Այս անգամ ընդդիմադիրները «խմբվել էին» հիմնականում «Փաստարկ» ակումբում
Դեմոկրատները կոչ են անում
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը երեկ «Փաստարկ» ակումբում ներկայացրեց դիմում, որն ուղղված է Եվրոպայի խորհրդի, ԱՊՀ եւ միջազգային ու տեղական կառույցների կողմից հայաստանյան խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնողներին: Դիմումի մեջ ասվում է. «Ձեզ առաջարկում ենք հնարավորության սահմաններում իրականացնել հետեւյալ միջոցառումները. մայիսի 12-ին տեղամասերի բացումից մինչեւ արդյունքների վերջնական ամփոփում արձանագրությունների կազմումը դիտորդների հիմնական մասը մշտապես գտնվի բոլոր 41 ընտրատարածքներից ձեր հայեցողությամբ ընտրված 10-12 ընտրատեղամասերում: Մենք գտնում ենք, որ ստացված արդյունքների համադրումը ինչպես հարեւան դիտորդների մշտական հսկողությունից դուրս մնացած ընտրատեղամասերի, այնպես էլ ԿԸՀ-ի կողմից հայտարարված արդյունքների հետ հնարավորություն կտա ստանալու ընտրությունների հնարավորինս իրական պատկերը: Հաշվի առնելով, որ դիտորդների ընդհանուր թիվը հասնում է 50-ի, նրանց գործողությունները համակարգելու դեպքում հնարավոր կլինի առաջարկված ձեւով դիտորդական առաքելություն իրականացնել շուրջ 2000 ընտրատեղամասերի առնվազն 1/4-ում, դրա հետ մեկտեղ դիտորդների շրջող խմբերը կիրականացնեն իրենց սովորական առաքելությունը: Համոզված ենք, որ առաջարկության իրականացումը մեծապես կզսպի ծառայամիտներին եւ ամեն տեսակի խարդախներին՝ ընտրությունները կեղծելու գայթակղությունից»: Արամ Սարգսյանը վստահ է, որ իրենց այս կոչին կարձագանքեն շատերը:
Վիկտոր Դալլաքյանը գիրք է գրել
«Փաստարկի» հաջորդ հյուրը ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էր, եւ դատարկ ձեռքով չէր եկել. նա լրագրողներին ներկայացրեց եւ բաժանեց իր գիրքը՝ «Մեր ապագայի բանալիները», եւ ասաց, որ դրանում ինքը փորձել է ներկայացնել, թե Հայաստանին սպասվող մարտահրավերին ինչ քայլերով կարելի է դիմակայել:
Նա նաեւ հայտարարեց, որ եթե «Բարգավաճ Հայաստանը» ընտրություններում հանդես գա որպես լուրջ եւ ինքնուրույն քաղաքական ուժ, կարող է ծանրակշիռ ներկայություն ունենալ խորհրդարանում:
«Ա1+»-ի հարցին, թե ինքը ԲՀԿ-ին ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ քաղաքական ուժ է համարում, պարոն Դալլաքյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն նոր ձեւավորված քաղաքական ուժ է եւ երբեք չի մասնակցել ընտրություններին, եւ միայն ընտրություններից հետո պարզ կլինի` նա ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ ուժ է»: Նա չի ընդունում, որ ԲՀԿ նախագահը մասնակցել է իշխանությունների օգտին ընտրությունները կեղծելու գործընթացին, սակայն լրագրողի հիշեցումից հետո դատապարտեց ապրիլի 5-ին լրագրողների եւ ժողովրդի դեմ նրա թիկնապահների կատարած գործողությունները, նաեւ ապրիլի 12-ի իրադարձությունները ու նկատեց, որ ինքը միշտ դատապարտել է այդ դեպքերը, անգամ ԱԺ ամբիոնից:
Ի դեպ, ՀԺԿ-ն երեկ հայտարարել է, որ թիվ 30 ընտրատարածքում սատարելու է Վիկտոր Դալլաքյանի, իսկ թիվ 5-ում՝ ՀԱԱՀ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունները: Մեր տեղեկություններով, առաջիկայում վերջիններիս սատարելու մասին հայտարարություններ են անելու նաեւ այլ ընդդիմադիր կուսակցություններ: