Անատամ ոստիկանին տեր կանգնող չկա
Ռազմիկ Սանոսյանն աշխատում է Ախուրյանի ոստիկանության բաժնին կից պահպանության ջոկում: Նա ավագ սերժանտ է: Ոստիկանը երեկ «Առավոտում» էր եւ խնդրում էր մեր պաշտպանությունը: Նա ասաց, որ Արթիկի շրջանի Անուշավան գյուղի բնակիչ՝ ատամնաբույժ Կիրով Այվազյանի հետ իր հարաբերությունները խիստ սրվել են՝ կապված իր ատամի հեռացման պատմության հետ: Ոստիկանի հավաստմամբ, ատամնաբույժն իրենից «խաբեությամբ վերցրել է 170 ԱՄՆ դոլար, որպեսզի 17 հատ ատամ գցի»: Ոստիկանը մեզ տեղեկացրեց, որ մինչ օրս ատամնաբույժը իր ատամնաշարը չի գցել: Ստիպված դիմել է Արթիկի դատարան: «Ինձնից պահանջեցին ապացույց, ըստ որի՝ տվյալ մարդուն գումար եմ տվել: Կիրովին կանչեցին դատարան, նա էլ խոստացավ, որ կգցի ատամներս»,- պատմում է ոստիկանը:
Ատամնաբույժը, ըստ նրա, իր անսովոր զոհին կանչում է իրենց տուն՝ ատամ գցելու նպատակով. «Կանչեց, բայց ինքը տանը չէր: Ատամնաբույժի որդին ինձ կշտամբեց, թե ինչու եմ իր հորը դատարան տարել: Նա ասաց նաեւ, որ հենց այդ պատճառով էլ հայրը հրաժարվում է իմ ատամը գցել: Ու չի գցելու, քանի որ երդվել է՝ չգցել: Ես ասացի, ուրեմն ոխ է պահել, հիմա կգնամ դատավորի մոտ: Իսկ որդին ասաց. ուզու՞մ ես դատարանով ատամդ հանես, գնա՝ հանի»:
Այնուհետեւ տուն է վերադառնում Կիրով Այվազյանը: Ոստիկանը պահանջում է կամ իր գումարը վերադարձնել, կամ ատամնաշարը գցել: Ըստ բողոքաբեր ոստիկանի, ատամնաբույժին հարձակվում է իր վրա, խփում ու հայհոյում:
Սանոսյանը դիմում է Արթիկ քաղաքի ոստիկանության բաժին, սակայն որքան էլ անհավանական է, ոստիկանից հայտարարություն չեն վերցնում: «Մոտեցել եմ պետի տեղակալ Բարխոյանին, ասելով, որ Արթիկի ոստիկաններն իրենց պարտականությունները չգիտեն: Ասացի, որ հերթապահն իմ դիմումը չի վերցրել ու խնդրեցի՝ ընթացք տալ»,- հավելեց նա: Բարխոյանը կոպիտ է պատասխանում ջոկի ոստիկանին, որն էլ սպառնում է, թե կդիմի Շիրակի մարզի ոստիկանապետին:
Զրուցակցիս Բարխոյանն ասում է. «Ում ուզում ես դիմի: Կարաս Պուտինին էլ դիմել»: «Ես վիրավորված դուրս էի գալիս նրա մոտից, սակայն մեկ էլ ինձ հետ կանչեց, հանգստացրեց, ուղարկեց Սեյրան Մկրտչյանի մոտ: Վերջինս խորհուրդ տվեց որեւէ մեկին չդիմել, սպասեմ իր կանչին»,- ասում է Սանոսյանը: Սակայն ոստիկանությունում ընթացք չեն տալիս իրենց գործընկերոջ գործին, այլ հորդորում են դիմել դատախազին: Մինչ այդ հասցնում են Արթիկի ոստիկանությունում ամոթանք տալ Ռազմիկ Սանոսյանին. «Այ տղա, ամոթ չե՞ս անում՝ ոստիկանների վրա բողոք ես գրել: Վերցրու բողոքդ՝ գնա»: Ըստ զրուցակցիս. «Հեչ էլ ամոթ չի, ամոթը միայն ի՞նձ է տրված»:
Շիրակի մարզի դատախազությունը սկսեց զբաղվել այս գործով, որի ժամանակ Արթիկի ոստիկանները հայտարարում են, որ իրենց դիմում-բողոք չի գրվել: Այստեղ էլ գործը քնացնում են, եւ ոստիկանը օրեր առաջ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին: Վերջինիս գրած նամակում Ռ. Սանոսյանը հայտնում է, թե ինչպես են ոստիկանությունում սպառնացել իր վիզը պոկել: Իսկ Շիրակի մարզի դատախազի մոտ մտնելն ավարտվել է նրանով, որ շենքի մուտքի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել իր եւ դատախազի վարորդի միջեւ:
«Ատամի գործը» կարճվում է:
«Շիրակի մարզում օրենքի տեղ փողն է նստած: Շատ եմ խնդրում Ձեզ՝ մեղավորին պատժեք Երեւանի օրենքով»,- խնդրում է Ռ. Սանոսյանը եւ նշում, որ խնամքի տակ ունի 1-ին խմբի հաշմանդամ կույր աներ, որն իր մոտ է կնոջ մահվանից հետո: