ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը երեկ հրապարակեց իր անդրանիկ միջանկյալ հաշվետվությունը:
Այն վերաբերում է դիտորդների գործունեության առաջին շաբաթին, քանզի դեսպան Բորիս Ֆռլեցի ղեկավարած առաքելությունը պաշտոնապես մեկնարկեց մարտի 21-ին: Եվ արդեն մարտի 25-ին հանրապետության 11 վայրերում տեղաբաշխվեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 29 երկարաժամկետ դիտորդները: Երեւանում են այս թիմի եւս 13 անդամներ:
Դիտորդական առաքելության այս առաջին միջանկյալ հաշվետվության ընդհանուր եզրակացություններից է, թե հորիզոնում շարունակվում է նկատվել որոշակի անկայունություն, որը մասնավորապես պայմանավորված է նոր քաղաքական ուժերի առաջացմամբ. «Այս առումով նկատելի է 2006-ի մարտից գործող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերջին ժամանակների արագ վերելքը»:
Դիտորդներն արձանագրել են նախընտրական փուլում հավաքների ազատության սահմանափակում՝ հանձին Երեւանի քաղաքապետարանի կողմից Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման արգելքի: Առաքելությունն ուսումնասիրում է դատարան հասած այս գործի փաստաթղթերը: Թերեւս այս հանգամանքը հայտնի է դարձել մեր իշխանություններին, եւ այդ պատճառով նրանք այլեւս խոչընդոտներ չհարուցեցին Ազատության հրապարակում անցկացվելիք հետագա հանրահավաքների առջեւ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներն առանձին ենթաբաժին են նվիրել արտասահմանում բնակվող քաղաքացիների քվեարկությանը: «Ընտրական օրենսգրքից» հանվել են գրեթե բոլոր այն դրույթները, որոնք հնարավորություն էին ընձեռում ընտրություններ կազմակերպել Հայաստանի դեսպանատներում եւ հյուպատոսարաններում: Ըստ առաքելության՝ նման փոփոխությունների «համեմատաբար ուշ իրագործումը կարող է խնդիրներ առաջացնել ընտրողներին տեղեկացնելու, ինչպես նաեւ՝ հետեւողական իրագործման առնչությամբ»: Դիտորդները պատրաստվում են համապատասխան կառույցների հետ քննարկել դիվանագիտական ծառայողների եւ արտասահմանում գտնվող ՀՀ այլ քաղաքացիների քվեարկության խնդիրը:
Միջանկյալ հաշվետվության մեջ անդրադարձ կա նաեւ «Ընտրական օրենսգրքի» վերջին փոփոխություններից մի քանիսին: Մասնավորապես՝ մտահոգություն է արտահայտված, որ ընտրական ժամանակաշրջանի ընթացքում հանվել է հանձնաժողովների կողմից գործողությունների ձեռնարկման քվորումի պահանջը. «Թեեւ այն կարող է անհրաժեշտ հակաբոյկոտային միջոց լինել՝ քվորումի պահանջի բացակայությունը պայմաններ է ստեղծում, որ որոշումներն ընդունվեն ընտրական հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների փոքր թվի կողմից»:
Առաքելությունն ընդգծել է կարեւորությունը, որ ընտրական հանձնաժողովները գործեն «օրինականության, կոլեգիալության եւ հրապարակայնության» սկզբունքների հիման վրա: