Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի երաժիշտներն էլ երազանք ունեն

Ապրիլ 03,2007 00:00

Մեդեա Աբրահամյանի համար դա նվագախմբի հետ հանդես գալն է

Օրերս Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» տուն-թանգարանում կայացավ անվանի թավջութակահարուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանի ծննդյան 75 եւ բեմական գործունեության 55-ամյակներին նվիրված երեկո:

Հայ թավջութակի դպրոցի հիմնադիրներից մեկին, հայ կատարողական դպրոցի երեւելիին առանձնապես ներկայացնելու կարիք չկա, միայն նշենք, որ Մ. Աբրահամյանը 1950 թ. ավարտելով Երեւանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցը, ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում։ Մ. Աբրահամյանը 1957-ից դասավանդել է իր հարազատ դպրոցում, իսկ 1960 թ. հրավիրվել կոնսերվատորիա, որտեղ եւ աշխատում է մինչ օրս:

Թավջութակահարուհին սիրով զրուցեց «Առավոտի» հետ, խնդրելով, որ հոդվածում անպայման նշենք իր հայաստանցի ուսուցիչներ Կ. Խիզանյանի, Լ. Գրիգորյանի անունները: Իսկ Մ. Ռոստրոպովիչի մասին խոսելիս էլ Մ. Աբրահամյանը հիշեց, որ մեծանուն երաժիշտը ժամանակին չթողնելով, որ ինքն ապրի մոսկովյան հանրակացարանում, լուծել է իր բնակարանի հարցը եւ անգամ վճարել վարձը:

Փաստենք, որ հայ եւ արտերկրի շատ կոմպոզիտորներ իրենց ստեղծագործությունների առաջին կատարումը վստահել են թավջութակահարուհուն: Անգնահատելի է նաեւ Մ. Աբրահամյանի ներդրումը թավջութակի գրականության ընդլայնման, ազգային երկացանկի պրոպագանդման գործում: Երաժշտի կարծիքով, նորաստեղծ յուրաքանչյուր գործ պետք է կատարվի, հնչի, կենդանի շունչ ստանա, իսկ իսկական արժեւորումը կտա ժամանակը՝ անկաշառ դատավորը։ Թավջութակահարուհին քանիցս հնչեցրել է այն միտքը, թե իր երջանկությունը որոնել է միայն երաժշտության հետ անմիջական շփումներում, ինչն էլ եղել է ինքնարտահայտման միակ միջոց:

Մ. Աբրահամյանին հարցրինք՝ բացի դասական երաժշտությունից, իր կյանքում այլ հետաքրքրություններ չկա՞ն: «Սիրում եմ ֆուտբոլ դիտել, իհարկե, երբ խաղում են բարձրակարգ թիմեր: Ընդհանրապես սպորտային յուրաքանչյուր պայքար հանգստացնում է լարված նյարդերս»: Թավջութակահարուհին նշեց, որ սիրում է նաեւ ջազ:

Համոզված լինելով, թե անվանի արվեստագետը իր ստեղծագործական կյանքում ամեն ինչ հասցրել է, տարբեր երկրներում հեղինակավոր դահլիճներում, նվագախմբերի, անվանի դիրիժորների հետ համագործակցած երաժշտին, այնուամենայնիվ, հարցրինք՝ էլ ի՞նչ երազանք ունի, որ դեռ չի իրականացել: «Մասամբ հասել եմ երազանքներիս՝ բեմահարթակում լինել երկար ժամանակ, ուժերիս ներածին չափով՝ բարձրարվեստ կատարումներով, անդավաճան եմ մնացել սեփական սկզբունքներիս… Երազել եմ նվագել տարբեր անսամբլներում, լինի քառյակ, եռյակ կամ տարբեր գործիքների հետ զուգանվագ: Իհարկե, այդ հաճույքը երբեմն ունեցել եմ, բայց նվագախմբի հետ նվագելն է իմ տարերքը, ինչը հազվադեպ է լինում…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30