բացատրությունը իրականում շատ պարզ ու հասկանալի է՝ Սերժ Սարգսյանը ընկալվում է որպես ներքաղաքական հավասարակշռության օրենքը պահպանող գործիչ։ Իսկ ներքաղաքական հավասարակշռությունը խորհրդարանական ընտրություններից ընդամենը քառասուն օր առաջ խախտելը՝ շատ լուրջ եւ շատ վտանգավոր արկածախնդրություն կլիներ:
Իհարկե, Անդրանիկ Մարգարյանի անսպասելի մահը արագացրեց կանխատեսելի եւ ենթադրելի իրադարձությունների ընթացքը, բայց այն, որ ներքաղաքական համերաշխությամբ առանձնապես չփայլող մեր քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանի վարչապետ ու ՀՀԿ նախագահի պաշտոնակատար լինելն ընդունվեց որպես միակ ճիշտ եւ տրամաբանական լուծումը, դա նշանակում է, որ ընտրությունը ճիշտ է կատարված: