Լրահոս
Օրվա լրահոսը

ՁՈՒ ՆԵՏԵԼԸ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Ապրիլ 06,2007 00:00

\"\"Մեր ոստիկանները չէին արձագանքում, երբ 2003-2004-ի հանրահավաքների ընթացքում ամբոխից ձվեր էին նետվում ընդդիմադիր գործիչների վրա:

Իսկ 2007-ի ապրիլի 4-ին 11 հոգու ոստիկանություն բերման ենթարկեցին՝ դատարանի շենքի վրա ձվեր նետելու համար:

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը երեկ հաղորդագրություն տարածեց, որտեղ մանրամասներ են ներկայացված Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի շենքի մոտ ապրիլի 4-ին կատարվածի առնչությամբ: Նույն ժամանակահատվածում, երբ այդ դատարանում շարունակվում էր Ժիրայր Սեֆիլյանի նախնական կալանքը արդեն 3-րդ անգամ 2 ամսով երկարաձգելու հարցի քննությունը՝ «Թեքեյան» կենտրոնում ցուցադրվել է Սեֆիլյանին նվիրված մի տեսանյութ, որից հետո ելույթներով հանդես են եկել Արսեն Խառատյանը, Թաթուլ Մանասերյանը, Ցվետանա Պասկալեւան եւ Հրաչյա Մաթեւոսյանը: Այս միջոցառման ավարտից հետո հավաքի մասնակիցների մեծ մասը երթով գնացել են դեպի դատարանի շենք եւ պահանջել կալանքից ազատել Ժիրայր Սեֆիլյանին: Ըստ հաղորդագրության՝ «Տեսնելով, որ դատավորը չի շտապում հրապարակել իր որոշումը, ցուցարարները վանկարկումներով իրենց վերաբերմունքը արտահայտեցին կամակատար դատարանի նկատմամբ եւ հեռացան: Այդ ընթացքում մի քանի ձու նետվեց դեպի դատարանի պատուհանները»:

Շարունակությունն «Առավոտին» պատմեց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգողի տեղակալ Արմեն Եղյանը. «Ցույցից կես ժամ հետո՝ ժամը 19-ի սահմաններում, 11 հոգու բերման ենթարկեցին Կենտրոնի ոստիկանական տեղամաս, այդ թվում՝ նաեւ ինձ»: Ավելի ստույգ՝ 4 հոգու տարել էին անմիջապես դատարանի շենքի մոտից, իսկ մնացածներին՝ բնակարաններից եւ փողոցից: Բերման ենթարկվածներից են Կարո Կարապետյանը, Կադմոս Բաղիյանը, Գագիկ Գալստյանը, Սմբատ Երիցյանը, Արկադի Ցակալյանը եւ այլք, իսկ Արսեն Խառատյանն ինքնակամ է ներկայացել ոստիկանություն:

«Ոստիկանները փորձում էին բացատրություն ստանալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի շենքի վրա մեր կողմից հավկիթներ նետելու փաստի առիթով՝ ովքեր էին կազմակերպիչները, ովքեր են նետել,- պատմեց Արմեն Եղյանը:- Ես՝ որպես «Ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի» բողոքի ցույցի կազմակերպիչներից մեկը, ստանձնեցի ամբողջ պատասխանատվությունը: Եվ հիմա էլ գտնում եմ, թե նման դրսեւորումը (ինչ-որ տեղ՝ մեղքի զգացումով եմ ասում) բավական անհամարժեք եւ թույլ քայլ է նրա համեմատ, որ այսօր Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարդան Մալխասյանը ենթարկվում են քաղաքական ամոթալի հալածանքի»:

Բերման ենթարկվածներից 4-ին բաց են թողել կեսգիշերին մոտ, իսկ մնացածները պահվել են մինչեւ գիշերվա ժամը 03.00-ը: 6 հոգու ստուգման նպատակով ոստիկանները տարել են նարկոդիսպանսեր եւ համոզվել, որ նրանք ալկոհոլի ազդեցության տակ չեն:

«Այդ 6 հոգուց անձնագրեր վերցրեցին, ամենայն հավանականությամբ՝ առաջիկա 1-2 օրում մեղադրանք առաջադրելու համար: Ոստիկանության նախնական գնահատականն է, թե սա խուլիգանություն է, եւ կատարվածը տեղավորվում է «Քրեական օրենսգրքի» շրջանակներում,- պատմեց Արմեն Եղյանը:- Մեզ բաց են թողել պայմանով, որ ներկայանալու ենք ծանուցագիր ստանալու դեպքում: Ըստ ամենայնի՝ կարող ենք ենթարկվել վարչական տույժի կամ տուգանքի»:

«Առավոտի» թղթակից Ռուզան Մինասյանը երեկ զրուցել է բերման ենթարկվածներից ավելի վաղ ազատ արձակվածներից մեկի հետ: Կոտայքի մարզի ռազմական ոստիկանության նախկին պետ, կապիտան Վահան Սարգսյանին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի մոտից ոստիկանության 3 գնդապետ «հրավիրել» էին ոստիկանության Կենտրոնական քննչական բաժին: Վահան Սարգսյանը տեղեկացրել է, որ իրեն ոստիկանությունում պահել են մինչեւ գիշերվա ժամը 12-ը: Նրան ցույց չեն տվել բերման ենթարկելու հիմքերը, սակայն մեղադրել են «հասարակական կարգը խախտելու համար»: Մինչդեռ Վահան Սարգսյանը երթի ժամանակ ընդամենն արտասանել է իր «սուպեր-ընդդիմադիր պոետի» գրած բանաստեղծությունը: Այն վերնագրված էր «Փիսիկի գանգատը Աղվան Հովսեփյանին»: Վահան Սարգսյանը ինքնուս բանաստեղծ է: Եվ 2004-ին ենթարկվել է 5-օրյա վարչական կալանքի:

Մի ուշագրավ հակասություն. մինչ Արմեն Եղյանը հաստատում է, որ դատարանի շենքի վրա ձվեր իրենք են նետել, Վահան Սարգսյանը, հարցին, թե ովքե՞ր էին ձվեր նետել՝ պատասխանել է, որ նրանց մեջ ճանաչել է «ԳԲ-ի գործակալների», որոնք դիմեցին նման սադրանքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել