Օրենքը աղքատ եւ հարուստ վարորդների միջեւ խտրականություն է դնում
Մարտի 24-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը», որով նախատեսվում են առավել խստացված վարչական տույժեր ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար։ Դեռ մեկ ամիս էլ չկա, որ նոր օրենքը գործում է, սակայն բազմաթիվ վարորդներ օրենքի անկատար լինելու պատճառով տուժում են: Նրանք «Առավոտի» հետ զրույցում մի շարք դժգոհություններ հայտնեցին: Ըստ վարորդների, նոր օրենքով՝ ճանապարհատրանսպորտային միջոցների կողմից թույլ տրված խախտումների համար նախատեսված տուգանքները «աստղաբաշխական» չափերի են հասնում, մինչդեռ մեր երկրում բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի վարորդները, ուզեն թե չուզեն՝ օրենքը խախտեն: Օրինակ, անգամ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներն այնքան քարուքանդ են, որ վարորդները չեն կարող շարքերով երթեւեկել: Վերջիններս ստիպված են փոսը կամ բաց դիտահորը չընկնելու համար խախտում անել: Այս դեպքում օրենքը տույժ է նախատեսում 3 հազար դրամ, կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնողների (միկրոավտոբուսներ) համար էլ՝ 10 հազար դրամ:
Մգեցված եւ վարագուրապատ ապակիներով մեքենաներ վարելու դեպքում, եթե դրանք գործարանային արտադրության չեն, վարորդները կտուգանվեն 50 հազար դրամ: Ստացվում է, որ օրենքով այս սահմանափակումը խտրականություն է դնում վարորդների միջեւ: Եթե վարորդը միջին եկամուտներ ունի եւ նրա հնարավորությունները ներում են միայն «Ժիգուլի», «Մոսկվիչ» կամ «ՎԱԶ-24-10» ավտոմեքենաներ գնելու, որոնք «ի ծնե» բաց գույնի ապակիներով են, փաստորեն, այդ վարորդը դատապարտված է արեւահարվելու: Իսկ նրանց, ում միջոցները ներում են «Բրաբուս», «Համմեր», «Մերսեդես», «Լեքսուս», «Ինֆինիտի» մակնիշների մեքենաներ վարելու, այդ վարորդների «քեֆին» ոչ ոք չի կարող դիպչել, քանի որ նրանց մգեցված ապակիներով մեքենաները գործարանային արտադրության են: Մասնագետների խոսքերով, այս նոր օրենքով ավտոմեքենայի տեխզննությունը վարորդների վրա բավականին թանկ կնստի, քանի որ ծառայությունը պետականից՝ պետավտոտեսչությունից անցել է մասնավորին: Բացի պետականորեն հաստատագրված վճարումներից, վարորդները պետք է մուծեն նաեւ մասնավորի ծառայության վճարը: Ընդ որում, տեխզննման սարքավորումները մասնավոր ընկերությունները պետք է ներկրեն արտերկրից, մասնագետների հավաստմամբ՝ դրանք բավականին թանկ արժեն, հետեւաբար տեխզննության ծառայություն տրամադրելու համար գները զգալի բարձր կլինեն: Ըստ օրենքի, տեխզննություն չանցած մեքենայի վարորդը կտուգանվի 50 հազար դրամ: Ի դեպ, օրենքը որեւէ սոցիալական խմբի համար զեղչեր չի նախատեսում: Թոշակառուն պետք է երկու-երեք ամիս չուտի-չխմի, որպեսզի իր ավտոմեքենան տանի տեխզննության: Պետավտոտեսչությունը զգալի տուգանք է նախատեսել նաեւ տեխզննում իրականացնող այն մասնավոր ընկերությունների համար, որոնք չափանիշներին համապատասխան տեխզննում չեն իրականացնի, բայց կտրոն կտան: Այդ դեպքում մասնավորը, որը տրամադրել է կտրոնը, կտուգանվի 500 հազար դրամ: Ողջունելի է, որ տեխզննում իրականացնող մարմնի համար էլ է տուգանքներ նախատեսվում, սակայն այս դեպքում՝ Հայաստանում չափանիշներին համապատասխան տեխզննում կանցնի շահագործվող տրանսպորտային միջոցների ընդամենը 20%-ը, քանի որ, ոլորտի մասնագետների պնդմամբ, մնացած 80%-ը վերասարքավորված է, այսինքն՝ կահավորված է գազաբալոնային սնման համակարգով, մարդատար մեքենաները միաժամանակ հարմարեցված են գյուղատնտեսական ապրանքներ եւ ուղեւոր փոխադրելու համար եւ այլն: Այս դեպքում դժվար թե որեւէ մասնավոր ընկերություն շահագրգռված լինի հսկայական գումարներ ծախսել, սարքավորումներ ներդնել, սակայն եկամուտ չունենալ:
Նշենք, որ այս տարվա նոյեմբերից տրանսպորտային միջոցների տեխզննումը պետավտոտեսչության համակարգից անցել է մասնավոր կազմակերպություններին, սակայն մինչ օրս այդ մարմինը գոյություն չունի: Նրանց՝ աշխատելու լիցենզիան մրցութային կարգով պետք է տրամադրի տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Երեկ նախարարությունից հետաքրքրվեցինք, թե քանի ընկերություն է ցանկություն հայտնել նման ծառայություն մատուցելու: Պարզվեց՝ դեռեւս ոչ մի: Նախարարության ներկայացուցիչ Կառլեն Սահակյանը հայտնեց, որ առայժմ մրցույթ հայտարարված է այն ընկերությունների համար, որոնք տեխզննման սարքավորումներ կբերեն, որից հետո մրցույթ կհայտարարվի նրանց համար, ովքեր կմատուցեն տեխզննման ծառայությունը: Ըստ Կ. Սահակյանի, դաշտում ընդհանուր առմամբ կգործի 20 մասնավոր ընկերություն: