Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԲՈՐԲՈՔՎԵԼ ԵՆ

Ապրիլ 03,2007 00:00

\"\"Տնօրինությունը «Առավոտ» թերթին բողոքող առեւտրականներին սպառնում է վռնդել

Այս օրերին Մալաթիայի հագուստի տոնավաճառում շատ լարված մթնոլորտ է: Տնօրեն Ռադիկ Սարգսյանը շարունակում է վաճառականներին հալածել՝ իր ավանդական մեթոդներով:

Երեկ «Առավոտի» խմբագրություն եկած մի խումբ առեւտրականներ պատմեցին, թե վերջին մի քանի օրերին իրենց տոնավաճառի տնօրինությունը ինչ նոր տուգանքներ եւ պատժիչ մեխանիզմներ է սահմանել՝ «դավաճան առեւտրականներին» կարգի հրավիրելու համար: Մեր օրաթերթը մարտի 13-ի, 21-ի եւ 24-ի համարներում նյութեր էր տպագրել այն մասին, որ այս տոնավաճառում՝ առիթ-անառիթ, վաճառականներին տուգանում են: Առեւտրականների պատմելով՝ «Առավոտի» առաջին հրապարակումից հետո տոնավաճառի տնօրենը տուգանքները վերացրել է, վռնդել է տոնավաճառում աշխատող բժշկին, որի համար վաճառողներից նախկինում ամսական 500-ական դրամ էին գանձում եւ անցնելով շարք առ շարք՝ բոլորին տեղեկացրել, որ այդուհետեւ իրենց չեն տուգանելու: Սակայն այս տոնավաճառի մասին «Առավոտի» երկրորդ հրապարակումից հետո տնօրենը որոշել է, որ առեւտրականներն ընդհանրապես արժանի չեն իր «բարությանը», որ «դաննիներ են հայտնում թերթերին», ուստի սկսել է ավելի կոպիտ ու ծայրահեղ պահանջներ դնել վաճառականների առջեւ, քան նախկինում էր: Օրինակ, առաջ առեւտրականն առավոտյան 9.30-ից պետք է 1 րոպե անգամ չուշանար, հակառակ դեպքում՝ պետք է այդ օրն ընդհանրապես չաշխատեր կամ մուծեր 12 հազար դրամի չափով տուգանք, իսկ հիմա արդեն, երբ վաճառականները բողոքի ալիք են բարձրացրել, նոր կարգ է սահմանվել. գալ առավոտյան ժամը 9-ից ոչ ուշ, իսկ ուշանալու դեպքում մուծել արդեն 20 հազար դրամ տուգանք: Բացի այդ, վաճառականների տեղեկացմամբ՝ այժմ տոնավաճառում աշխատող հսկիչներն իրենց նայում են՝ ինչպես «գործ տվողի» ու եթե մի փոքր անգամ կասկածում են, որ այդ վաճառողը հնարավոր է մեր թերթին ինֆորմացիա տված լինի՝ տանում են «շեֆի» մոտ: Ինչպես հայտնեցին խմբագրություն եկած առեւտրականները, արդեն մի հոգու, որին ամենաշատն են կասկածել, Ռ. Սարգսյանը հանել է աշխատանքից ու ձեռքից կրպակը վերցրել: «Մենք՝ տոնավաճառի 4000 աշխատողներս, ահը սրտներումս սպասում ենք, որ հաջորդ վռնդվողը մենք ենք լինելու: Ռադիկը, հովանավորվելով վերեւների կողմից, մեզ սարսափելի հալածանքների է ենթարկում: Նրան կառավարության անդամ է հովանավորում, իսկ մենք մեջք չունենք: Ստիպված ենք թողնել տաղավարները, որովհետեւ նման պայմաններում աշխատել հնարավոր չէ: Օր օրի տուգանքների չափը մեծացնում է, մեզանից մնում է շնչած օդի փողը գանձի: Արդեն որքան ժամանակ է՝ օդակարգավորիչի համար հավելյալ փող է վերցնում, բայց օդակարգավորիչն այդպես էլ չի միացնում, ամռանը շոգից խեղդվում ենք, ձմռանը՝ մրսում»,- բողոքում էին առեւտրականները:

Հիշեցնենք, որ Հարկային պետական ծառայությունը մտադիր է տոնավաճառների առեւտրականներից նաեւ հարկ պահանջել, անկախ տոնավաճառի տնօրինությանը նրանց վճարած վարձերից: Մալաթիայի տոնավաճառի արդեն շուրջ 250 աշխատակից գրանցվել է պետռեգիստրում՝ որպես ներմուծող եւ շուտով ստիպված պետք է լինի հսկիչ-դրամարկղային մեքենաներով աշխատել: Նկատենք, որ գրանցված առեւտրականների մի մասը ներմուծող չէ, վերավաճառող է, բայց նրանց էլ են ստիպել գրանցվել հարկայինում: «Ես շալվար եմ վերցնում-ծախում, ամեն մի կտորի մեջ ինձ 500 դրամ է մնում, ամենաթեժ առեւտրի սեզոնին օրը 5-6 հազար դրամ եմ առնում, որով հազիվ կարողանում եմ տեղի ու տաղավարի լույսի փողը տալ, ես ո՞նց կարող եմ մի բան էլ հարկայինին մուծվել, բացի այդ, ինչի՞ են ջոկողություն դնում, ով հարիֆ ա՝ ստիպողաբար գրանցվել են տվել, բա ինչի՞ բոլորին չեն գրանցում»,- դժգոհեց վաճառականներից մեկը: Նրա տաղավարը մոտ 3,5 քմ է, բայց հարկայինում, չգիտես ինչու, տաղավարի չափսերը մեծացրել են ու գրանցել 18 քմ: 250 տուժած աշխատակիցների մեծ մասի տաղավարները հենց նույն չափսերով են ներկայացված: Պատճառն այն է, որ առեւտրականներն անձամբ հարկայինի հետ գործ չեն ունենում, բոլոր փաստաթղթային հարցերը կազմակերպում է տոնավաճառի տնօրինությունը՝ «Ռաֆայել-Տաթեւ» ՍՊԸ-ն եւ ում վրա ինչքան ուզում՝ ավելի տարածք է գրում: Վաճառականների հաշվին տնօրինությունը իր եւ իր ծանոթ-բարեկամների տաղավարների տարածքի հարկային մուծումներից ազատվում է:

Նշենք, որ մեզ բողոքող առեւտրականների տվյալները խմբագրությունում են: Մենք նրանց անունները չենք հրապարակում՝ վերջիններիս վտանգի չենթարկելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30