Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն պաշտպանության լուրջ կարիք ունի»

Ապրիլ 05,2007 00:00

Վստահ է Արտաշես Գեղամյանը

– Գյումրիի քաղաքապետի դեմ մահափորձը դուք որակել էիք որպես անցում բնականոն կրիմինալ զարգացումների, ի՞նչ նկատի ունեիք:

– Արդեն այնպիսի իրավիճակ է, որ թե՛ ԵՄ-ն, թե՛ ՌԴ-ն կամ ԱՄՆ-ն կարող են Հայաստանը ընկալել որպես մի պետություն, ուր մարդիկ ի զորու չեն քաղաքակիրթ ճանապարհով լուծել խնդիրները եւ հարկադրված դիմում են զենքի ուժին, հակաօրինական, հանցագործ ճանապարհների: Ի՞նչ է նշանակում, երբ քաղաքապետի կամ հարկային ոստիկանության պետի նկատմամբ մահափորձ է կատարվում, սա նշանակում է, որ տվյալ երկրում արհամարհվում է օրենքը, արհամարհվում է պետության ներկայացուցիչը, որ տվյալ երկրում հանցավոր ճանապարհով հարցերը կարգավորելը, կարծես թե, դառնում է բնականոն իրավիճակ, եւ պատահական չէ, որ «ԱՄ»-ն իր կարգախոսն է ընտրել հենց սա՝ «Հայրենիքը փրկենք միաբանությամբ»: Ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի այս ընտրություններից, ժողովուրդը սպասում է, որ վերջապես հաղթի օրինականությունն ու օրենքը, եւ մենք կունենանք օրենքի ուժով գործող երկիր եւ ոչ թե օրենքները բռնաբարող իշխանությունների կողմից կառավարվող երկիր:

– Սակայն իշխանության ներկայացուցիչները նման դեպքերում սովորաբար ասում են՝ իսկ ո՞ր երկրում նման բաներ չեն լինում, ո՞ր երկրում չեն կրակում:

– Մեզանում ամբողջ արժեհամակարգը խեղված է, իմ ընդդիմախոսները կարող են ամբողջ եթերը հեղեղել Սուրբ Խաչ եկեղեցու բացմանը մասնակցել-չմասնակցելուն նվիրված քննարկումներով, «Հայ Դատի» մասին խոսեն, խոսեն իրոք կարեւոր նշանակություն ունեցող խնդիրների մասին, բայց այդպես էլ մոռանալով, որ այդ բոլոր հարցերը միջոց են, որ հայ մարդը Հայաստանում իրեն պաշտպանված եւ ապահով զգա: Չես կարող պատմական հուշարձանին տեր կանգնել եւ դա ընդունվի որպես անաչառ դրսեւորում, երբ դու տեր չես կանգնում քո ամենակարեւոր հարստությանը, այն է՝ հայ մարդուն: Խեղված է արժեհամակարգը, եւ սա է, որ պետք է տագնապ հարուցի իշխանությունների մեջ, որովհետեւ, եթե հայ մարդը իր սեփական երկրում պաշտպանված չէ, նա ինքը պատրաստ չի լինի իր երկիրը պաշտպանել: Հայաստանը ներկայիս իրավիճակում պաշտպանության լուրջ կարիք ունի: Կարդալով ցանկացած վերլուծական նյութ՝ զարմանում ես, թե ինչպես կարելի է երկիրը կատարյալ մեկուսացման մեջ գցել թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական բնագավառներում եւ խոսել ինչ-որ հարցերի շուրջ, երբ մայր հարցը Հայաստանի Հանրապետությունում ամենաանպաշտպան, ամենաանօգնական վիճակում հայտնված հայ քաղաքացին է:

– Տեսա, որ արդեն պատրաստ են ձեր կուսակցության նախընտրական պաստառները, որոնք իրենց չափերով շատ ավելի փոքրիկ են, քան «Բարգավաճ Հայաստանինը» կամ ՀՀԿ-ինը, դուք դրանք քաղաքի ո՞ր մասերում եք պատրաստվում ցուցադրել եւ մտավախություն չունե՞ք, որ հսկայական պաստառների մեջ դրանք կկորչեն:

– Մենք այդ հարցերին կարեւորություն չենք տալիս, ավելի շատ կարեւորություն ենք տալիս ընտրապայքարի բովանդակային մասին, իսկ բովանդակային մասը ներառված է մեր հակաճգնաժամային ծրագրում, որը, ինչպես օրենքն է պահանջում, ապրիլի 8-ից կբաժանվի ընտրողներին: Մեր ողջ քարոզարշավի մեխը լինելու է այն, որ յուրաքանչյուր հայ մարդ, կարդալով այդ ծրագիրը, կարողանա իր տեղը որոշել Հայաստանը շենացնելու ճանապարհին, իրենից պահանջվող բնագավառը որոշի եւ, որ ամենակարեւորն է, ներքին պահանջ զգա մասնակիցը դառնալ սեփական երկրի ապագան կառուցելու գործին: Իսկ այդ պաստառները նպատակ ունեն քաղաքականությունից իրենց առավել հեռու պահած մարդկանց ծանոթացնել, հիշեցնել, թե ինչ կարգախոսով ենք մենք գնալու ընտրություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30