Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՏԵՐ ԵՆՔ ՄԵՐ ԹԵ՛ ԱՐԱԾԻՆ, ԹԵ՛ ՉԱՐԱԾԻՆ»

Ապրիլ 03,2007 00:00

\"\"Ասում է ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը

– Պարոն Սեյրանյան, փաստորեն, նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից շատ առաջ մի շարք իշխանական ուժեր արդեն սկսել են իրենց քարոզչությունը՝ նախընտրական հսկայական պաստառներով, նկարներով եւ բարեգործությամբ, այսինքն՝ ընտրողներին «առնելու» գործընթացը սկսվել էր շատ վաղուց: Ինչպե՞ս եք վերաբերվում այս կարգի բաներին, դուք նույնպե՞ս անելու եք նույնը:

– Ընդհանուր առմամբ՝ ճիշտ եք, որ քարոզարշավը մեկնարկել է վաղուց, բայց այն, ինչ վերջին մի քանի ամիսներին տեղի է ունենում, նկատի ունեմ բացահայտ ընտրակաշառքի դրսեւորումները կամ բացահայտ նախընտրական քարոզարշավի դրսեւորումները, չեմ կարծում, որ այս ընտրությունների ժամանակ էական նշանակություն են ունենալու: Ամեն դեպքում, ինչքան էլ մենք բողոքենք, մեր հասարակության մեջ քաղաքացիական գիտակցության որոշակի մակարդակ արդեն իսկ ձեւավորվում է, եւ այդ գումարը, որ ծախսվում է ընտրակաշառքի ձեւով, կամ քողարկված քարոզարշավային տարբերակները, որ այսօր իրականացվում են, չեմ կարծում, որ էական ազդեցություն կունենան ընտրողների մեծամասնության վրա: Փող վերցնող էլ կլինի, այդ ընտրակաշառքներով կողմնորոշվողներ էլ կլինեն, բայց այդ դեպքերը էական ազդեցություն չեն ունենա, եւ այդ գումարները, որ այսօր ծախսվում են, միջոցների դատարկ վատնում է, որովհետեւ ծախսողները չեն ստանալու այն, ինչ պատկերացնում են այդ ծախսերի դիմաց ստանալ: Եթե նկատել եք, ՀՅԴ-ն նման գործունեություն ծավալելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ, անկեղծ ասած, մտածում ենք, որ դա միջոցների ծախսման ամենալավ ձեւն է: Մենք զբաղված ենք իրոք քարոզչական նյութերի նախապատրաստմամբ. դրանք են՝ մեր նախընտրական պլատֆորմը, մեր չորս տարիների կատարած աշխատանքների հաշվետվությունը, քարոզչական այն ուղերձները, որոնցով մենք պետք է դիմենք հասարակությանը:

– Տեղեկություններ կան, որ Աշտարակ քաղաքում Դաշնակցությունը զբաղված է մարդկանց իրենով անելով, նույնիսկ ասում են, որ ձեր կուսակիցները սպառնում են նպաստներից զրկել, եթե չընտրեն Դաշնակցությանը:

– Եթե նման իրական որեւէ դեպք կլինի, խնդրում եմ դրա մասին կոնկրետ տեղեկացնել կուսակցությանը, վստահ եղեք, մենք ինքներս աշխատանքից եւ կուսակցությունից կհեռացնենք այն մարդկանց, ովքեր նման անօրինականությամբ են զբաղվում:

– Դաշնակցությունը սովոր է ասել, որ ունի իր կայուն ընտրազանգվածը, արդյո՞ք դա անընդհատ կրկնելով ՀՅԴ-ն չի ուզում հասկացնել իր քաղաքական գործընկերներին, որ այս անգամ էլ գոնե այդքան պետք է տրվի Դաշնակցությանը:

– Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Դաշնակցությունը Հայաստանի քաղաքական դաշտի այն եզակի ուժն է, որը միշտ ունեցել է իր կայուն ընտրազանգվածը, եւ որի կայուն ընտրազանգվածը միշտ դինամիկ աճում է: Սա ընդունում են բոլորը, իսկ մենք այդ մասին խոսում ենք շեշտելու համար, որ կայուն ընտրազանգված ձեւավորվում է միայն գաղափարական արժեքներով առաջնորդվող քաղաքական ուժի շուրջը: Այլ պարագայում ընտրազանգվածը չի կարող կայուն լինել, որովհետեւ գումարով ձեւավորված ընտրազանգվածը գնալու է նրա մոտ, ով ավելի շատ փող կտա, պոպուլիզմի շուրջ ձեւավորվածը՝ ով ավելի գեղեցիկ ճառեր կարտասանի, իսկ կայուն ընտրազանգվածը ձեւավորվում է միայն արժեքների, գաղափարների, ծրագրերի շուրջ:

– Անցած չորս տարիներին հասարակության ամենալայն շերտերին առնչվող ոլորտները տրված էին Դաշնակցությանը, եւ չեք կարող ասել, չէ՞, որ գյուղատնտեսության, կրթության, սոցիալական, առողջապահության ոլորտներում Դաշնակցությունը միանշանակ փայլուն է աշխատել. եթե այդպես լիներ, մեր հասարակությունը հիմա շատ ավելի լավ օրի կլիներ: Չարած գործերի դիմաց ի՞նչ եք ասելու ընտրողներին:

– Մենք տեր ենք մեր թե՛ արածին, թե՛ չարածին եւ կարող ենք բացատրել, թե ինչ չենք կարողացել անել եւ ինչ պատճառներով չենք կարողացել: Թերությունների մասին առաջինը մենք ենք ահազանգել: Վստահ եմ, մեր ստանձնած նախարարությունների կատարած գործն այնպիսին չէ, որ մենք ամաչենք: Այսօր ես կարող եմ վստահաբար ասել, որ այն, ինչ վերջին չորս տարիներին կատարվել է առողջապահության ոլորտում, դա շատ մեծ որակական քայլ է՝ այն, ինչ կատարվել է գյուղատնտեսության ոլորտում, դա շատ մեծ որակական քայլ է, չորս տարի առաջվա գյուղացու վիճակն այսօր սարուձորի տարբերություն ունի: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կատարած աշխատանքները բոլորի աչքի առաջ են: Աշխարհի ոչ մի երկրում այս նախարարությունը ժողովրդի աչքի լույսը չի, բայց աշխատանքի արդյունավետության տեսանկյունից այս նախարարության կատարած աշխատանքը մի քանի գլուխ բարձր է շատ ու շատ այլ նախարարությունների կատարած աշխատանքից: Նույնը՝ կրթության նախարարությունը: Մենք երեք տարվա ընդմիջումից հետո կարողացանք նորից կարգուկանոն հաստատել մի ոլորտում, որը եւս շատ կարեւոր ոլորտ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել