Հարցնում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը
– Պարոն Խաչատրյան, դուք հայտարարել էիք, որ քարոզարշավի սկսելուն պես արձակուրդ եք վերցնելու եւ զբաղվելու եք թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Սաշիկ Սարգսյանի քարոզչությամբ: Երկուշաբթի օրվանից քարոզարշավը պաշտոնապես սկսվելու է, դուք արձակո՞ւրդ եք ձեւակերպել:
– Չէ, նրա համար աշխատելու է իր շտաբի պետը՝ Մաքսիմ Հակոբյանը:
– Այսինքն՝ դուք քարոզով չե՞ք զբաղվելու:
– Ես ինչո՞ւ պետք է քարոզով զբաղվեմ, ես իմ գործն եմ անում:
– Իսկ ձեր համերկրացիներին չե՞ք փորձելու համոզել:
– Համոզելու խնդիր չկա, բոլորն էլ համոզված են, ո՞ւմ պետք է համոզեմ, սյունեցի ժողովուրդ են, ինքն էլ սյունեցի մարդ է:
– Իսկ մյուս թեկնածուի՝ Սամվել Հարությունյանի մասին ի՞նչ կարծիքի եք:
– Ժողովուրդն է որոշում, մի մասը իր ձայնը Սամվելին կտա, մի մասը՝ Սարգսյան Սաշիկին կտա, ընտրություն է, էլի, առաջին անգա՞մ եք ընտրություն տեսնում:
– Բայց դուք հայտնի եք որպես ընտրությունների ակտիվ մասնակից, այն իմաստով, որ ժողովրդին ուղղորդում եք, այս անգամ պասի՞վ եք լինելու:
– Էդ ինչո՞ւ պետք է պասիվ լինեմ: Ես ակտիվ էլ մասնակցություն եմ ունենալու:
– Հանրապետականները, ձեր կարծիքով, ձեր մարզից որքա՞ն ձայն կստանան:
– Դե, դա ժողովուրդն է որոշելու, ես հո բախտագուշակ չեմ, որ որոշեմ, թե մի ամիս հետո ինչքան ձայն է տալու ժողովուրդը, օրը կգա, ձայները կհաշվեն, էն ժամանակ կզանգես, կասեմ՝ քանի ձայն են տվել Հանրապետականին:
– Դուք ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը, ձեր կարծիքով՝ ինքը ինչպիսի՞ վարչապետ կլինի:
– Շատ ուժեղ վարչապետ կլինի, մինչեւ էսօր էլ օգնում էր, չէ՞ր երեւում, որ ինքը մինչեւ էսօր էլ օգնում էր լուսահոգի Անդրանիկ Մարգարյանին, էսօր էլ ինքը էդ գործը շարունակում է, չե՞ք տեսնում, որ շատ լավ է լինելու:
– Ձեր կարծիքով, ինչո՞ւ մահափորձ կատարեցին Գյումրիի քաղաքապետի դեմ:
– Ես չեմ կարող գնահատականներ տալ, իրավապահները դրա գնահատականները կտան, կարծում եմ՝ իրավապահները էսօր այդ հարցով շատ լուրջ զբաղվում են, նաեւ հանրապետության նախագահի կողմից լուրջ հրահանգ կա, որ իրավապահները այդ գործը բացահայտեն եւ գնահատական տան. ես ի՞նչ կարող եմ ասել, արարքը դատապարտելի է, արարքը խուլիգանություն է:
– Խորհրդարանական ընտրությունների քարոզչության շրջանակներում, հավանաբար, Սյունիքի մարզ կգան նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժեր, գործիչներ:
– Բոլորին էլ սիրով կընդունենք, մենք խնդիր չունենք:
– Այնպես, ինչպես «ընդունեցիք» Վազգեն Մանուկյանի՞ն:
– Վազգեն Մանուկյանի դեպք չի եղել, այդպիսի բան չի եղել, դա հորինված էր: Վազգեն Մանուկյանը հորինել է, եւ այն, ինչ ինքը ասել է, բացարձակ սուտ է ասել, կեղծիք է ասել: Իրեն հյուրանոցում ընդունել են ձրի, հյուրանոցի վճարն էլ չեն վերցրել, ամենաբարձր մակարդակով կերակրել են, կերցրել-խմցրել են, ինքը որ ասում է, թե պայմանավորված է եղել, որ իրեն պետք է հանդիպման տեղ տային, լրիվ սուտ է, կեղծիք, նման պայմանավորվածություն ինքը չի ունեցել:
– Հիմա զանգահարենք Վազգեն Մանուկյանին՝ նա էլ հակառակն է ասելու:
– Ինչի՞ ես Վազգեն Մանուկյանին զանգահարում, զանգահարիր նրան, ում հետ ինքը ասում է, որ իբր պայմանավորված է եղել, զանգահարի այդ մարդկանց, թող իրենք ասեն՝ պայմանավորվա՞ծ է եղել, թե՞ ոչ, զանգահարիր երաժշտական ուսումնարան, զանգահարիր հյուրանոց եւ կտեսնես, որ Վազգեն Մանուկյանը ոչ մի պայմանավորվածություն չի ունեցել, սուտ է խոսում:
– Իսկ ընդդիմության հանրահավաքներին դուք չե՞ք խոչընդոտելու:
– Ինչո՞ւ խոչընդոտենք, հրապարակ է՝ կտրամադրենք, անձրեւ լինի՝ դահլիճ կտրամադրենք, եթե չէ՝ «զոնտիկներ» կապահովենք:
– Ձեր կարծիքով, ինչո՞ւ Սամվել Բաբայանը վերջին պահին հրաժարվեց ընտրություններին մասնակցել թիվ 37 ընտրատարածքում:
– Իրենից հարցրեք, ես ի՞նչ իմանամ, ինչո՞ւ էր դրել՝ ինքը գիտի, ինչո՞ւ հանեց՝ էլի ինքը գիտի, ես ի՞նչ իմանամ, հո նա ինձ հետ չի խորհրդակցել դնելուց-հանելուց:
– «Բարգավաճ Հայաստանը» դուք համարո՞ւմ եք Հանրապետականի մրցակից:
– Դա երեւալու է մայիսի 12-ին, ես քեզ խոստացա, չէ՞, որ առաջինը քեզ կզանգեմ եւ կասեմ, թե որ կուսակցությունը ինչքան ձայն է հավաքել Սյունիքում: Ժողովուրդը պետք է որոշի, ես չեմ ուզում ժողովրդի անունից հանդես գալ:
– Դուք ասում եք՝ ժողովուրդը կորոշի, բայց, կներեք, դուք հայտնի եք մարզում որպես ընտրակեղծիքներ կատարող:
– Ես ընտրակեղծիքներ կատարող չեմ (այս մասում մի քանի կոպիտ խոսքեր հնչեցին չափը ճանաչելու մասին- Մ. Ե.), ես երեք անգամ մեծամասնականով պատգամավոր եմ ընտրվել, երբեք մեկ բողոք անգամ չի եղել, քաղաքապետ եմ ընտրվել, գործկոմի նախագահ, երբեք ոչ մի կեղծիք չի եղել:
– Մեր թերթում տեղեկություն կար, որ ձեր եղբայր Աղալարը խանութում փորձում էր աղջիկ բռնաբարել…
– Բայց դա սրիկայություն է, ինչո՞ւ եք նման բան տպագրում, ընդհանրապես նման բան չի եղել, ինչո՞ւ եք տպագրել:
– Եթե չի եղել, ինչո՞ւ դուք չհերքեցիք:
– Բա չե՞ք ամաչում էդ ստերը տպագրելով, լավ, ինչի՞ եք ուզում մարդկանց մարդասպան սարքել, ամոթ է, չէ՞, մի փոքր երկրում ապրում ենք, ոչ չափ եք ճանաչում, ոչ բան, գոնե ճշտեցեք, ուսումնասիրեցեք, ամեն մի այլանդակ կարող է զանգել մի կեղծ ինֆորմացիա տալ, հո մարդկանց չե՞ք վարկաբեկելու: Այդքան խիղճներդ կորցրած, նամուսներդ կորցրած, կարելի՞ է մարդկանց էդքան վարկաբեկել սուտ տեղը: Ի՞նչ ասեմ, երբ մարդը չի հասկանում, որ չի կարելի էդքան շառ անել մարդու վրա: Ամեն մեկդ մի խցում նստած՝ մարդկանց գնահատականներ եք տալիս ու մարդկանց վարկաբեկում եք առանց իմանալու: Էդ դեպքը հորինել եք ձեզանից, այդպիսի դեպք չի եղել, դրա նման դեպք չի եղել, նույն Վազգեն Մանուկյանի կեղծարարությունը, որ տպեցիք թերթերում՝ էսօր դրա շարունակությունը դա է:
Աղալար Խաչատրյանից տուժած աղջկա տվյալները «Առավոտի» խմբագրությունում են։ Հիշեցնենք նաեւ, որ մարզպետի մյուս եղբայրը՝ Էյներ Խաչատրյանը, դատապարտվել է թմրամոլության համար, իսկ Էյներ եւ Աղալար Խաչատրյանների որդիները` իրենց ուսով դիպչելու համար, առանձնակի դաժանությամբ (ծեծելով եւ դանակահարելով) մարդ են սպանել։ Սրանք բամբասանքներ չեն, այլ մեջբերումներ դատավճիռներից: