Սահմանադրական դատարանը երեկ քննության էր դրել ՀՀ 27 քաղաքացիների դիմումները
Դիմումատուները գտնում էին, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, 231 հոդվածի 1-ին եւ 3-րդ ենթակետերը (գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելը, գույքային իրավունքին առնչվող սահմանափակումները) չեն համապատասխանում ՀՀ սահմանադրության մի շարք հոդվածների: Սահմանադրական դատարանում որպես պատասխանող կողմ հանդես էր գալիս ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, իսկ ՍԴ անդամ Հրանտ Նազարյանը զեկուցողն էր:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ դիմումատուներից Ռուբեն Թորոսյանը խնդրել է իր մասով կարճել գործի վարույթը: Գ. Հարությունյանը քաղաքացիներին եւ նրանց ներկայացուցիչ փաստաբաններին բացատրեց անհատական դիմումների քննարկման կարգը, դիմումատուների իրավունքներն ու պարտականությունները: Նա հորդորեց, որպեսզի կողմերը նշեն իրենց նկատմամբ կիրառված օրենքի նորմի՝ Սահմանադրությանը անհամապատասխանության հարցը եւ ոչ թե ներկայացնեն ապացույցներ, որոնք հետազոտվել են թե՛ առաջին ատյանի, թե՛ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում: Սակայն երբեմն էմոցիաները ավելին էին, քան վճիռներում պատկերված իրականությունը:
Հայրենական պատերազմի հաշմանդամ Շամիլ Մարդանյանը, որը սրտի ծակոցներով դատարան էր ներկայացել, ասաց, որ ինքը որեւէ մեկից գումար չի վերցրել, գրավ չի դրել ոչինչ, սակայն իր սեփական տունն առանց իր գիտության դրել են աճուրդի. «5 տարի կռվել եմ, 2 անգամ վիրավորվել: Դրա համա՞ր եք ինձ սեփականության իմ իրավունքներից զրկել»: Նա տեղեկացրեց, որ 5 տարի է, ինչ կեղծ աճուրդի պատճառով հայտնվել է փողոցում: Գտնում էր, որ իր սեփականության իրավունքն է խախտվել եւ այս պետությունում չի գտնվել մի մարմին, որը կպաշտպաներ այն:
Մեկ այլ դիմումատու՝ Լենա Հախնազարյանն ասաց, որ հայցով դիմել է առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ կարատեի ֆեդերացիայի, որը պահեստ է ունեցել իր տարածքում: «Առաջին ատյանի դատարանում իմացա, որ իմ հայցին միացրել են անծանոթ մեկ այլ քաղաքացու հայց, որը դատարանից խնդրում էր վիճելի տարածքում թույլատրել ավտոտնակ կառուցել»,- շարունակեց նա: «Մենք չենք փոխարինում այն դատավորներին, որոնք քննել են ձեր գործը»,- ընդհատելով դիմումատուին, ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Իսկ ՍԴ անդամ Կիմ Բալայանն էլ փորձեց ճշտել, թե ով է խորհուրդ տվել տիկնոջը դիմել Սահմանադրական դատարան: Դիմումատուն հայտնեց՝ ԱԺ իրավաբանը:
Թամարա Մկրտչյանն իր ներկայացուցչին էր ուղարկել՝ փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանին: Վերջինս նշեց, որ իր վստահորդի սեփականությունը՝ տունը, տնօրինել է դրա իրավունքը չունեցող անձնավորություն: Դիմել են դատարան՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքն ազատելու պահանջով: Սակայն վճռաբեկ դատարանը բողոքը, ըստ փաստաբանի, «տրաֆարետային ձեւակերպմամբ» հետ է ուղարկել: Ռ. Տեր-Վարդանյանը նկատեց, որ երբ գումար ստանալու հարցով են դիմում վճռաբեկ դատարան, ընդունում եւ բավարարում են բողոքը, իսկ երբ սեփականության հարցով է՝ մերժում: «Ինչ է, սեփականությունը մեր երկրում կոպեկ չարժե՞»,- հարցրեց փաստաբանը: Այս փաստաբանն իր գործընկերների անունից հայտարարեց, որ կդիմեն նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ սեփականության իրավունքի խախտման հարցով: Սակայն ՍԴ անդամներին դրանով չվախեցրեց փաստաբանը, որովհետեւ Կիմ Բալայանն ասաց. «Ատյանները եթե շատանան՝ արդյունավետությունը կբարձրանա՞»: Մեկ այլ փաստաբան էլ՝ Հարությունյան ազգանունով, գտնում էր, որ մինչեւ վճռաբեկ դատարանը չքննի գործը, ակտի միատեսակ կիրառման սկզբունքը չի իրականանա: Պարզվեց, որ վճռաբեկ դատարանը մերժել է նաեւ Գեղեցիկ Առաքելյանի բողոքը վարույթ ընդունել, նույնկերպ են վարվել Աստաֆյան փողոցից վերջերս վտարված Մարիետա Հախվերդյանի ընտանիքի հետ, երբ առանց գումարի փոխհատուցման, նշված տարածքից վտարել են 9 շնչից բաղկացած նրա ընտանիքը:
ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանը, որը ներկայումս հավակնում է նորից պատգամավոր դառնալու, դիմել էր ՍԴ: Նրա կնոջը ներգրավել են Հյուսիսային պողոտայի հետ կապված գործին, մերժելով վճռաբեկ դատարան իր դիմումը: Վճռաբեկը պատճառաբանել էր. «Չեն պահպանվել հիմնավորվածությունները»: Մինչդեռ, ըստ դիմումատուների, իրենք ունեն սահմանադրությամբ դատական պաշտպանության իրավունք: Վճռաբեկ դատարանն էլ օրենքով կարող է սահմանել ժամկետ՝ թերությունները վերացնելու համար, ինչը չի անում, զրկելով քաղաքացուն մինչեւ վերջ արդյունավետ պաշտպանվելու իրավունքից: Պատասխանող Դավիթ Հարությունյանին ուղղված հարցերը կշարունակվեն ուրբաթ օրվա նիստի ժամանակ: