Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 19-ում թեկնածուների թիվը մնաց անփոփոխ

Ապրիլ 05,2007 00:00

\"\"Երեկ թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում մերժվեց մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ Սուսաննա Հարությունյանին եւ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին չգրանցելու վերաբերյալ հանձնաժողովի նախագահի առաջարկը:

Թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առջեւ առավոտվանից հոծ բազմություն էր հավաքվել: Նրանք վանկարկում էին՝ Սուսաննա Հարությունյան, Հակոբ Հակոբյան:

Ինչպես հաղորդում է panorama.am լրատվական գործակալությունը, հետաքրքիր պատահականությամբ այս երկու թեկնածուների ներկայացրած փաստաթղթերում միեւնույն անհարթություններն էին հայտնաբերվել դրանք ներկայացնելուց շուրջ մեկ ամիս հետո: Փաստաթղթերի մեջ պահանջվող եւ նրանց ներկայացրած 50 ստորագրություն տվողներից Սուսաննա Հարությունյանի համար երեք, իսկ Հակոբ Հակոբյանի համար երկու քաղաքացի ներկայացել են հանձնաժողով եւ հայտարարել, որ իրենց ստորագրությունները կեղծված են, եւ որ իրենք չեն ստորագրել թեկնածուների փաստաթղթերի մեջ:

Հանձնաժողովի նախագահ Մովսես Քարտաշյանը, որն, ի դեպ, Հանրապետական կուսակցության անդամ է, ամեն կերպ փորձում էր ազդել անդամների որոշման վրա. Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակից Արսեն Սարգսյանին ջանասիրաբար բացատրում էր, թե ինչ սխալ փաստաթղթեր է ներկայացրել պատգամավորի թեկնածուն:

Ակնհայտ վրդովված ու հուզված էին մասնավորապես կրկին նույն ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի ներկայացուցիչները: Նրա լիազորված անձը նույնիսկ սպառնաց. «Շարժվեք միայն օրենքով, այլապես մենք կարող ենք դիմել դատական ատյաններին, որ մինչեւ իսկ փոփոխվի հանձնաժողովի կազմը»:

Թեկնածուներին չգրանցելու վերաբերյալ նախագահ Քարտաշյանի առաջարկությունը եւս չանցավ. գրանցվեց 4 «կողմ», 2 «դեմ» եւ 2 «ձեռնպահ»:

Երբ դրսում հավաքված մարդիկ իմացան, որ թեկնածուները գրանցված են, գոռում-գոչյունով, ուրախ բացականչություններով դրսում դիմավորեցին թեկնածուներին: Այնուհետեւ Հակոբ Հակոբյանն ու Սուսաննա Հարությունյանը ժողովրդի հետ միասին ուղղվեցին սբ. Հռիփսիմե եկեղեցի՝ մոմ վառելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել