Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաներն ի՞նչ մեղք ունեն

Ապրիլ 09,2007 00:00

\"\"Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի թիվ 17 առանձնատան երկու հարկերում ազատամարտիկ Մասիս Գալստյանը եղբոր հետ ապրել է հաշտ: Ամեն ինչ փոխվեց հոր մահից հետո:

Եղբայրը՝ Մայիսը, 1992թ. գյուղի մի հատվածում ձեռք բերած հողամասը սեփականաշնորհելուց հետո, շարունակել է ապրել հայրական տանը: Ժամանակ անց ծնողների եւ եղբոր հույսին թողնելով ընտանիքը, մեկնել է Ռուսաստան: 1997թ., հոր մահից հետո, վերադառնալով գյուղ, մորից պահանջել է ժառանգության իր մասը:

Մինչեւ 2000թ. ապրելով Մասիսի ընտանիքի հետ, 71-ամյա մայրը համաձայնում է դառնալ Մայիսի դաշնակիցը: 2004թ. Մաքրավանի գյուղապետ Արայիկ Առաքելյանը Անգին Գալստյանին (մորը) տալիս է տեղեկանք, որով տանն իբրեւ բնակվող նշում է միայն Մայիսի, նրա կնոջ եւ երկու երեխաների անունները: Տեղեկանքի հիման վրա նոտարական գրասենյակը հավասար չափերով ձեւակերպում է ժառանգություն: 2005թ. փետրվարին Մասիս Գալստյանը դիմում է նոտարական գրասենյակ՝ ժառանգության վկայական ստանալու նպատակով, սակայն մերժվում է, ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառով: Ազատամարտիկը դիմում է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան՝ նոտարի կողմից եղբորը տրված ժառանգության վկայագիրն անվավեր ճանաչելու եւ, որպես առաջին հերթի ժառանգի, պահանջում է ճանաչել բնակարանի եւ հողամասի հանդեպ ժառանգության իր իրավունքը: Դատարանը հայցը բավարարում է մասնակի՝ տան եւ հողամասի 1/4-րդ մասի նկատմամբ սեփականատեր ճանաչելով Մասիս Գալստյանին, իսկ 3/4-ի նկատմամբ՝ եղբորն ու մորը: Սակայն ժառանգական գույքը կողմերի միջեւ բաժանելիս դատարանը հիմք է ընդունում Կադաստրի պետական կոմիտեի կողմից վերոհիշյալ տան աղավաղված հատակագիծը, որտեղ Մասիսին հատկացված սենյակի փաստացի եղած դռան փոխարեն նշվել էր պատուհան: Այդ պատճառով դատարանը նրան հատկացրել է մեկ այլ սենյակ, որի դուռը բացվում է զառիթափ լանջի կողմը՝ անհնար դարձնելով ելումուտը: Ճանապարհ չկա, այն, փաստորեն, անելանելի կացության մեջ է դնում Մասիսի հիվանդ կնոջն ու երկու անչափահաս՝ նույնպես հիվանդ երեխաներին: Տուժած ընտանիքի զբաղեցրած ներկայիս սենյակի (որի դուռը սխալմամբ պատուհան էր ներկայացվել) դռնից աստիճանավանդակով առանձին մուտք ունենալու ցանկությունը Մասիսի հարազատների կողմից հանդիպում է լուրջ դիմադրության, արգելելով երեխաներին օգտվել անգամ այդ միակ հնարավորությունից:

Մասիս Գալստյանը դիմել է վճռաբեկ դատարան: «Դատարանը ինձ պարտավորեցրել է օգտվել մեկ սենյակի մուտքից, որի դուռը դուրս է ավանդական ճանապարհից, բացվում է զառիթափ լանջի վրա, որտեղից ոչ միայն անհնար է օգտվել տարվա ձյունոտ եւ անձրեւոտ եղանակներին, այլեւ դժվարանցանելի է նույնիսկ չոր եղանակին: Այն անչափահաս երեխաներիս կյանքի համար պարզապես սպառնալի է»,- վճռաբեկ բողոքում գրել է ազատամարտիկ Մ. Գալստյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել