Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարոնի» հաշվետվությունը

Ապրիլ 06,2007 00:00

\"\"Ապրիլի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Տարոն» մանկական գուսանական երգչախմբի հիմնադրման 10 եւ կոլեկտիվի գեղարվեստական ղեկավար, երգիչ Գեւորգ Չաքմանյանի բեմական գործունեության 20-ամյակներին նվիրված համերգ:

Գեւորգ Չաքմանյանն ու «Տարոն» անսամբլի պրոդյուսեր Վահրամ Քոչարյանը «Առավոտին» տեղեկացրին, որ համերգը նախաձեռնել է Հայաստանի պետֆիլհարմոնիան՝ ի դեմս նորանշանակ տնօրեն Գագիկ Մանասյանի: Երեկոյին իրենց մասնակցությունը կբերեն Ռուբեն Մաթեւոսյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռաիսա Մկրտչյանը, Վլադիմիր Աբաջյանը, Վանուշ Խանամիրյանը, Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների, «Արեւիկ» եւ պարի պետական անսամբլները, Էմմա Պետրոսյանը, Արամոն եւ այլք:

Հիշեցնենք, որ «Տարոն» մանկական գուսանական երգչախումբը ստեղծվել է 1997-ին, Էջմիածին քաղաքում՝ Գեւորգ Չաքմանյանի նախաձեռնությամբ եւ Վահրամ Քոչարյանի ղեկավարությամբ: Այն վերջինիս ղեկավարած «Գավ» մշակութային-սպորտային բարեգործական կազմակերպության կազմում է: Ներկայացնելով երգչախմբի 10-ամյա գործունեությունը, Գ. Չաքմանյանը նշեց. «Այս տարիների ընթացքում հասել ենք մեծ հաջողությունների: Օրինակ, 2004թ. Գերմանիայի Բրեմեն քաղաքում կայացած Երրորդ համաշխարհային երգչախմբային օլիմպիադայում, որին մասնակցում էր 84 երկիր՝ 18000 մասնակցով, մեր երգչախումբն արժանացավ բրոնզե մեդալի, իսկ 2005-ին Իտալիայի Վենետիկ, Ռավենա, Ռիմինի քաղաքներում կայացած Առաջին երգչախմբային միջազգային փառատոնում՝ հատուկ մրցանակի: Հյուրախաղերով հանդես ենք եկել Սիրիայում, ՌԴ-ում, իսկ Անկախության 15-ամյակի կապակցությամբ, իսպանահայերի հրավերով՝ նաեւ Բարսելոնում»: Մեր զրուցակիցը հայտնեց, որ «Տարոնի» խորհրդատուն իր ուսուցիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանն է, ով ամիսը 3 անգամ այցելում է կոլեկտիվին: Հաճախ նրան է միանում նաեւ Օֆելյա Համբարձումյանը: Գ. Չաքմանյանը տեղեկացրեց, որ ներկայումս անսամբլում շուրջ 50 անդամ կա, ամենակրտսերը 5 տարեկան է, ավագներն արդեն Երեւանի պետկոնսերվատորիայի եւ ջազային-էստրադային քոլեջի ուսանողներ են:

«Տարոնի» գեղարվեստական ղեկավարը նաե ւ հայտնեց, որ ապրիլի 20-ին կայանալիք համերգին ինքը հանդես կգա Մշո, Սասնա երգերով, որոնցից շատերը տեղ են գտել իր նոր՝ «Կանչե, կռունկ» CD-ում, իսկ անսամբլը՝ ոչ միայն ժողովրդական ու գուսանական երգերով, այլեւ Սայաթ-Նովայի, գուսան Շերամի, գուսան Աշոտի եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններով: «Ընդհանրապես մեր բոլոր հաջողությունների ու մեդալների համար պարտական ենք մեկ մարդու՝ Ալբերտ Սախկալյանին, եթե նա չաջակցեր, չէինք կարողանա ոչ միայն արտերկրում, այլեւ անգամ Հայաստանում պրոպագանդել ժողովրդական-ազգային երգարվեստը: Օրինակ, Բրեմեն մեկնեցինք հենց նրա շնորհիվ: Ու երբ մեր երեխաները 10 հոգանոց պրոֆեսիոնալ ժյուրիի առաջ Սայաթ-Նովա երգեցին, ժյուրին երկար ժամանակ «բրավո» էր բացականչում»,- ասաց Գ. Չաքմանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել