Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԺԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՎՃԻՌԸ ՎԱՐՈՒՅԹ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ

Ապրիլ 03,2007 00:00

Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում անցյալ տարվա սեպտեմբերի 8-ին լսվել է Նորքի 9-րդ զանգվածի 39 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ Վալերի Սարգսյանի ժառանգության հարցը:

Վալերի Սարգսյանի հայրը՝ Հայկ Սարգսյանը, Ձորաղբյուրի 28 թաղամասում ունեցել է 504 քմ հողամաս: 2001-ին Հայկ Սարգսյանը մահացել է: Որդին՝ Վալերին, գտնվել է Ուկրաինայում եւ առողջական խնդիրներ ունենալու պատճառով չի կարողացել սահմանված ժամկետում ներկայանալ եւ ընդունել ժառանգությունը:

Հոր հուղարկավորության արարողությունը կատարելուց հետո Վալերին մեկնել է Ուկրաինա: Առաջին ատյանի դատարանը, Նունե Մարգարյանի նախագահությամբ, ճանաչեց Վալերիին առաջին կարգի ժառանգ, հարգելի համարեց փաստաթղթերի ձեւակերպման բացթողնված ժամկետը:

Վճիռը ըստ կարգի կարող էր բողոքարկվեր 15-օրյա ժամկետում: Սակայն չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ: Որքան էլ, սակայն, տարօրինակ է, ՀՀ քաղաքացիական եւ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը այս գործը վարույթ է ընդունում 90 օր հետո, այս տարվա հունվարին էլ նշանակում դատական անդրանիկ նիստը:

Վալերի Սարգսյանը բացարկ է հայտնել դատարանի ողջ կազմին՝ Ա. Թումանյանին, Ն. Հովսեփյանին եւ Տ. Սահակյանին: Բացարկին առանց ընթացք տալու եւ Վ. Սարգսյանին տեղյակ պահելու, վերոնշյալ գործը մնում է առանց քննության:

Վ. Սարգսյանը դիմել է ՀՀ արդարադատության խորհրդին՝ դատավորների գործողությունների հետ կապված: Նա պահանջում է ծառայողական քննություն անցկացնել վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի եւ վերոհիշյալ երեք դատավորների վերաբերյալ, որոնք օրինական ուժի մեջ մտած վճռով գործ են ընդունել իրենց վարույթ: Մարտի 14-ին ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի քարտուղար Մ. Հարթենյանի պաշտոնական գրությունն է ստացվել, որով Սարգսյանը տեղեկացվել է, որ ստացված դիմումի հիման վրա ԱԽ-ի կարգապահական հանձնաժողովը քննության է առել քաղաքացու դիմումը եւ որոշել է կարգապահական վարույթ չհարուցել վերաքննիչի դատավորների նկատմամբ:

Վալերի Սարգսյանը նույն բողոքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն, որն ի պատասխան մատնացույց է արել Քաղաքացիական օրենսգրքի մի քանի հոդվածներ, թե ինչպես բողոքը ընդունել վարույթ եւ ինչպիսին է դրա բողոքարկման կարգը: Սակայն մատնանշված հոդվածներից պարզ է դառնում, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար, իրավաբանական անձանց, քաղաքացիների համար ու ենթակա է կատարման ՀՀ ամբողջ տարածքում (ՀՀ քաղդատօր, հոդված 14՝ դատական ակտերի պարտադիր լինելը): Նշենք նաեւ, որ ըստ նույն Քաղդատօրի, «առաջին ատյանի դատարանների օրինական ուժի մեջ չմտած (շեշտենք՝ չմտած- Ռ. Մ.) վճիռների դեմ վերաքննիչ բողոքով գործերը» քննվում են միայն վերաքննիչ կամ տնտեսական գործերով դատարանում: Այնպես որ, Վ. Սարգսյանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը չպետք է վերաքննիչ դատարանի վարույթ ընդունվեր:

Օրենսդիրը Քրեական օրենսգրքի 352 հոդվածով սահմանել է դատավորի կողմից անարդար վճիռ, դատական այլ ակտ կայացնելու սանկցիաները: Այս դեպքում դատավորը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով առավելագույնը 5 տարի: Կա ավելի խիստ պատիժ էլ՝ 3 տարի ազատազրկում, ինչը ակնկալել էր Արդարադատության խորհրդից՝ օրինական վճիռը ձեռքին քաղաքացին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30