Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության աջակցմանն ուղղված ծրագրերի եւ դիվանագիտական քայլերի վերաբերյալ տարեկան զեկույցը: Փաստաթղթում, մասնավորապես, Միացյալ Նահանգները եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շարունակականությունը կախված է առաջիկա խորհրդարանական ու նախագահական ընտրություններից, ինչպես նաեւ՝ արդարացի կառավարման ոլորտում արձանագրելիք հաջողություններից:
«Ծրագիրը շարունակվում է՝ չնայած այս տարի ժողովրդավարական կառավարման ոլորտում երկրի արձանագրած նահանջին: Այդուամենայնիվ, Միացյալ Նահանգների պաշտոնյաները զգուշացրել են Հայաստանի կառավարությանը, որ հնգամյա ծրագրի ֆինանսավորման շարունակականությունը կախված է այս ոլորտի առաջընթացից»,- փաստում է զեկույցը: «2005թ. սահմանադրական հանրաքվեն եւ 2003 թ. ԱԺ ու նախագահական ընտրությունները անցան խախտումներով եւ չհամապատասխանեցին միջազգային չափանիշներին: Կառավարության կողմից մարդու իրավունքների պաշտպանության աստիճանը մնում է ցածր, կարեւոր խնդիրները՝ չլուծված: Քաղաքացիները հնարավորություն չունեն ազատորեն փոխել իրենց իշխանություններին, պաշտոնյաները ծեծի են ենթարկում նախաքննության մեջ գտնվող կալանավորներին, Ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը գործում են անպատիժ, իրականացվում են կամայական ձերբակալություններ: Կալանավայրերում, թեեւ կան դանդաղ ընթացող բարեփոխումներ, այդուամենայնիվ, նեղվածք է: Իշխանությունները սահմանափակում են քաղաքացիների ազատությունը, լրատվամիջոցների անկախությունը ու հանրահավաքներ անցկացնելու իրավունքը»:
«Արդարադատության համակարգը, որ սահմանադրական բարեփոխումներից հետո որոշակի անկախություն է ստացել, դեռեւս ենթարկվում է քաղաքական ճնշումների եւ կոռուպցիայի: Կառավարությունն ու օրենքները սահմանափակում են կրոնական ազատությունը»,- փաստում է Պետդեպարտամենտի՝ երեկ հրապարակված զեկույցը: