Բժիշկները հավաստիացնում են, որ 4-5 ամիս ամուսնացած եւ չհղիացած հարսը դեռ չբեր չէ
Հայաստանում ամեն 4-րդ հայ կինը չբեր է: Եթե նախկինում ծնողները միջինը 3-4 երեխա էին ունենում, այսօր հազիվ կարողանում են մեկն ունենալ: Որպեսզի ազգը պահպանվի՝ 1 ընտանիքում գոնե միջինը 2-3 երեխա պետք է ծնվի, մինչդեռ մեր ազգը բազմանալու փոխարեն հետընթաց է ապրում: Այսպես են հավաստիացնում գինեկոլոգները:
«Խորհրդային տարիներին 18-44 տարեկան հայ կանանց միայն 18 տոկոսը կարող էր չբեր լինել, իսկ այսօր այդ ցուցանիշը կազմում է 25 տոկոս: Սա այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում չբերության վատ ցուցանիշը առավելագույնը 10-15 տոկոս է լինում»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց Շենգավիթ բժշկական կենտրոնին կից գործող Մարդու վերարտադրողականության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը: Ըստ նրա, մեր երկրում անպտղաբերությունն ազգային խնդիր է, ու պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ազգը բազմանա:
Հայաստանում չբերությունը բուժելը բավականին թանկ է: Արտերկրում, օրինակ՝ Ֆրանսիայում, ճիշտ է, բուժման 1 կուրսի արժեքը 10 հազար եվրո է, բայց ամբողջ ծախսն իր վրա է վերցնում պետությունը, որպեսզի բազմազավակությունը խթանվի: Այնտեղ պետպատվերով բուժվող հիվանդությունների ցանկում անպտղաբերությունն առաջին տեղերում է: Իսկ մեր երկրում այդ հիվանդության համար պետպատվերով բուժում սահմանված չէ:
Ըստ բժշկի, Հայաստանում չբերությունը տարածված է հավասարապես թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում: Եթե նախկինում գյուղերում չբերության դեմ միակ «փրկությունը» համարում էին ավանդական «յախուն», հիմա արդեն այնտեղ էլ են գիտակցում, որ հղիանալու համար լուրջ բուժում է պետք եւ չի կարելի փորձարկումներ անել ու ինքնաբուժությամբ զբաղվել:
Թե ինչն է պատճառը, որ մեր երկրում չբերության ցուցանիշներն այդքան մտահոգիչ են՝ բժիշկները հիմնականում պայմանավորում են մութ ու ցուրտ տարիներին կանանց ապրած սթրեսով. «Երբ ընտանիքը ֆինանսապես ապահով չէ, ինչ-ինչ խնդիրներ ունի, լավ չեն սնվում, անընդհատ նյարդայնանում են՝ դա անդրադառնում է զույգի, հատկապես՝ կանանց օրգանիզմի վրա»: Պարզվում է՝ շատ հայկական ընտանիքներում սկեսուրներն են պատճառ դառնում, որպեսզի հարսը չհղիանա: Պարոն Համբարձումյանի պատմելով՝ «Հաճախ լինում են դեպքեր, երբ կինը դեռ 4-5 ամիս է, ինչ ամուսնացած է, եւ սկեսուրը հարսին բերում է մեզ մոտ ու դժգոհում, թե հարսը չբեր է: Դա չբերություն է՝ սկեսուրի պատճառով, որովհետեւ կինն այդ դեպքում այնքան անհանգիստ ու նյարդային է լինում, այնքան են նրան շտապեցնում հղիանալ, որ դա խանգարում է բեղմնավորմանը»: Բժիշկները նկատել են, որ շատ հաճախ, երբ անպտղաբերության համար կինը իրենց է դիմում, կա՛մ գալիս է մենակ, կա՛մ նրան, չգիտես ինչու, ուղեկցում է ոչ թե ամուսինը, այլ՝ սկեսուրը: Էդ. Համբարձումյանի խոսքերով՝ «Ես անպայման խորհուրդ եմ տալիս, որ ամուսիններով բժշկի դիմեն, որովհետեւ կնոջը ոչ թե սկեսուրը պետք է օգնի հղիանալու, այլ՝ իր կողակիցը: Երբ սկեսուրն է հարսին բերում, ես խորհուրդ եմ տալիս նախեւառաջ սկեսուրին բուժել, նոր անցնել հարսին»:
Մարդու վերարտադրողականության կենտրոն հաճախ այցելում են նաեւ ընդամենը 3-4 ամսվա ամուսնացած զույգեր. «Նրանք գալիս են ու պնդում, թե՝ լուրջ պրոբլեմ ունենք, չենք հղիանում, տղամարդը բողոքում է, թե կինս չբեր է, մինչդեռ հղիանալու համար նորմալ ժամկետը 1 տարին է, պետք է համբերեն ու սպասեն. եթե 1 տարվա ընթացքում չհաջողվեց հղիանալ՝ դարձյալ դա չի նշանակում, թե պրոբլեմ կա, հնարավոր է 2-րդ տարվա ընթացքում լինի: Ամեն 100 զույգից 1 ամսվա ընթացքում 20-ն են հղիանում»:
Չնայած վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայ կանանց եւ տղամարդկանց 40 տոկոսը չբեր է եւ անպտղաբերությունը մեր երկրում աճում է, Առողջության պահպանման եւ ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժնի ղեկավար Գեորգի Պողոսյանը համամիտ չէ այդ ցուցանիշի հետ: Ըստ նրա, մեր երկրում ոչ թե չբերությունն է շատացել, այլ չհղիանալու պատճառներն են փոխվել. «Եթե առաջ հիմնականում սեռավարակների պատճառով կանայք երեխա չէին ունենում, հիմա սթրեսներն են շատ ազդում հղիանալու վրա»: