Ասում է «Բարգավաճ Հայաստանի» ցուցակում 23-րդ տեղը զբաղեցնող, «Ա1+»-ը փակած ՀՌԱՀ փոխնախագահ Շամիրամ Աղաբեկյանը:
– Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել քաղաքական գործունեությամբ եւ հայտնվել «Բարգավաճ Հայաստանի» ցուցակում:
– Քաղաքական գործունեությունը երբեք ինձանից շատ հեռու չի եղել, գիտեք, որ լրագրող եմ ու մեկնաբան եւ որպես լրագրող՝ միշտ եղել եմ քաղաքական բոլոր անցուդարձերի կիզակետում, եւ գիտեք, որ երկար ժամանակ եղել եմ Ռամկավար-ազատական կուսակցության մեջ, վարչության անդամ, անգամ նախընտրական ցուցակում եղել եմ երրորդը եւ հետո աշխատելով հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում որպես նախագահի տեղակալ՝ չէի կարող կուսակցական պաշտոն զբաղեցնել: Հետո ձեզ քաջ հայտնի է, թե ինչ եղավ Ռամկավար-ազատական կուսակցության հետ, եւ ես, որպես հակահեղափոխական, երբեք կողմնակից չեմ հեղափոխության, եւ այդ պատճառով էլ չէի կարող մնալ այդ կուսակցությունում:
– Ձեր անունը անմիջականորեն կապվում է հեռուստաընկերության եւ ռադիոյի հանձնաժողովի հետ, եւ դուք էիք, որ բոլոր հանձնաժողովականների հետ փակեցիք «Ա1+»-ը, այդ հեռուստաընկերության կողմից մրցույթին ներկայացրած ծրագրերը դուք շարունակ «թույլիկ» էիք որակում, եւ հիմա, երբ այլեւս չունենք իրոք անկախ հեռուստաընկերություն, մնացել են միայն «պատասխանատուները», դուք ձեզ մեղավոր չե՞ք զգում եւ խղճի խայթ չե՞ք զգում «Ա1+»-ը փակելու համար:
– Բացարձակապես, որովհետեւ ես իմ գնահատականների տերն եմ, խորը համոզմունք ունեմ, որ կամ թյուրիմացաբար, կամ գիտակցաբար «Ա1+»-ը, ավելի ճիշտ՝ ոչ թե «Ա1+»-ը, այլ «Մելտեքս» ՍՊԸ-ն սյուրպրիզներ էր մատուցում, հակված եմ անգամ կարծելու, որ միտումնավոր էր ուզում դրանք մատուցել. գուցե իրեն քաղաքական աղմուկը շատ ավելի՞ էր պետք, քան եթերը, որովհետեւ այն ծրագրերը, ինչ ինքն էր ներկայացնում, համոզված եղեք, թույլ ծրագրեր էին, եւ ես հիմքեր ունեմ դրանք «թույլիկ» կոչելու։ Կյանքում որեւէ բան չեմ արել կոնյունկտուրային տրամադրություններից ելնելով, շատ լուրջ հիմքեր ունեի այդ գնահատականները դնելու եւ միշտ զարմանում էի, թե ինչո՞ւ էր ինքը նման նախադեպեր ստեղծում, որ գար եւ այդպիսի ծրագիր ներկայացներ: Կարծում եմ, դա հատուկ էր արվում:
– Սակայն այսօր հասարակությունը զրկված է «Ա1+»-ի կարգի հեռուստատեսությունից, եւ փաստորեն գրեթե չկա օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդող հեռուստաընկերություն:
– Ես խորն եմ մոտենում այս հարցին եւ պատկերացնում եմ մեր հեռուստառադիոյի դաշտը որպես ձեւավորվող դաշտ՝ ճիշտ այնպես, ինչպես եւ քաղաքական դաշտը, որը եւս ձեւավորման փուլում է գտնվում: Ես չեմ համարում, որ մեր հեռուստաընկերությունները պետականամետ կամ, ինչպես դուք եք ասում՝ «պատասխանատու» են, այդպես չէ, ուղղակի գուցե հիմա իրենց մոտ բիզնեսի հարցերն են առաջնային, իսկ եթե իշխանությունները բիզնեսին չեն խոչընդոտում, ապա նրանք ցանկանում են, որ տվյալ իշխանությունը պահպանվի, եւ եթե այդպիսի քաղաքականություն են տանում՝ իրենց բիզնեսի շահերից ելնելով, ես այլ դրդապատճառներ չեմ տեսնում այն սուբյեկտիվության, որը դուք եք նկատում նրանց գործունեության մեջ: Ես դա վերագրում եմ տնտեսական դաշտի կայացմանը եւ կարծում եմ, որ դա ժամանակավոր պրոցես է եւ կվերանա այդ ինքնագրաքննությունը, որ կա իրենց մեջ: Եվ, ընդհանրապես, անկախ կամ կախյալ հեռուստառադիո կամ մամուլ ես չեմ ճանաչում, որովհետեւ ես չեմ պատկերացնում, թե որն է անկախը: Ո՞րն է անկախը, եթե թղթակիցը կախված է խմբագրի կուրսից, նա պիտի հետեւի այդ կուրսին, հակառակ դեպքում՝ կթողնի այդ գործը եւ կգնա, իսկ խմբագիրն էլ նայում է, թե հիմնադիրը ինչ կուրս է վարում, հիմնադիրն էլ նայում է, թե իշխանությունները ինչ քաղաքականություն են վարում, ինչքանով է իրենց ձեռնտու հետեւել այդ քաղաքականությանը, այնպես որ՝ այդ անկախ «Ա1+» ասելը ես չեմ ընդունում:
– Սակայն միջազգային բոլոր կառույցները շարունակ պահանջում են, որ բացվի «Ա1+»-ը, նույնիսկ Եվրոպայի խորհուրդը պարտավորությունների մեջ է գրել, բայց այդպես էլ չի բացվում, ինչո՞ւ:
– Միշտ ասում եմ՝ եթե «Ա1+»-ը չլիներ, ինչի՞ մասին պետք է խոսեին. չի կարելի ասել, որ Հայաստանի ԶԼՄ-ների դաշտի մի կողմը իդեալական է, որովհետեւ դա այդպես չէ, բայց մյուս կողմից էլ չունեն որեւէ օրինակ, որին մատնացույց անեն, եւ «Ա1+»-ը դարձել է շատ լավ օրինակ: