Ընտրություններին կմասնակցեն 24 կուսակցություններ եւ 1 դաշինք, սակայն՝ փոքր-ինչ նոսրացած ցուցակներով
ԿԸՀ երեկվա նիստում, որտեղ քննարկվում էր համամասնական ընտրակարգով հայտ ներկայացրած ուժերին գրանցելու հարցը, պարզվեց, որ միայն 4-ի («Ազգային միաբանություն», «Ազգային համաձայնություն», ԲՀԿ եւ Մարքսիստական կուսակցություն) ցուցակներում տեղի չեն ունեցել փոփոխություններ: ՀՀԿ-ի ցուցակում մի փոփոխություն կա՝ Անդրանիկ Մարգարյանը:
Մնացած փոփոխությունների պատճառը գերազանցապես գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելն է: Եվ դուրս են մնացել անձինք, որոնց անունները հայտնի չեն քաղաքական շրջանակներում:
Այսպես, ԱԺԿ-ի ցուցակից դուրս են մնացել 4 հոգի, «Դաշինքից»՝ 9, «Ժառանգությունից»՝ 5 (նրանց մեջ է նաեւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի էլեկտրիկը), Ժողովրդավարական կուսակցությունից՝ 4՝ «Ժողովրդական ուղի» կուսակցությունից՝ 4 հոգի: «Իմպիչմենթ» դաշինքի ցուցակը պակասել է 9 հոգով (նրանց շարքում է նաեւ Վանուշ Շերմազանյանը, որն «Առավոտին» հայտնեց, թե դուրս է եկել «զուտ անձնական պատճառներով»): ՀՅԴ-ի ցուցակից դուրս են մնացել 4 հոգի (մասնավորապես Գեղարքունիքի մարզպետ Արսեն Գրիգորյանը եւ ԵՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի պրոռեկտոր Պարույր Գոմցյանը): Առաջադիմական կուսակցության ու ՀԴԿ ցուցակներից դուրս են մնացել 1-ական հոգի, Երիտասարդական կուսակցության ցուցակից՝ 3-ը, ՀԺԿ-ից՝ 5, ՀԿԿ-ից՝ 2 (մեկը Մարտունու փոխքաղաքապետ Ռադիկ Հարությունյանն է): ՀՀՇ ցուցակից դուրս մնացածները 13-ն են, «Հանրապետության» եւ ՄԱԿ-ի ցուցակներից՝ 6-ական հոգի, ՄԻԱԿ-ից՝ 5-ը, «Նոր ժամանակներ»-ից՝ 4-ը, ՍԴՀԿ-ից եւ ՔԺՎԿ-ից՝ 2-ական հոգի:
Ամենաուշագրավն ՕԵԿ-ի համամասնական ցուցակից դուրս մնացած 11-ից 2-ի անուններն են՝ Եվրոպական տարածաշրջանային համալսարանի նախկին ռեկտոր Վիկտոր Մարտիրոսյան, որը դադարեցրել էր նաեւ մեծամասնական ընտրակարգով իր պայքարը Վայոց ձորում, եւ ԱԺ պատգամավոր Գագիկ Ավետյան, որը ցուցակում 32-րդն էր: Գագիկ Ավետյանն իր դուրս մնալու պատճառների վերաբերյալ «Առավոտի» հարցին պատասխանեց. «Ուղղակի չեմ ուզեցել՝ չեմ առաջադրվել»: Իսկ հարցին, թե շարունակո՞ւմ է մնալ ՕԵԿ անդամ՝ պատասխանեց դրական:
Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի շարքում են նաեւ այն պաշտոնյաների արձակուրդների հրամանները, որոնք օրենքի համաձայն՝ պաշտոնական քարոզարշավը սկսելուց հետո պիտի դադարեն կատարել իրենց պարտականությունները: Եվ թեեւ թվում էր, որ նման հրամաններ ամենաշատը պիտի ներկայացված լինեն չինովնիկներով հարուստ ՀՀԿ-ից, պարզվեց, որ նրանցից ընդամենը 9-ի լիազորություններն են ժամանակավորապես դադարեցվել, նույնքան՝ ինչքան ՄԱԿ-ի դեպքում է: Այս առումով 1-ին տեղում ՀՅԴ-ն է՝ իր 22 արձակուրդի մեջ գտնվող պաշտոնյաներով, 2-րդ տեղում՝ ՕԵԿ-ը՝ 20 պաշտոնյաներով, 3-րդ տեղում՝ «Բարգավաճ Հայաստանը»՝ 11 պաշտոնյաներով:
Այս ուժերից եւ ոչ մեկի ընտրական ցուցակների գրանցման ժամանակ ԿԸՀ անդամների կողմից չեղան առարկություններ՝ բացառությամբ ՄԻԱԿ-ի եւ «Դաշինքի»: Երկու դեպքում էլ առարկություններ ներկայացնողը «Արդարության» ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն էր: ՄԻԱԿ-ի ցուցակում 2-րդի՝ «Քոմեդի քլաբ»-ի մասնակից Գարիկ Մարտիրոսյանի փաստաթղթերում նշված չէր նրա եկամուտների աղբյուրը: «Հայտարարագրում գրել է, որ 2005-ի ապրիլի 5-ից աշխատում է Մոսկվայում: Եթե աշխատավարձն էլ է Մոսկվայում ստանում՝ ուրեմն ՀՀ-ում մշտական բնակության խնդիր կա»,- նկատեց պրն Խաչատրյանը: Սակայն հանձնաժողովի անդամները բավարար համարեցին, որ նշված է Գարիկ Մարտիրոսյանի աշխատանքի վայրը:
Իսկ «Դաշինքի» դեպքում Ֆելիքս Խաչատրյանի առարկությունը վերաբերում էր Սամվել Բաբայանի՝ վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու տեղեկանքին: Ըստ դրա՝ Սամվել Բաբայանը 1994-ի հունվարից մինչեւ 2006-ի սեպտեմբերը բնակվել է Ստեփանակերտում, իսկ 2006-ի սեպտեմբերի 15-ից՝ Երեւանում: Ֆելիքս Խաչատրյանի կարծիքով՝ «Սա տեղեկանք է այն մասին, որ Սամվել Բաբայանը վերջին 5 տարում մշտապես չի բնակվել ՀՀ-ում»: Նա առաջարկեց հանձնաժողովին «Ընտրական օրենսգրքով» սահմանված 48-ժամյա ժամկետում հնարավորություն տալ Սամվել Բաբայանին ներկայացնել տեղեկանքի միասնական ձեւը, որը պահպանվել է ցուցակներում ընդգրկված մնացած բոլոր 1314 թեկնածուների համար. «Միայն Սամվել Բաբայանի համար է տրված այս բովանդակությամբ տեղեկանք: Եվ կարծում եմ, որ սա շատ պարզունակ թակարդ է Սամվել Բաբայանի համար. ցանկացած ժամանակ, եթե նա քննադատի իշխանություններին՝ նրա գրանցումը անվավեր կճանաչեն կամ կօգտագործեն նրա դեմ»: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հիշեցրեց, որ «Ընտրական օրենսգրքով» սահմանված 48 ժամը վերաբերում է ոչ թե բերված տեղեկանքները նորով փոխարինելուն, այլ փաստաթղթերում առկա անճշտություններին ու թերություններին: Իսկ Սամվել Բաբայանի տեղեկանքում անճշտություն չկա՝ ըստ Գարեգին Ազարյանի:
Ֆելիքս Խաչատրյանի առաջարկը եւ հետո էլ՝ «Դաշինքի» գրանցման դեմ նրա առարկությունը մերժվեց քվեարկությամբ: Կողմ քվեարկեց միայն ԿԸՀ-ում ՕԵԿ նորանշանակ ներկայացուցիչ Սոնա Սարգսյանը: Իր քվեարկությունը նա «Առավոտին» այսպես պատճառաբանեց. «Քանի որ տեղեկանքը մնացած թեկնածուների համար նմանատիպ է, իսկ այս մեկն ունի յուրահատուկ բնույթ՝ կողմ էի, որ ԿԸՀ-ն լիազոր մարմնից պարզաբանումներ ստանար այս կապակցությամբ: Այստեղ որեւէ քաղաքական դրդապատճառ պետք չի որոնել»: Իսկ ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը նիստից հետո լրագրողներին ասաց. «Եթե Սամվել Բաբայանը բերեր տեղեկանք, որ նա ՀՀ քաղաքացի է, բայց վերջին 5 տարին բնակվել է Վանա Սուրբ Խաչ եկեղեցու կողքը՝ ես երկու ձեռքով կքվեարկեի»:
Հ. Գ. Երեկ «Նոր ժամանակները» տարածել է հաղորդագրություն, թե ԿԸՀ-ում «գրանցվել են նաեւ այնպիսի անձինք, որոնց պարագայում վերջին 5 տարիներին ՀՀ-ում մշտապես բնակվելու հանգամանքը խիստ վիճարկելի է… Ակնհայտ է, որ իշխանական պատվերի շրջանակներում ԿԸՀ-ն առաջնորդվում է ո՛չ թե «Ընտրական օրենսգրքով» կամ այլ իրավական ակտերով, այլ զուտ քաղաքական շարժառիթներով, ինչն անթույլատրելի է»: