Լրահոս
Օրվա լրահոսը

Թերթը կբացահայտի տեղեկատվության աղբյուրները

Ապրիլ 03,2007 00:00

Արդեն հաղորդել ենք, որ «Նոր ժամանակների» նախագահ Արամ Կարապետյանը մարտի 29-ին դիմել է գլխավոր դատախազին՝«Իսկական Իրավունք»-ում մարտի 27-ին հրապարակված «$10.000՝ ցուցակ ընդգրկվելու համար» հոդվածի կապակցությամբ:

Արամ Կարապետյանի դիմումում նախ շարադրված են այդ հոդվածում առկա պնդումները. «ՆԺԿ երկու իբր ղեկավար անձանց բանավոր հայտարարության համաձայն՝ ես կուսակցության ընտրացուցակում մարդկանց ընդգրկելու համար պահանջել եւ ստացել եմ 10 հազար ԱՄՆ դոլար կաշառք»: ՆԺ ղեկավարը պահանջում է հարուցել քրգործ. «Իմ նկատմամբ՝ ՀՀ քր. օր. 311 հոդվածով (կաշառք ստանալը), կաշառք տվողների նկատմամբ՝ ՀՀ քր. օր. 312 հոդվածով:

ՀՀ քր. դատ. օր. 179 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հոդվածագիրները պարտավոր են ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող՝ իրենց մոտ եղած փաստերը:

Փաստերի բացակայության կամ իրականության հետ կապ չունեցող «փաստերի» դեպքում պահանջում եմ ՀՀ քր. օր. 135 (քաղաքական գործչին վարկաբեկելը, նրա բարի համբավն արատավորելը, նրա հասցեին ակնհայտ զրպարտություններ տարածելը) եւ 151 (Ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը) հոդվածների հատկանիշներով քրեական գործ հարուցել Բաբուխանյանի, Գալաջյանի, ինչպես նաեւ հոդվածում 1 եւ 2 թվերով նշված ՆԺԿ իբր ղեկավար երկու անձանց նկատմամբ»:

Նշենք, որ «$10.000՝ ցուցակի տեղի համար» հոդվածն անստորագիր էր: Սակայն «Իսկական իրավունքի» գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը մեր զրույցի ընթացքում հիշեցրեց. «Թե ով է պատասխանատու այդ նյութի համար՝ պարզ սահմանված է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով: Ցանկացած նյութի պարագայում պատասխանատու է գլխավոր խմբագիրը»:

Գլխավոր դատախազությունը, որպես կանոն, անարձագանք է թողնում «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավարի դիմումները: Երեկ երբ հետաքրքրվեցինք, թե ինչ զարգացումներ են հետեւել Արամ Կարապետյանի դիմումին՝ Հովհաննես Գալաջյանն ասաց. «Դատախազությունից մինչ այս պահը դեռ ոչ մի արձագանք չկա՝ ոչ զանգ, ոչ ծանուցագիր»:

Թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը մարտի 31-ին հայտնել է, որ պատրաստ է ներկայացնել Արամ Կարապետյանին հետաքրքրող փաստեր եւ հրապարակել ՆԺԿ երկու ղեկավար անձանց անունները, որոնց բանավոր հայտարարությամբ էլ գրվել է հոդվածը: Նույն պատրաստակամությունը մեր զրույցում հայտնեց նաեւ «Իսկական իրավունքի» գլխավոր խմբագիրը՝ նշելով, որ թերեւս չեն օգտվի տեղեկատվության աղբյուրները չբացահայտելու՝ օրենքով ընձեռված հնարավորությունից. «Բնականաբար, գաղտնազերծումը կարող է լինել աղբյուրների համաձայնությամբ: Այդ անձինք, անհրաժեշտության դեպքում, դեմ չեն դրան: Կա նախնական համաձայնություն»: Հովհաննես Գալաջյանը նաեւ նշեց, թե իրավաբանների գնահատականով՝ «Արամ Կարապետյանի դիմումի մեջ կան սուտ մատնության հատկանիշներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30