Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՆԶԻՆԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ «ԽԱՂ» Է

Ապրիլ 05,2007 00:00

\"\"Այսպես են կարծում տնտեսագետները

Oրեր առաջ Հայաստանում բենզինի գինը բարձրացավ: Երեկվա դրությամբ «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը 320 դրամ էր, մինչդեռ այն նախկինում վաճառվում էր 280 դրամով: «Պրեմիումը» մարտի սկզբին 310 դրամ էր, իսկ երեկ՝ արդեն 350, «Սուպեր» բենզինը նույնպես թանկացել է՝ 340-350 դրամից դառնալով 380 դրամ՝ 1 լիտրի դիմաց: Միայն դիզելային վառելիքի գինը չի բարձրացել, մնացել է 280 դրամ՝ լիտրի դիմաց:

Թեեւ այս թանկացումները բենզին ներկրող ընկերությունները պայմանավորում են համաշխարհային գներով, սակայն տնտեսագետների հիմնավորումներով՝ այն, ինչ կատարվում է հայաստանյան բենզինի շուկայում, պայմանավորված է այդ շուկայի բիզնեսմենների ախորժակով ու ցանկություններով:

Բենզինի շուկայում գերիշխող դիրք ունի «Ֆլեշ» ընկերությունը: «Ֆլեշի» փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը «Առավոտի» հետ զրույցում վերջին օրերին բենզինի թանկացումներն այսպես մեկնաբանեց. «Ռումինիայում, որտեղից մենք ներկրում ենք, բենզինը զգալի թանկացել է, այդ պատճառով էլ Հայաստանում էլ գները բարձրացել են՝ 1 լիտրի մեջ մոտ 20 դրամով»: Այսինքն, ըստ «Ֆլեշի» ներկայացուցչի, համաշխարհային շուկայում բենզինը թանկացել է ընդամենը 20 դրամով:

Սակայն մեկ այլ ներկրողի՝ «Ran oil» ընկերության գործադիր տնօրեն Սամվել Բաղդասարյանի ներկայացմամբ էլ՝ իրենց ներկրած բենզինի գինը 1 լիտրի դիմաց թանկացել է 40-47 դրամով: Սա այն դեպքում, երբ «Ran oil» ընկերությունը, ինչպես հայաստանյան մյուս ընկերությունները, բենզինը ներկրում է նույնպես Ռումինիայից: Ս. Բաղդասարյանը բենզինի թանկացումը պայմանավորեց միջազգային շուկայում նավթի գների բարձրացմամբ: Նրա խոսքերով՝ «չի բացառվում, որ հետագայում էլ բենզինի գինը Հայաստանում էլի բարձրանա»: Նկատենք, որ նավթի գինը համաշխարհային շուկայում թանկացել է մոտ 4-5 օր առաջ, ուստի տրամաբանորեն այն դեռեւս չէր կարող Հայաստանի շուկայի վրա ազդեցություն ունենալ: Բացի այդ, միջազգային շուկայում գներն սկսել են նորից իջնել, բայց մեր երկրում դրանք, չգիտես ինչու, շարունակում են բարձր մնալ:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը, նավթը վաճառվում է ընթացիկ գներով, իսկ բենզինը՝ երկարաժամկետ, այսինքն՝ բենզինի գները նավթի գների պես կտրուկ տատանումների չեն ենթարկվում. «Նավթի գինը օրը մեկ փոխվում է, իսկ բենզինինն այդքան արագ տատանումների չպետք է ենթարկվի, քանի որ այն վերամշակվող ապրանք է, եւ նրա գինը որոշակի ժամկետով է սահմանվում: Ու եթե նույնիսկ նավթը համաշխարհային շուկայում այս օրերին թանկացել է, ապա մինչեւ Հայաստան հասնի՝ երկու ամիս հետո միայն տեղական շուկայի գների վրա դա պիտի անդրադառնար»:

Նույն կարծիքին է նաեւ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը: Բենզին ներկրողների բացատրությունները՝ բենզինի թանկացման վերաբերյալ, այս տնտեսագետի համար ընդհանրապես համոզիչ չեն, քանի որ նրա համոզմամբ էլ՝ «հայաստանյան շուկայում ներկայումս էժան գնած բենզինն են ծախում եւ չպետք է հիմա թանկացնեին»: Նա ավելի շուտ գների բարձրացումը պայմանավորեց քաղաքականությամբ. «Երեւի նախընտրական շրջանում մի քանի օլիգարխների փող է պետք»:

Ըստ Երեւանի տնտեսագիտական համալսարանի «Միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում» ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Ալբերտ Արշակյանի՝ «Սա խաղ է: Հայաստանում ինչ ուզում, ոնց ուզում՝ անում են: Մեր երկրում արտաքին առեւտուրը մենաշնորհային է, ուստի մի քանի հոգի են գները որոշում»: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ դիզվառելիքի գինն էլ չեն թանկացնում՝ պարոն Արշակյանն այսպես պատասխանեց. «Դիզվառելիքն այս սեզոնին պահանջարկ չունի, դրա համար էլ այն չեն թանկացնում: Երբ որ բերքահավաքի սեզոնը գա ու գյուղացին տրակտոր աշխատեցնելու համար դիզվառելիքի պահանջարկ ունենա՝ դիզվառելիքն էլ կթանկացնեն»:

Նկատենք, որ չնայած մի քանի օր է, ինչ բենզինի գինը մեր երկրում բարձրացել է, բայց դա արդեն վարորդների շրջանում մեծ դժգոհություններ է առաջացրել: Չնայած առաջին հայացքից թանկացումը եղել է չնչին՝ 20-40 դրամ, բայց ամսական ցուցանիշով միջին եկամուտներով ապրող ընտանիքի վրա ծախսը բավականին մեծ է: Եթե, ասենք, «24-10» մակնիշի մեքենայով մարդը միայն աշխատանքի գնալու եւ տուն վերադառնալու համար ծախսում էր 1000 դրամի բենզին, ամեն լիտրի մեջ 40 դրամ ավելի վճարելով՝ ամսական կտրվածքով նա, փաստորեն, 3000 դրամ ավելի է ծախսելու: Բացի այդ, հայտնի է, որ բենզինի գնի բարձրացումը ազդում է նաեւ այլ ապրանքների գնագոյացման վրա: Ուստի ընտանեկան բյուջեն միայն 20-40 դրամով չէ, որ տուժելու է. բենզինի հետ թանկանալու են նաեւ այլ ապրանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել