2008 թվականից հանրակրթական դպրոցներում կդասավանդվեն մի քանի բնագավառ իրենց մեջ ամփոփող ինտեգրված առարկաներ:
«Ես եւ շրջակա աշխարհը», «հայրենագիտություն», «բնագիտություն», «արվեստ եւ տեխնոլոգիա»… Սրանք ինտեգրված առարկաներ են, որոնք մշակվում են 2004-ին կառավարության կողմից հաստատված Հանրակրթության պետական կրթակարգի եւ Միջնակարգ կրթության պետական չափորոշիչների հիման վրա: Նշված առարկաները հանրակրթական դպրոցներում կդասավանդվեն 2008-ից, իսկ 2006-ից արդեն դպրոցական ծրագիր են մտել ինտեգրված «հայոց լեզու, գրականություն», «ինֆորմատիկա եւ մաթեմատիկա» առարկաները: «Հանրակրթության պետական չափորոշիչի համաձայն, մինչեւ 6-րդ դասարան՝ առարկաների ուսուցումը իրականացվում է ինտեգրված՝ միասնացված ձեւով, առարկայական ուսուցումը սկսվում է 7-րդ դասարանից: Այսինքն՝ ինտեգրված մաթեմատիկան 7-րդից վերածվում է առարկայական ուսուցման, երբ մաթեմատիկան բաժանվում է հանրահաշիվ եւ երկրաչափություն առարկաների»,- պարզաբանեց ՀՀ ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի» «Կրթակարգ, ուսումնական ծրագրեր եւ գնահատում» ենթածրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանը: «Նախկինում, երբ երեխան տարբեր առարկաներից ինչ-որ բաներ էր սովորում, դա նրան հնարավորություն չէր տալիս ստեղծագործելու: Իսկ համակարգված գիտելիք ստանալու դեպքում նրա մեջ զարգանում են ճանաչողական, տրամաբանական, ստեղծագործական հմտություններ, այսինքն՝ սովորում է սովորել»,- նկատեց պրն Մելքոնյանը: Արդեն մշակված են բնական եւ հասարակական գիտություններին վերաբերող տասը նոր առարկաների ծրագրեր ու չափորոշիչներ, որոնց մի մասն ինտեգրված է, մյուսը՝ առանձնացված: Օրինակ՝ «ֆիզիկա եւ աստղագիտություն» առարկան ինտեգրված է, «հայոց պատմությունը»՝ ոչ, «հասարակագիտությունը» ինտեգրված է եւ ներառում է «հասարակագիտության ներածություն», «մարդու իրավունքներ» ու «քաղաքացիական կրթություն»: Ավագ դպրոցում ինտեգրվում են նաեւ գիտելիքներ «փիլիսոփայությունից», «հոգեբանությունից»: «Շատերն ասում են՝ սա ինտեգրում չէ, մտածելով, որ դրանք առարկաներ են: Բայց ծրագիրն այնպես է կազմված, որ աշակերտներին դասավանդվում է ոչ թե «փիլիսոփայություն» կամ «հոգեբանություն» առարկան, այլ «հասարակագիտություն», որը պարունակում է այդ երկու առարկաներին վերաբերող հարցեր»,- պարզաբանեց Կ. Մելքոնյանը: «Հայրենագիտություն» ինտեգրված առարկան էլ ներառում է մեր երկրի պատմությանը, մշակույթին վերաբերող հարցեր: «5-րդ դասարանում ինտեգրված կերպով ստացած այդ գիտելիքը 7-րդ դասարանում ուսուցանվող «հայ գրականության» համար հիմք է դառնում»,- նկատեց Կ. Մելքոնյանը: Իսկ «բնագիտություն» ինտեգրված առարկայով դրվում են ֆիզիկայի, քիմիայի եւ այլ առարկաների հիմքեր: Հետաքրքրվեցինք՝ կրթական այս բարեփոխումներին ինչպե՞ս են վերաբերվում դպրոցներում:
«Տարբեր առարկաների ուսուցիչներ, երբ փորձում են ինտեգրված թեմատիկ պլան կազմել, ամեն մեկը վերմակի ծայրն իր կողմն է քաշում: Սրանից խուսափելու համար նյութը ինքը պիտի ինտեգրված լինի, որտեղ էլ օգնության են գալիս ինտեգրված առարկաները»,- ասաց թիվ 181 դպրոցի տնօրեն Վանյա Կիրակոսյանը:
«Նոր առարկաներ են պետք՝ նոր մասնագետների հետ»,- հայտնեց Պ. Յավորովի անվան դպրոցի ուսմասվար Իրինա Գեւորգյանը: Կ. Մելքոնյանն էլ է համոզված, որ նոր՝ բազմապրոֆիլ մասնագետների ժամանակը եկել է. «Պետք է անցնել բարձրագույն, հատկապես մանկավարժական կրթության բարեփոխումներին: Այսինքն՝ կամ պատրաստել բազմապրոֆիլ ուսուցիչներ, կամ հատուկ դասընթացների միջոցով նախապատրաստել գործողներին»: «Դպրոցը չպիտի դառնա փորձադաշտ»,- կրթական բարեփոխումների վերաբերյալ այսպես է մտածում Լեւոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանը: