Ծնունդով սպիտակցի, մանկությունն ու պատանեկությունը մայրաքաղաքում անցկացրած եւ այստեղ բարձրագույն կրթություն ստացած Արկադի Համբարձումյանը իրեն, այնուամենայնիվ, ամբողջությամբ համարում է սպիտակցի:
Այդպես են մտածում նաեւ նրա երեք երեխաները, եւ դա նախնիների արյան կանչն է… Սպիտակում են ծնվել ու ապրել նրանց տատուպապերը: Իրավաբանի որդի եւ մասնագիտությամբ իրավաբան Արկադի Համբարձումյանը հորից ժառանգել է ոչ միայն երկրի օրենքների նկատմամբ պատասխանատվության զգացումը, այլեւ ստեղծելու, կառուցելու, նախաձեռնելու շնորհը: Շահումյանի դատախազությունում քննիչ աշխատելուց հետո, դեռեւս 21 տարեկան երիտասարդը 1992-ին Մոսկվայում հիմնադրում է «Դերժավա» ՓԲԸ-ն, որը գործել է մինչեւ 1995-ը եւ զբաղվում տարբեր ապրանքների ներմուծմամբ եւ սպասարկմամբ: Իսկ 1995-ից ընկերությունն իր գործունեությունը ծավալել է Երեւանում, ներառելով նաեւ սուրճի եւ մսամթերքի արտադրություն: Իսկ 1997-ին Արկադի Համբարձումյանը հիմնադրում է երկրորդ՝ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ն. այս երկու խոշոր ընկերություններում աշխատատեղով ապահովված է 1000-ից ավելի մարդ:
2003-ից Արկադի Համբարձումյանը ԱԺ պատգամավոր է, այս ընտրություններում մեծամասնական կարգով առաջադրված է թիվ 29 ընտրատարածքում: Իր աշխատանքային գործունեության ընթացքում, նույնիսկ մինչեւ պատգամավոր դառնալը, Ա. Համբարձումյանը իր առանձնահատուկ հոգածության կենտրոնում է պահել Սպիտակ քաղաքը՝ նախնիների բնօրրանը, իր հնարավորության սահմաններում նպաստելով երկրաշարժից ավերված քաղաքի վերականգնմանն ու վերակառուցմանը: Իսկ պատգամավոր դառնալով՝ ընդլայնվել են նրա հնարավորությունները ոչ միայն Սպիտակ քաղաքի, այլեւ Լոռու մարզի շատ համայնքների հիմնախնդիրների լուծմանը պետական մակարդակով նպաստելուն: Նրա անմիջական նախաձեռնությամբ պետբյուջեի միջոցներով կառուցվել են Սպիտակի սպորտդպրոցը, Լեռնանցքի միջնակարգ դպրոցը: Պատգամավորն ավելի մեծ ներդրումներ ու բարեգործություններ է կատարել անձնական միջոցների հաշվին: Կառուցվել եւ վերանորոգվել են գյուղական շատ համայնքների ոռոգման ցանցերը, միջհամայնքային ճանապարհներ, գյուղերում կատարվել են գազիֆիկացման աշխատանքներ: Արդեն մի քանի տարի է՝ քաղաքի հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիներն ապահովվում են գրենական պիտույքներով, դպրոցներն ունեն համակարգիչներ, հեռուստացույց, քաղաքում շուքով նշվում են մայիսի 8-ը, 9-ը, Կանանց եւ ազգային այլ տոներ: Քաղաքում գործող տարածքային գրասենյակի միջոցով ապահովվում է կապը բնակչության եւ պատգամավորի միջեւ: Մարդիկ իրենց տարբեր սոցիալական խնդիրներով դիմում են գրասենյակ եւ ստանում դրական լուծում: Արկադի Համբարձումյանի շնորհիվ Սպիտակում սկսվել է «Երկրապահի» շենքի կառուցումը: Պատգամավորը կարեւորում է քաղաքի ազգաբնակչությանը աշխատատեղերով ապահովելու խնդիրը, ինչն էլ եղել է իր առաջին խորհրդարանական ընտրության հիմնական խոստումը եւ կատարվել է: Քաղաքում 17 մլն դրամ ներդնելով, ստեղծել է «Սլավ-Մեդիա» հեռուստաընկերությունը, որը հագեցած է ժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով եւ քաղաքացիներին հնարավորություն է տալիս ստանալ իրենց համայնքին առնչվող առաջին ինֆորմացիան: 1-2 ամսից կգործարկվի ալրաղաց կոմբինատը՝ օրական 30 տոննա հզորությամբ: Գործարարը մարզում ստեղծել է իր ղեկավարած ընկերությունների առեւտրային բազա: Այս շարքը շարունակելու ծրագիր կա: Շուտով Սպիտակ քաղաքի մուտքը կձեւավորվի հատուկ ճարտարապետական կամարաշարով՝ «Բարի գալուստ Սպիտակ» խորագրով: Կստեղծվեն նաեւ երիտասարդների համար ժամանցի վայրեր: Թեկնածուն հավաստում է, որ այդ ամենն անելու է անկախ իր ընտրվել-չընտրվելուց: Այս անգամ նա նախընտրական խոստումներ չի տալիս, այլ միայն ասում է, որ շարունակելու է աշխատել սովորականի պես, ինչպես մինչ այժմ է աշխատել եւ կեսկատակ ավելացնում է՝ «ես ընտրվող-փախչող չեմ»: Նրա նախընտրական կարգախոսն է՝ «Անցյալի վստահությամբ, ապագայի հավատով»: Արկադի Համբարձումյանը դրական կարծիք ունի նաեւ իր մրցակցի մասին եւ վստահ է, որ թիվ 29 ընտրատարածքում ընտրություններն անցնելու են արդար եւ թափանցիկ: