Արմավիրի քաղաքապետի ընտրությունները վիճարկվում են
Երեկ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Մանվել Սիմոնյան) լսվեց օրերս Արմավիրի քաղաքապետի ընտրություններում պարտված Արայիկ Աղաբաբյանի հայցն ընդդեմ թիվ 21 ընտրական հանձնաժողովի: Հիշեցնենք, որ Ա. Աղաբաբյանը առաջադրված էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: Նա պահանջում էր ընտրությունները չեղյալ համարել, քանի որ այն, ըստ ԲՀԿ ներկայացուցիչների, ընթացել է մի շարք խախտումներով: Ա. Աղաբաբյանը դատարան էր ներկայացել երեք փաստաբանով: Ըստ նրանց, միայն ընտրացուցակներում անճշտությունների թիվը հասել է 700-ի: Ընտրողների մեծ մասի անունների դիմաց այլ բնակության հասցե է նշված եղել: Բացի այդ, շատ դեպքերում էլ մի մարդը մի քանի ընտրատեղամասում է քվեարկել: Ա. Աղաբաբյանի խոսքերով, 110 մահացած մարդ մասնակցել է ընտրությանը: Ընտրացուցակներում առկա են եղել 400 ժամկետային զինծառայողների անուններ, որոնք, սակայն, այդ ժամանակ գտնվել են ծառայության մեջ եւ բացակայել են Արմավիրից: Այս մեղադրանքներին ի պատասխան՝ ՀՀԿ անդամ, Արմավիրի վերընտրված քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը դատարանում միայն ասում էր, որ «ընտրություններն անցել են նորմալ՝ առանց խախտումների: Հետաքրքիր է, որ ձեր թեկնածո՞ւն հաղթեր, էլի՞ կասեիք, որ խախտումներ է եղել»: Նիստին մասնակցում էր նաեւ Արմավիրի մարզի ոստիկանության բաժնի պետ Աշոտ Գեւորգյանը: Նա չէր բացառում, որ ընտրացուցակներում որոշ անճշտություններ եղած լինեն, բայց ըստ Ա. Գեւորգյանի, Ա. Աղաբաբյանի նշած թվերը ուռճացված են: Մինչդեռ քաղաքապետի պարտված թեկնածուն փաստեր ուներ, որ 69 արմավիրցի նախքան ընտրությունները, ծանոթանալով ցուցակներին եւ հայտնաբերելով խախտումներ, այդ մասին տեղյակ են պահել Արմավիրի մարզի ոստիկանության անձնագրային բաժնին, սակայն ընթացք չի տրվել: Ըստ հայցվորի, ընդհանուր առմամբ ցուցակներում կեղծ ստորագրությունների թիվը հասել է 1800-ի: Դատական նիստին ներկա թիվ 21 ընտրատեղամասի նախագահ Գայանե Սուքիասյանը զարմացել էր, որ Աղաբաբյանը բողոքել է, որովհետեւ ըստ նրա, օրենքով սահմանված ժամանակահատվածում հանձնաժողովը ոչ մի դիմում-բողոք Աղաբաբյանի եւ Խլղաթյանի կողմնակիցներից չի ստացել: Երեկ Ա. Աղաբաբյանի կողմնակիցները միջնորդություն ներկայացրին, որպեսզի բացվեն բոլոր 15 ընտրատեղամասերի քվեատուփերը եւ ընտրողների ցուցակները համեմատվեն: Սակայն դատարանը միջնորդությունը բավարարեց մասամբ՝ ասելով, որ այդքան ժամանակ չունեն, եւ որ պատահական ընտրությամբ կբացեն միայն 3 ընտրատեղամասերի քվեատուփերը՝ թիվ 5, 9 եւ 12: Թիվ 5 ընտրատեղամասի ցուցակը համեմատելիս պարզ դարձավ, որ 67 անճշտություն միայն այս քվեատուփում կար: Մյուս քվեատուփերը կբացվեն հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա այսօր, ժամը 9-ին: