Լրահոս
Օրվա լրահոսը

Իրեն չսատարողներից վրեժ է լուծում

Ապրիլ 09,2007 00:00

\"\"Արմավիրի քաղաքապետը ԲՀԿ-ականներին «ճնշում» է

Մեր տեղեկություններով՝ Արմավիրի վերընտրված քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը օրերս Արմավիրի մթերքի շուկայից վռնդել է մոտ 30 առեւտրականների՝ միայն այն բանի համար, որ նրանք քաղաքապետի վերջին ընտրություններում պաշտպանել են մյուս թեկնածուին՝ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Արայիկ Աղաբաբյանին: Ներկայումս այդ առեւտրականները զրկվել են իրենց ապրուստի միակ միջոցից:

Հիշեցնենք, որ Արմավիրի քաղաքապետի ընտրությունները տեղի ունեցան մարտի 25-ին: Քանի որ այդ ընտրություններում հաղթեց Ռ. Խլղաթյանը, Աղաբաբյանի կողմնակիցների եւ Խլղաթյանին աջակցողների միջեւ լուրջ խնդիրներ եղան: Նույնիսկ այն աստիճան, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում, որտեղ քննվում էր Արայիկ Աղաբաբյանի հայցը՝ ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ, Խլղաթյանի եղբորորդին քիչ էր մնում ծեծեր իր հորեղբոր հակառակորդներին:

Մեր աղբյուրների տեղեկատվությամբ՝ Ռուբեն Խլղաթյանն Արմավիր քաղաքում մի շարք օբյեկտներ ունի: Նրան են պատկանում այդ քաղաքի սուպերմարքեթներից մի քանիսը, ինչպես նաեւ՝ քաղաքի կենտրոնում տեղակայված մթերքի շուկան, որտեղից էլ քաղաքապետը վռնդել է Աղաբաբյանին սատարող առեւտրականներին:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում Արայիկ Աղաբաբյանը հայտնեց, որ ինքը տեղյակ է, թե ինչպես է ընտրված քաղաքապետն իր կողմնակիցներից վրեժ լուծում՝ նրանց զրկելով անգամ օրվա հացից: Մեր հարցին, թե չե՞ք պատրաստվում միջամտել կամ որեւէ կերպ օգնել տուժած առեւտրականներին՝ պարոն Աղաբաբյանը պատասխանեց. «Ես փորձել եմ խառնվել՝ ոչինչ չի ստացվել, ի՞նչ կարող եմ անել, թող այդ առեւտրականները գան ինձ մոտ, ինչով կարող եմ՝ կօգնեմ: Ես առհասարակ ամբողջ ազգաբնակչությանն եմ առաջարկում, որ եթե ինչ-որ խնդիր ունեն, թող դիմեն ինձ»:

Երեկ ամբողջ օրվա ընթացքում Ռուբեն Խլղաթյանից չհաջողվեց պարզաբանումներ ստանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել