Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՐՔԵՐ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ

Ապրիլ 05,2007 00:00

\"\"Այս բուհում հալածում են լավագույն մասնագետներին

Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի (ՊՄՀ) մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի մաթանալիզի եւ ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչի պաշտոնը վաղուց թափուր է: Ըստ սահմանված կարգի, այդ պաշտոնի համար հայտարարված մրցույթին սկզբում կարող են հայտ ներկայացնել միայն գիտությունների դոկտորները, եթե հաղթողը չի պարզվում՝ հետո նաեւ գիտությունների թեկնածուները: Գիտությունների 2 դոկտոր՝ Արմեն Ջրբաշյանը եւ Գուրգեն Ղուլղազարյանը, հայտ էին ներկայացրել, սակայն մերժվել են: Մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Լեւոն Արաբաջյանը «Առավոտին» պարզաբանեց. «Ամբիոնն ինքն է որոշում, թե ով պետք է լինի իր ընտրյալը: Ըստ ընտրության արդյունքների, Ջրբաշյան Արմենին դեմ են եղել ամբիոնի բոլոր 6 անդամները, իսկ մեր ամբիոնի աշխատակից Ղուլղազարյանին՝ 4-ը: Արդյունքում՝ ոչ մեկին չենք երաշխավորել: Դա մեր ներքին գործն է: Հետո ամբիոնի յուրաքանչյուր աշխատող իր հիմնավորումն ունի, ընտրության իր սկզբունքը: Առաջիկայում նորից մրցույթ կհայտարարվի, կդիմեն ե՛ւ թեկնածուներ, ե՛ւ դոկտորներ, ու ամբիոնը եղածներից կընտրի այն մարդուն, որը ընդունելի է բոլորի համար»:

«Առավոտի» հետ զրույցում ՊՄՀ դասախոսները (խնդրեցին իրենց անունները չհրապարակել) փաստում էին, որ Արմեն Ջրբաշյանը ճանաչված մասնագետ է, նրա մենագրությունները տպագրվում են արտերկրի հեղինակավոր հրատարակություններում, Գուրգեն Ղուլղազարյանը եւս լավ մասնագետ է, 30 տարի աշխատում է այս ամբիոնում: Ըստ մեր զրուցակիցների, 2 դոկտորներն էլ՝ ե՛ւ որպես մասնագետ, ե՛ւ որպես բարոյական մարդիկ, արժանի են ամբիոնի վարիչի պաշտոնին: Ներկայումս մաթանալիզի եւ ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակված գիտությունների թեկնածուի աստիճանով Վարազդատ Վարդազարյանը, ով բուհի ղեկավարության ֆավորիտն է եւ, ըստ մեր աղբյուրների, նրան էլ ուզում են տեսնել ամբիոնի վարիչի պաշտոնում:

Լավագույն մասնագետներին «ջնջելու» պրակտիկան կարծես արմատավորված է այս բուհում, մասնավորապես՝ հոգեբանության եւ սոցիալական մանկավարժության ֆակուլտետում, որի կազմում է փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ամբիոնը: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աղասի Խաչատրյանի թեկնածությունը, ի տարբերություն Ա. Ջրբաշյանի եւ Գ. Ղուլղազարյանի, մերժել են ոչ միայն ամբիոնի, այլեւ ֆակուլտետի խորհրդի նիստում:

Նշենք, որ ներկայումս փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ամբիոնում աշխատում է գիտական աստիճան չունեցող 5-6 դասախոս (Էլմիրա Վարդանյան, Մարիամ Մաթեւոսյան, Դավիթ Միքայելյան, Սասուն Շմավոնյան եւ այլք): Փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ամբիոնի աշխատակիցներից ոչ ոք 10 տարուց ավելի է՝ չի հրատարակել մասնագետների կողմից ուշադրության արժանացած ոչ մի մենագրություն, գիտական-կոնցեպտուալ հոդվածներ: Եվ նրանք դասախոսություններ են կարդում ասպիրանտների ու հայցորդների համար, թեկնածուական մինիմումի քննություններ ընդունում:

Բուհում այս ուստարվանից սոցիոլոգիա է դասավանդում Յուրի Գասպարյանը, ով առանց մրցույթի է աշխատանքի ընդունվել: Մի փաստ եւս. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Էդ. Չուբարյանի 18.03.2006թ. N34-Կ հրամանով ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի եւ սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Յուրի Գասպարյանը աշխատանքային կոպիտ խախտումների եւ իր կոլեգաներին «առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ մեղադրելու համար» անցյալ տարի ազատվել էր ԵՊՀ-ում իր աշխատանքից:

Դառնալով Ա. Խաչատրյանին, հիշեցնենք, որ ՊՄՀ լրատվականի ուղարկած նամակում («Առավոտ», 29. 03.2007թ.) մեջբերված էր ՊՄՀ նախկին ռեկտոր Լենվել Վալեսյանի 1985թ. հրամանից մի հատված, որտեղ նշվում էր, թե Ա. Խաչատրյանը հեռացվել է աշխատանքից՝ «անառողջ մթնոլորտ ստեղծելու, ինստիտուտի ղեկավարության գործունեության դեմ խմբակային պայքար կազմակերպելու» եւ այլնի համար: Մանկավարժական համալսարանի լրատվականի նամակում, սակայն, «մոռացել» էին նշել, որ 1987-ին կենտկոմի որոշմամբ եւ կրթության նախարարի հրամանով ռեկտորի այդ հրամանը չեղյալ էր հայտարարվել, Ա. Խաչատրյանին վերականգնել էին, իսկ Լ. Վալեսյանին ազատել՝ լուրջ թերություններ գտնելով վերջինիս աշխատանքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել