Կասի ընտրակաշառքով ընտրված իշխանությունը
Ըստ որոշ պնդումների, 2007-ի խորհրդարանական ընտրությունների թիվ մեկ ընտրակեղծիքը չի լինելու լցոնումը կամ կարուսելը, լինելու է նկարելը, ոչ թե թվանկարչությունը, որի մասին այնքան սիրում է խոսել Արշակ Սադոյանը, այլ նկարելը՝ ամենաուղղակի իմաստով: Ասում են, արդեն պատրաստ են բազմաթիվ բջջային հեռախոսներ, որոնք նաեւ նկարում են, եւ ընտրողների հետ դրսում բացատրական աշխատանքից հետո ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի համար աշխատող տղաները հեռախոսները տալու են ընտրողին եւ հրահանգելու են՝ քվեաթերթիկում համապատասխան նշումը անելուց հետո նկարել քվեաթերթիկը: Դուրս գալուց հետո «նկարը» կստուգվի եւ միայն դրանից հետո կվճարեն ընտրողին իր տված ձայնի դիմաց: Գիտակները պնդում են, որ ընտրության օրը մեկ ձայնի գինը կհասնի մինչեւ 30 հազար դրամի:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում բացառեց նման կեղծիքների հնարավորությունը՝ ասելով, որ քվեախցիկները հիմա բաց են լինելու, այլեւս չեն լինելու վարագույրներ եւ փակ քվեախցիկներ, եւ երբ ընտրողը ապարատ հանի նկարելու համար, անմիջապես դա կկանխվի ե՛ւ դիտորդների, ե՛ւ վստահված անձանց, ե՛ւ հանձնաժողովի անդամների կողմից: Ասաց նաեւ. «Իհարկե, այն պահին, երբ ընտրողը այդ «պտիչկա» կոչվածն անում է, նրան չեն կարող մոտենալ եւ տեսնել, թե ինչպես է նա քվեարկում, սահմանված է, որ յուրաքանչյուր խցիկ մյուսից պետք է մետրուկես հեռավորության վրա լինի, այնպես որ, որեւէ մեկը չի կարող միջամտել եւ ոչ ոք չի կարող նկարել, հակառակ դեպքում ե՛ւ վստահված անձինք, ե՛ւ դիտորդները դա կտեսնեն ու կմիջամտեն: Եթե լինեն էլ ընտրախախտումներ, դրանք կլինեն ընտրատեղամասից դուրս, այսինքն՝ բնակչությանը կաշառելը, սնունդ տալը կամ այլն կարող են լինել միմիայն դրսում, որի դեմ նույնպես պայքարի միջոցները նախատեսված են: Ամենակարեւորը քրեական պատասխանատվությունը ուժեղացնելու վերաբերյալ ձեռնարկումներն են. 5 նոր հոդված է ավելացել Քր. օր.-ում եւ 10-ից ավելի հոդվածներում խոսվում է տարբեր տեսակի ընտրախախտումների դեպքում պատասխանատվության չափերի մասին, եւ սանկցիաներն էլ խստացվեցին՝ մինչեւ 7 տարի ազատազրկում կա այն դեպքում, երբ քվեատուփ են փոխում, գողանում եւ այլն»:
Փոփոխված «Ընտրական օրենսգիրքը», ըստ մեր զրուցակցի, կեղծիքների հնարավորություն չի տալիս: Նախորդ ընտրություններին ականատես ենք եղել, թե ինչպես են հանձնաժողովների նախագահները, ովքեր հիմնականում իշխանության ներկայացուցիչներ են լինում, ընտրատեղամասերից դուրս հրավիրում ընդդիմության վստահված անձանց կամ դիտորդներին: Սրա դեմ ոչ ոք չէր կարողանում պայքարել: Միայն մեկ դեպք է տպավորվել, երբ ընդդիմության վստահված անձը պայքարեց մինչեւ վերջ եւ մնաց ընտրատեղամասում: 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ Տիգրան Պետրոսյանը Ստեփան Դեմիրճյանի վստահված անձն էր եւ իր աժդահա կերպարով չէր հեռանում քվեատուփից՝ խանգարելով լցոնումները եւ կեղծիքները: Գյուղապետ Գեղամը, ով նաեւ հանձնաժողովի նախագահն էր, շարունակ արձանագրություններ էր կազմում վստահված անձին դուրս հրավիրելու մասին, բայց այդպես էլ չհաջողվեց Տիգրանին հեռացնել ընտրատեղամասից: Սակայն սրանք եզակի դեպքեր էին, եւ հիմնականում իշխանության ներկայացուցիչ հանձնաժողովականները իրենց ուզածին հասնում էին: Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանը դեռ 2005-ին ընտրվեց նույն Դալարի գյուղապետ, եւ դրանից մի քանի ամիս հետո նախկին գյուղապետ նույն Գեղամը կրակոցով սպանեց նրան:
Մեր դիտարկմանը, թե այս ընտրություններում եւս նման բաներ կլինեն, Ռաֆիկ Պետրոսյանը համամիտ չէր եւ որպես փաստարկ ներկայացրեց, թե փոփոխված «ԸՕ»-ն հնարավորություն չի տալիս ընտրատեղամասերից հեռացնել դիտորդներին կամ վստահված անձանց. «Նկատի է առնվել, որ նախկին ընտրությունների ժամանակ հանձնաժողովները որոշում էին կայացնում եւ ընտրական սենյակից դուրս էին հրավիրում վստահված անձանց, դիտորդներին՝ պատճառաբանելով, որ իբր նրանք խանգարում են իրենց աշխատանքը: Այժմ կտրականապես սահմանված է, որ ոչ ոք չի կարող դիտորդներին կամ վստահված անձանց հանել ընտրական սենյակներից, վերջիններիս բոլոր իրավունքները հավասարեցվել են հանձնաժողովների անդամների իրավունքներին: Վստահված անձինք այժմ կարող են մոտենալ ցանկացած ընտրողի, ստուգել՝ նա հաշվառման մեջ գտնվո՞ւմ է տվյալ վայրում, թե՞ ոչ, եւ վերջում եւս, երբ քվեաթերթիկը ծրարի մեջ է դրվում ու պետք է գցվի արկղը, վստահված անձը կարող է ստուգել ընտրողի անձը: Մեկ այլ կարեւոր փոփոխություն եւս՝ վստահված անձինք կարող են ներկա գտնվել քվեաթերթիկների հաշվառման գործընթացին եւ ոչ միայն ներկա գտնվել, այլեւ ստուգել, լուսանկարել կամ տեսանկարել հաշվառման ամբողջ պրոցեսը: Շատ կարեւոր հանգամանք է, որ հանձնաժողովի որեւէ անդամ չփորձի մեկի անունով քվեարկված թերթիկը ներկայացնել որպես այլ թեկնածուի օգտին քվեարկված»,- ասաց մեր զրուցակիցը: