Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՇԻՆՔԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏԱՐՕՐԻՆԱԿ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼ

Ապրիլ 03,2007 00:00

Ե՛վ այս կուսակցության ցուցակից 9 հոգու հանելը, ե՛ւ «Դաշինքի» ղեկավար Սամվել Բաբայանի՝ թիվ 37 ընտրատարածքում ընտրություններին չմասնակցելը շարունակում են տեղիք տալ հարցականների:

«Դաշինքի» համամասնական ցուցակում մարտի 28-ից հետո տեղի է ունեցել միանգամից 9 փոփոխություն: Ցուցակից դուրս են մնացել թիվ 8-ը՝ Անդրանիկ Թեւանյանը, որը Ռուս-հայկական համալսարանի դասախոս է, թիվ 16-ը՝ Արա Եղիազարյանը, որը ԱԺ աշխատակազմի ավագ մասնագետ է, թիվ 20-ը՝ Վարդան Թովմասյանը, թիվ 26-ը՝ Տիգրան Պետրոսյանցը, որը «Նիգ-Ապարան» միության նախագահի տեղակալն ու գործադիր տնօրենն է, թիվ 27-ը՝ Վիկտոր Հակոբյանը, որը ե՛ւ անկուսակցական է, ե՛ւ որեւէ տեղ չի աշխատում, թիվ 32-ը՝ Արիս Հակոբյանը, որը քաղաքաշինության նախարարության գլխավոր մասնագետ է, թիվ 30-ը՝ Հասմիկ Բարեղամյանը, որն 83 դպրոցի ուսուցչուհի է, թիվ 35-ը՝ Գարեգին Ղազարյանը, որը Սամվել Բաբայանի համախոհն էր դեռ ԼՂՀ-ում, եւ թիվ 42-ը՝ Ստեփանավանի ավագանու անդամ Արտակ Միրզոյանը:

Անդրանիկ Թեւանյանից բացի, մենք զրուցեցինք նաեւ Տիգրան Պետրոսյանցի հետ, որը հարցին ի պատասխան, թե ինչու է դուրս մնացել ցուցակից՝ նախ ասաց, թե հրաժարվում է մեկնաբանություններից: Սակայն հետո, երբ հարցրինք, թե իր մասով իրականությանը համապատասխանո՞ւմ է «Դաշինքի» քաղխորհրդի քարտուղար Գնել Ղլեչյանի պարզաբանումը, որ ցուցակից կրճատվածները չեն կարողացել հավաքել գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ Տիգրան Պետրոսյանցը պատասխանեց՝ «Այո՛»: Նկատենք, սակայն, որ եթե նա իրոք չկարողանար ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը՝ պիտի դուրս մնար նաեւ մեծամասնական պայքարից: Մինչդեռ Տիգրան Պետրոսյանցը շարունակում է մնալ թիվ 6 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, ուղղակի այստեղ նրա կուսակցական պատկանելության դիմաց նշված է «Ազատամարտի վետերանների միություն»:

Հարցականներ են մնում նաեւ թիվ 37 ընտրատարածքում ընտրապայքարից Սամվել Բաբայանի հրաժարվելու շուրջ: Երեկ Գնել Ղլեչյանից հետաքրքրվեցինք, թե վերահաստատո՞ւմ է անցած շաբաթ իր արած պնդումը, թե 37 ընտրատարածքում «իրենց ընդդիմադիր հորջորջող քաղաքական որոշ ուժեր, որոնք ունեն ընտրական հանձնաժողովներում անդամներ ունենալու իրավունք, թեեւ նախապես խոստացել էին համագործակցել ընտրակեղծիքները կանխելու հարցում, այնուամենայնիվ, խոսքը գործի չեն վերածում: Մեր ունեցած տեղեկություններով, նրանք իրենց հանձնաժողովների տեղերը վաճառել են իշխանությունները ներկայացնող որոշ ուժերի»: Ի պատասխան՝ «Դաշինքի» քաղխորհրդի քարտուղարն ասաց. «Կարծում եմ, ես չեմ թողել մի գործչի տպավորություն, որը մի շաբաթվա կտրվածքով փոխի իր նախկին հայտարարությունը: Այո՛, նման բան եղել է: Նման համագործակցությունն ընդդիմադիր ուժերի կողմից այսօր էլ շարունակվում է: Այլ խնդիր է, որ ես թե՛ մեկ շաբաթ առաջ, թե՛ այսօր չեմ պատրաստվում հրապարակել որեւէ մեկի անունը»: Սակայն հայտնի է, որ ընտրական հանձնաժողովներում տեղեր ունեն «Արդարությունը», «Ազգային միաբանությունը» եւ ՕԵԿ-ը, որոնք հերքում են այս մեղադրանքները՝ անգամ զարմանք արտահայտելով: «Թույլ տվեք ինձ էլ զարմանք արտահայտել իրենց զարմանքի կապակցությամբ»,- ի պատասխան ասաց Գնել Ղլեչյանը:

Եվս մի հանգամանք կա: ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվելու են ապրիլի 23-26-ը: Այսինքն՝ այժմ որեւէ ընդդիմադիր կուսակցություն ՏԸՀ-ում անդամներ չունի էլ, որ նրանք համագործակցեն կամ չհամագործակցեն Սերժ Սարգսյանի եղբոր հետ: «Դաշինքի» քաղխորհրդի քարտուղարը այս փաստի վերաբերյալ մեր հիշեցմանն ի պատասխան ասաց. «Ով նման մեկնաբանությամբ կփորձի հերքել ասածս՝ կնշանակի, թե նա կա՛մ չի տիրապետում ընթացիկ գործընթացներին, կա՛մ տիրապետում է, բայց չի ցանկանում ճիշտն ասել: Քանի որ բոլորս շատ լավ գիտենք, որ հանձնաժողովի անդամներն արդեն նշանակվում են հատուկ դասընթացներ անցած ու արտոնագիր ստացած անհատներից: Եվ հիմա որեւէ կուսակցություն պետք է նշանակումներ կատարի արդեն արտոնագրված այդ անհատների ցուցակներից: Չեմ կարծում, թե մեծ դժվարություն ու բարդություն է, որ երբ ժամանակը գա, ընդունենք, արտոնագիր ստացած ՀՀԿ անդամների այդ ցուցակները կդրվեն այս կամ այն ընդդիմադիր ուժի առջեւ, եւ նրանք կկատարեն համապատասխան նշանակումները: Ի վերջո, Հայաստանում ենք ապրում եւ այդ տեխնոլոգիաներին, կարծում եմ, լավատեղյակ ենք բոլորս»:

Որոշակիացնելու մի փորձ էլ արեցինք, թե կարելի՞ է եզրակացնել, որ «Դաշինքն» ընդդիմադիր այդ 3 կուսակցություններին դիմել է ՏԸՀ-ում անդամներ նշանակելու իրավունքն իրենց փոխանցելու խնդրանքով, բայց ստացել է մերժում: Սակայն Գնել Ղլեչյանը պնդեց. «Ես անուններ չեմ տա, բայց պնդում եմ, որ որոշ ընդդիմադիր ուժերի հետ ունեինք նախնական պայմանավորվածություն՝ համագործակցել թե՛ հանրապետության տարածքում, թե՛ առավել եւս՝ Սյունիքի մարզում: Այդ համագործակցությունը չի կայացել»: Մինչդեռ ընդդիմադիր վերոհիշյալ կուսակցությունների ներկայացուցիչները պնդեցին, թե չեն եղել նաեւ խոստումներ:

Սամվել Բաբայանն առայժմ շարունակում է ձեռնպահ մնալ այս ամենի կապակցությամբ մեկնաբանություններից: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նա «Առավոտին» հարցազրույց կտա 10 օրից: «Դաշինքի» ղեկավարի փոխարեն երեկ խոսեց ցուցակում 4-րդը՝ Հմայակ Հովհաննիսյանը, որը Lragir.am-ին տված հարցազրույցում ինքն իրեն հռչակել է «արցախյան ազատամարտի գաղափարախոս», իսկ Սամվել Բաբայանին անվանել է անվտանգության գոտու ստեղծման շարժիչ ուժ եւ ճարտարապետ. «Սամվել Բաբայանը մեր ժողովրդի հայրենական պատերազմում՝ արցախյան ազատամարտում խաղացել է այն դերը, որը Հայրենական մեծ պատերազմում խաղաց Գեորգի Ժուկովը»: Հմայակ Հովհաննիսյանը նաեւ հայտարարել է. «Սամվել Բաբայանը Հայաստանի Հանրապետություն պետության հիմնադիրն է: Իրական հիմնադիրը ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, ոչ էլ մեկ ուրիշը: Որովհետեւ չլիներ այդ անվտանգության գոտին, չլիներ այդ փայլուն հաղթանակը՝ կիրականանար Էլչիբեյի եւ Ալիեւի հաղթանակը, եւ ադրբեջանցին իր ոտքերը կլվանար Սեւանա լճում: Սամվել Բաբայանը ընդդիմադիր է ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն տրամաբանության: Ընդդիմադիր է հանուն ՀՀ-ի: Նա այն իմաստով չէ ընդդիմադիր, ինչ իմաստով ընդդիմադիր են Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը: Եվ հանկարծ նրա կերպարը ուզում են խաթարել՝ որ նա ինչ-որ անձնական վրեժխնդրության խնդիր է լուծում, որ անձնական հաշիվներ ունի Սերժ Սարգսյանի, նրա եղբոր, գերդաստանի հետ եւ եկել է Երեւանում գործունեություն է ծավալել վրեժխնդիր լինելու, անձնական հաշիվներ պարզելու համար եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել