Ասում է «Հայաստանի խուլերի միավորում» հ/կ նախագահ Ժորա Վարագյանը
Մեր երկրում բնակվող խուլուհամրերի համար ՀՀ իշխանությունները լրացուցիչ խնդիրներ են ստեղծում: Օրերս էլ նրանք նախագահական պալատի առաջ էին բողոքի ակցիա նախաձեռնել՝ ասելով, որ պետությունը խլում է իրենց պատկանող սեփականությունները: «Առավոտի» հետ զրույցում հ/կ-ի նախագահ Ժորա Վարագյանը մեկ առ մեկ ներկայացրեց խուլուհամրերի խնդիրները: Նրա խոսքերով, Կադաստրը իրենց միավորմանը պատկանող շենքի արժեքը գնահատել է 1 մլրդ 140 հազար դրամ, եւ, պայմանավորված շենքի արժեքով, «Հայաստանի խուլերի միավորումը» բարձր գույքահարկ է վճարում. «Նրանք միտումնավոր բարձրացնում են գույքահարկը, որպեսզի չկարողանանք վճարել վարձը եւ շենքը վաճառենք»:
Նշենք, որ խուլուհամրերին պատկանող շենքը գտնվում է Օպերայի շրջակայքում, ուստի չի բացառվում, որ նրանց սեփականության վրա պաշտոնյաներից ոմանք արդեն աչք ունեն: Ժ. Վարագյանի խոսքերով, միավորմանն է պատկանում նաեւ Հանրապետական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջի մասնաշենքը. «Ժամանակին այդ մասնաշենքը կառուցել են խուլերը՝ որպես վերականգնողական կենտրոն: Նրանք այդ շենքը հանձնել են առողջապահության նախարարության ենթակայությանը: Մենք այդ մասնաշենքը չենք նվիրել Հանրապետական հիվանդանոցին, որպեսզի այսօր նրանք խուլուհամրերից բարձր վճարներ գանձեն: Բոլորը գիտեն, որ դա մեր սեփականությունն է, բայց քիչ-քիչ ուզում են վերցնել մեզանից»: Խուլուհամրերն այս խնդիրների առնչությամբ դիմել են ՀՀ նախագահի վերահսկողության բաժին: Հանրապետական հիվանդանոցի վարչատնտեսական գծով փոխտնօրեն Հրանտ Կարապետյանի պարզաբանմամբ, մասնաշենքը ժամանակին, խուլուհամրերի խորհրդի որոշմամբ, հանձնվել է առողջապահության նախարարության հաշվեկշիռ, իսկ Հանրապետական հիվանդանոցն արդեն սեփականաշնորհվել է: Ինչ վերաբերում է խուլուհամրերից բարձր վճար գանձելուն, պարոն Կարապետյանն ասաց, որ հիմնականում նրանք բուժվում են անվճար, բայց եւ չբացառեց, որ մասնավոր դեպքեր լինում են, երբ նրանցից գումար են վերցնում. «Ի՞նչ են անելու նրանք այդ շենքը: Մասնաշենքն այժմ վերականգնողական կենտրոն է, եւ նրանք էլ են օգտվում հիվանդանոցի ծառայություններից»: Խուլուհամրերը վերջերս էլ իմացել են, որ աճուրդի է հանված իրենց պատկանող մշակույթի օջախը: Մշակույթի տունը գտնվում է Արաբկիր համայնքի Վահրամ Փափազյան 23 հասցեում: Պարոն Վարագյանի խոսքերով, թեեւ այդ շենքը գտնվում է Արաբկիրի թաղապետարանի ենթակայության տակ, բայց պատկանում է խուլերին. «Մենք թերթի հայտարարությունից ենք իմացել, որ մեր մշակույթի տունը աճուրդի է հանվել: Ասում են՝ կառավարության որոշում կա: Այդ դեպքում գոնե տեղյակ պահեին: Պարզվում է՝ մեր մշակույթի օջախն արդեն մի քանի հոգու է վաճառվել. երբ ուզում էինք իմանալ, թե առաջին անգամ ո՞ւմ են վաճառել՝ չկարողացանք, քանի որ հնարավոր չեղավ այդ պատմության ծայրը գտնել»: Երեկ Արաբկիրի թաղապետարանից փորձեցինք ճշտել մշակույթի տան աճուրդի հետ կապված որոշ մանրամասներ: Թաղապետարանից հայտնեցին, որ այդ տարածքն իսկապես աճուրդով վաճառվել է. «1997 թվականի կառավարության թիվ 42 որոշմամբ այդ տարածքը տրվել է համայնքին՝ որպես սեփականություն, որի համար կատարվել է համապատասխան պետական գրանցում: Այդտեղ տարիներ շարունակ գործունեություն է իրականացրել ոչ թե իրենց մշակույթի տունը, այլ Արաբկիր համայնքի ավագանու որոշմամբ ստեղծված Մշակույթի կենտրոն ՓԲԸ-ն»:
Ըստ Ժ. Վարագյանի՝ «Հետո էլ ուզում են, որ Հայաստանում բնակվող հաշմանդամները ինտեգրվեն հասարակությանը: Այս փոքրիկ երկրում եթե 100 կուսակցություն իրար չի հասկանում, ո՞վ պետք է հասկանա հաշմանդամներին»: