Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Ապրիլ 02,2007 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

\"a\"

 

 

Գիրք չորրորդ

Գլուխ տասնչորսերորդ

ՆԱԽԱՐԱՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Հատկապես վերջին պատերազմի մասնակիցներն ու պատերազմից ամեն առումով տուժածները չկռվածներիս ու դասալիքներիս երբեք վերեւից չեն նայում, եւ կռված տասնյակ ընկերներիցս ու հարյուրավոր ծանոթներիցս մեկն անգամ ինձ չի մեղադրել պատերազմից ու կռվից խուսափելուս համար, եւ չնայած իրենց ներկայությունից մշտապես քաշվել ու ամաչել եմ, բայց իրենք նույնիսկ իմ էդ ամաչելը չեն նկատել, ու ինչքան էլ տարօրինակ է, պատերազմին մասնակցածները հենց չմասնակցածների՛ս ներկայությամբ են իրենց լավ զգում, որովհետեւ, երեւի, զգում ու հասկանում են, որ իրենց՝ մասնակցածների վերջնական գնահատականը չմասնակցածներիս ու դասալիքներիս կողմից պիտի տրվի, եւ նույն կերպ խորհրդային տարիների քաղբանտարկյալներն են խորհրդայիններիս միջավայրում իրենց միանգամայն լավ զգում, ու երեւի պատճառը վերստին նույնն է, չնայած, այսուհանդերձ, երեւի լիքը այլ պատճառներ էլ կան, ու էդ պատճառներից մեկն, ըստ ամենայնի, էդ մարդկանց ներողամտության ու անհիշաչարության անսպառ ռեսուրսներն են, ու էդ ռեսուրսներով Դանիկն է՛լ է լիուլի օժտված, բայց, ի տարբերություն կռված ուրիշների, Դանիկը ո՛չ միայն ներողամտորեն է վերաբերվում չկռվածներիս, այլեւ ընդհանրապես չի սիրում պատերազմից խոսել, եւ երբ իր մասնակցած պատերազմներից խոսակցություն ենք բացում, ինքն էդ խոսակցությունը ճարպկորեն փակում ու կտուրն է գցում, եւ իր մտքով երբեւէ չի անցնում, որ իր գրող որդու գրող ընկերներից մեկնումեկը կարող է իր մասին որեւէ հերոսական բան գրել, բայց ահա շատ է ուզում իր հիշոցների գոնե մի չնչին մասը տպագրված տեսնել, ու չնայած ինքը շատ լավ գիտի, որ էս ժանրում ինքն անկրկնելի ու եզակի է, այդուհանդերձ, իր էս ցանկությունը մարդկային փառասիրության հետ որեւէ կապ չունի. պարզապես իրեն շատ է հետաքրքրում, թե ինչո՞ւ են մարդիկ առանց վախենալու ու առանց ամաչելու բանավոր տարածում իր էդ զարմանազան հիշոցները, բայց վախենում ու ամաչում են դրանք որեւէ ձեւով գրի առնել, եւ երկու պատերազմ շահած Շառոյան Դանիկն ինձանից հենց էդ տեսակ սխրագործություն պահանջեց Աշնակում անցյալ տարի՝ Իսրայելյան Սաղաթելի հոգեհացից անմիջապես հետո, ու չնայած հիմա ինձանից կախված ամեն ինչ անում եմ, բայց, ինչպես տեսնում եք, առայժմ չեմ կարողանում իր էդ պատվերն ու հանձնարարությունը լիարժեք կատարել, եւ պատճառն էլի էս բառերս ու նախադասություններս իրենց մշտական խոշորացույցների տակ առած էդ մշտական գրաքննիչներն ու գնահատողներն են, այսինքն՝ կոլեգաներս, ու կոլեգա որ ասում եմ՝ իմ ու դրանց դասալիքությունը նկատի ունեմ, եւ իսկապես դրանցից մշտական վախ ունեմ, որովհետեւ, ի տարբերություն Դանիկի հիշոցների, սրանց ամենօրյա հայհոյանքները ո՛չ միայն տպագրվում ու տպագիր ձեւով տարածվում են, այլեւ սիրտ են խոցում, ու հիմա՝ պատերազմից հետո էլի սրանք են բոլորին եւ հատկապես կռվածներին ու պատերազմի մասնակիցներին վերջնական գնահատական տվողները, այսինքն, սրանք են որոշում՝ ով է ճիշտ կռվել, եւ ով՝ սխալ, ու նմանապես սրանք են որոշում՝ էդ կռվածներից ովքե՞ր են առավել արժանավոր, ու նմանապես սրանք են որոշում՝ ո՞ր պատերազմի հաղթողներն են առավել արժանավոր, եւ նմանապես սրանք են որոշում՝ ո՞ր պատերազմի հաղթողներին «փրչոտ» անվանեն, այսինքն՝ ամեն ինչ սրանք են որոշում եւ ամեն ինչի ու բոլորի վերջնական գնահատականը հենց սրանք են տալիս, որովհետեւ սրանց ժամանակը հենց խաղաղության ժամանակն է, եւ չնայած հենց սրանք են խաղաղությունը մշտապես քթներիցս բերում, եւ չնայած հենց սրանք են խաղաղությունը մշտապես պատերազմի կողմ թեքողները, եւ չնայած սրանք անխտիր բոլորին են մեղադրում ու գնահատական տալիս, եւ չնայած սրանք մշտապես են էս տեսակ խաղեր տալիս, այդուհանդերձ, Դանիկի դեմ ընդհանրապես խաղ չունեն ո՛չ միայն էն պատճառով, որ Դանիկը երկու պատերազմներին էլ հավասարապես մասնակցել ու երկուսից էլ համոզիչ հաղթանակած է տուն վերադարձել, այլեւ էն պատճառով, որ Դանիկը երկու պատերազմներից հաղթանակած վերադառնալով՝ վերստին շարունակել է իր խաղաղ ու ստեղծագործ կյանքն ու աշխատանքը՝ երբեւէ չմտածելով, որ իրեն որեւէ մեկը պիտի գնահատի կամ չգնահատի, եւ ստեղծագործ աշխատանք ասելով՝ բնավ Դանիկի էդ ասացողական ժանրը նկատի չունեմ, որովհետեւ Դանիկն իր էդ հիմնական ժանրից ազատ ժամերին Աշնակի գլխավոր կինոմեխանիկն էր, եւ հիմա եմ միայն սկսում հասկանալ, որ Ռոլանդի էս կինոմշակութային հակումներն է՛լ են դանիկյան ակունքներից բխել, եւ որ ասում եմ՝ Դանիկը երբեւէ որեւէ մեկի կողմից հիշվելու կամ գնահատվելու կարիք չի զգացել, դա հենց էդպես էլ կա, եւ ես, փաստորեն, միակն եմ, ում գնահատականն ինքն ակնկալելով՝ պատվեր տվեց ու նույնիսկ պարտադրեց իր էդ պատվերը կատարել, ու ես, որ երբեւէ գրական պատվեր երեւույթին բացասաբար չեմ վերաբերվել, Դանիկի պատվերն ահա-ահա ձախողելու վրա եմ, բայց, մյուս կողմից էլ, չեմ պատկերացնում՝ ուրիշ ո՞նց պիտի Դանիկի էդ, ուրեմն, գրական պատվերը կատարեի, չնայած հիշում եմ, որ երբ իրեն հարցրի՝ «ո՞նց գրեմ», ինքն ասաց՝ «ոնց որ էղել ա՝ ընենց էլ գրի. առանց պակասացնելու ու առանց ավելացնելու», ու որ հիմա էս գրածս վերընթերցում եմ, հասկանում եմ, որ մի քիչ պակասեցրել ու ահագին ավելացրել եմ, ու պակասեցրածս հենց Դանիկի պատասխանն է Եվգենյային, այսինքն, ըստ էության, պակասեցրածս է՛լ է ահագին ու էական, մանավանդ որ՝ Դանիկի պատվերն ուղղակիորեն էր առնչվում էս պակասեցրածիս, ու ավելացրածս էլ ո՛չ թե Դանիկի պատվերին է առնչվում, այլ ավելի շատ՝ ինձ, եւ իմ դեպքում երեւի հենց էսպես էլ պիտի լիներ, որովհետեւ, չնայած գրական պատվեր երեւույթը լավ էլ ըմբռնում ու ընդունում եմ, բայց հեչ չեմ ընդունում գրական պատվերները տառացիորեն ու մեկին մեկ կատարող կոլեգաներիս, եւ Դանիկի պատվերն էսպես փչացնելս ու ձախողելս դրա վառ ապացույցն է, եւ էս փչացնելս ու ձախողելս չեն ների հատկապես նրանք, ովքեր հակառակ դեպքում ինձ պարսավելու եւ անարգանքի սյանն էին մեխելու, այսինքն՝ վերստին խոսքս վերաբերում է մշտական գրաքննիչներին եւ մշտապես մեր վերջնական գնահատականը տվողներին, եւ, ընդհակառակը, Դանիկի ոչ մի կերպ չգրվող էդ հիշոցի շուրջ էս մի քանի մամուլանոց էքսկուրսներս հանդուրժելու ու ներելու են նրանք, ովքեր մշտապես ինձ հանդուրժել ու ներել են, այսինքն՝ նրանք, ումից մշտապես գնահատանք ու վերաբերմունք եմ ակնկալում, ու Դանիկն է՛լ է մշտապես էս մարդկանց շարքում, ու չնայած Դանիկը երբեւէ ինձ կամ որեւէ մեկին գնահատանքի խոսքեր չի շռայլել, բայց իր ողջ խոսքերն իր հայացքի մեջ մշտապես գրված են, եւ ընդամենը կարդացող է հարկավոր, եւ եթե դրանք գոհունակության ու գնահատանքի խոսքեր են՝ անմիջապես զգացվում է, իսկ երբ Դանիկն ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից դժգոհ է՝ դա է՛լ է անմիջապես զգացվում, ու էս դեպքում արդեն Դանիկի հայհոյանքը չի հապաղում, ու ինքն անմիջապես դիմացինի երեսին է շպրտում դիմացինի մասին իր ողջ մտածածը, ու էդ մտածածը, որպես օրենք, չափազանց դիպուկ ու չափազանց կարճ որեւէ ձեւակերպմամբ է մատուցվում, եւ եթե կովկիթի մեր էդ առավոտվա մասին իմ էս վերապատմությունն իր սրտով չլինի, Դանիկը, թեկուզեւ հեռվանց, ինձ որեւէ կերպ կիմացնի ու կհասկացնի, եւ չնայած ինքը հազվադեպ է թերթ կամ գիրք կարդում, էս հատվածներս հաստատ աչքի կանցկացնի, որովհետեւ Աշնակում էս պահի դրությամբ էս թերթն ու էս վեպս մշտապես ճարող ու կարդացող մի քանիսը կան, որոնք Դանիկին անմիջապես խաբար կանեն, ու մինչեւ էս էլ խաբարն արդեն արած կլինեն՝ Սարի թաղի պատմությունից սկսած, եւ քանի որ Սարի թաղի էդ պատմության մեջ Ռոլանդն է՛լ ահագին կար, Դանիկը, համոզված եմ, էս վեպիս ընթերցանությունն արդեն սկսած կլինի, եւ չնայած Դանիկը երբեւէ մոլի ընթերցող չի եղել, բայց միշտ աչքի էր անցկացնում Ռոլանդի ու մանավանդ Ռոլանդի ընկերների գրածները, եւ, հիշում եմ, լուսահոգի հայրս էլ ի՛մ ընկերների գրածներն էր ժամանակ առ ժամանակ կարդում, եւ չնայած հայրս էլ մոլի կարդացող չէր, բայց Ռոլանդի ու Վանոյի առաջին բարալիկ բրոշյուրներն ամիսներով կարդաց, ու որ ասում եմ՝ կարդաց, դա դեռ չի նշանակում, թե հորս կարդալը երբեւէ տեսել եմ, որովհետեւ հայրս որեւէ մեկի ներկայությամբ ո՛չ թե գիրք, այլ թերթ անգամ չէր կարդում, քանի որ իր համար կարդալը ստեղծագործական պրոցեսի պես բան էր, եւ որ ասում եմ՝ Վանոյի ու Ռոլանդի էդ բրոշյուրները կարդում էր, դրա վկայությունն էդ երկու բրոշյուրների արանքների կարտոնե ու փայլուն էջանշաններն էին ու էդ էջանշանները շատ դանդաղ, բայց, այնուամենայնիվ, առաջ էին գնում, եւ էդ չափազանց դանդաղ ու երկար ընթացքում հորս վարպետ ձեռքի տակ էդ երկու ճերմակ ու պսպղան էջանշաններն ուղղակի ծաղկում էին, եւ էդ էջանշաններից մեկի վրա հայրս անհավատալի գեղեցիկ տառերով գրել, ավելի ճիշտ՝ նկարել էր՝ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ԿԻՐԱԿԻ, եւ մյուսի վրա՝ ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐ ԿՌՈՒՆԿ, եւ դրանք ո՛չ թե պարզապես տառեր էին, այլ՝ մեկը մյուսից սիրուն ու խոսուն նկարներ՝ համեմված աննկարագրելի ու աներեւակայելի նախշերով, եւ չնայած էդ երկու բրոշյուրների ձեւավորումներն էլ լուսահոգի Գյուլանյան Ֆելոն էր վարպետորեն ու ճաշակով արել, բայց հորս էդ երկու էջանշաններն ակնհայտորեն էին գերազանցում Ֆելոյի արածին, եւ երբ հայրս տանը չէր լինում, մեր զգեստապահարանի գլխից զգուշորեն վերցնում էի էդ երկու բրոշյուրներն ու տնտղում էի էդ, ուրեմն, երկու էջանշանները, եւ էդ անհավանական նախշազարդերի միջոցով կարդում էի հորս ափսոսանքն առ այն, որ ինքը հիվանդության պատճառով ժամանակից շուտ թողեց վայելչագրական իր արհեստն ու չձեւավորեց իմ ու հատկապես ընկերներիս գրքերը, բայց էս ասածս ընդամենն էս պահի ենթադրությունս է ու ավելին չէր էլ կարող լինել, որովհետեւ հայրս իր մտածմունքները երբեւէ որեւէ մեկի հետ չէր կիսում եւ մեզ ընդամենը հնարավորություն էր տալիս կռահել ու գուշակել դրանք, ընդ որում՝ ինքը մեզ լիուլի էր էդ հնարավորությունը տալիս եւ որեւէ մեկիս կարծիքի ու ենթադրության վրա չէր էլ բռնանում, եւ իր պահանջն էս աշխարհից ու էս աշխարհի վրա ապրողներիցս ընդամենն էն էր, որ մահկանացուներիցս որեւէ մեկը հանկարծ չհանդգնի սողոսկել իր մշտապես անմատչելի ու մշտապես կայուն ներաշխարհը, եւ որ՝ իր նվիրական ու թաքուն զգացումները հասարակության սեփականությունը չդառնան, եւ հասարակությունից մշտապես թաքցված իր գաղտնիքներից մեկն էլ իր էդ չափազանց թաքուն, չափազանց դանդաղ ու շարունակական ընթերցանությունն էր, եւ հորս ընթերցանությունը որեւէ մեկը տեսած չկար՝ բացառությամբ Օսան տատիս, ընդ որում՝ տատս ո՛չ միայն հորս կարդալը տեսել էր, այլեւ հորս ընթերցանության ծավալների մասին առասպելներ էր պատմում եւ ասում էր, որ նախքան պատերազմն արդեն Երեւանի գրադարաններում հորս կողմից չկարդացված գիրք գոյություն չուներ, որովհետեւ, տատիս ասելով, հայրս ո՛չ միայն շատ կարդացող դպրոցական էր, այլեւ՝ չափազանց արագ կարդացող, բայց հորս գիրք կարդալն անձամբ ինձ համար էնքան անհավատալի ու չտեսնված բան էր, որ տատիս էդ պատմածներին ու ասածներին չէի էլ հավատում ու չէի հավատում հատկապես արագ կարդալու վարկածին, որովհետեւ, էլի եմ ասում, Վանոյի ու Ռոլանդի էդ բրոշյուրներն ամիսներ շարունակ կարդաց, բայց քանի որ իր կարդալն էդպես էլ անձամբ չտեսա, հակված էի կարծել, թե ինքն էդպես ամեն ինչ իմացած է ծնվել ու լույսաշխարհ եկել, ու նույն կերպ հիմա Դանիկի մասին եմ մտածում, եւ որ ասացի, թե Դանիկն իմ էս գրածները կարդում է, դա իմ կողմից ընդամենը լավատեսական ենթադրություն է, եւ որ քիչ առաջ ասացի, թե հայրս Ռոլանդի ու Վանոյի էդ առաջին բրոշյուրները կարդում էր, դա է՛լ է ընդամենը ենթադրություն, եւ անձամբ տեսածս ընդամենն էդ շքեղ ու նախշազարդ էջանշաններն էին՝ հուլունքի պես սիրուն ու հավասար տառերով, եւ հուլունքի պես սիրուն ու նուրբ էդ տառերն է՛լ էին էդ աներեւակայելի նախշերի մեջ իբրեւ նախշ ընկալվում, եւ էդ երկու բրոշյուրները տարիներ շարունակ մեր զգեստապահարանի գլխին էին, եւ էդ երկուսի կողքին իմ ու մյուս ընկերներիս բանաստեղծական բրոշյուրներն էին, եւ չնայած բանաստեղծ ընկերներիս է՛լ էր հայրս անձամբ ճանաչում, բայց, ի տարբերություն Վանոյի ու Ռոլանդի բրոշյուրների, էդ բանաստեղծականների էջերի արանքներում էջանշաններ չկային, եւ հիմա արդեն սկսում եմ մտածել, որ հայրս արձակը թեկուզեւ շատ դանդաղ, բայց սկզբից մինչեւ վերջ էր կարդում, չնայած, էլի եմ ասում, էս ասածներս ընդամենը ենթադրություն են, որովհետեւ հորս գիրք կարդալը երբեւէ տեսած չկամ, եւ որ ասում եմ՝ Ռոլանդի ու Վանոյի գրքերը դանդաղ էր կարդում, սա է՛լ է ենթադրություններիս ոլորտից, որովհետեւ, հնարավոր է, լավ էլ արագ էր կարդում, բայց ինչքան էլ արագ կարդար, իր էդ ընթերցանությունը պիտի շատ երկար տեւեր, որովհետեւ իր էդ ընթերցանությանը զուգահեռ, մշտապես, փաստորեն, էդ էջանշաններով ու էդ նախշազարդերով էր զբաղվում, ընդ որում՝ զբաղվում էր մեկուսի ու մեզնից թաքուն, մինչդեռ մեզնից ու բոլորից ազատ պահերը հորս չափազանց քիչ էին տրված, այսինքն, եթե հայրս էդ երկու բրոշյուրներն արագ է՛լ կարդար, միեւնույն է, շուտ չէր ավարտելու, իսկ ինչ վերաբերում է էդ երկուսի կողքին շարված իմ ու բանաստեղծ ընկերներիս բանաստեղծական բրոշյուրներին, ըստ ամենայնի՝ դրանք է՛լ էին հորս կողմից ժամանակ առ ժամանակ աչքի անցկացվում, որովհետեւ, հիշում եմ, էդ բրոշյուրների որոշ էջեր ծալված էին՝ ըստ երեւույթին էջանշանների բացակայության պատճառով, եւ ամենածալծլվածն իմ առաջին գրքի էջերն էին՝ հատկապես Իգդիրին, Օսան տատիս ու հորեղբորս նվիրված բանաստեղծություններիս էջերը, եւ չնայած իմ էդ առաջին գրքի հարցում հորս ամագը շատ մեծ էր՝ Արշակյանից սկսած ու Արշակյանով վերջացրած, ու չնայած էդ առաջին գրքիս մաղարիչը հայրս մեր տան մեջ շատ ճոխ կազմակերպեց, բայց ինքն էդ ու հետագա գրքերիս մասին հետս երբեւէ չխոսեց, չնայած հաստատ կարդում էր ու կարդում էր հենց մաղարիչի օրինակը, որի անվանաթերթը նախ կարմիր գինուց թրջվել էր, այնուհետեւ, մի քիչ չորանալուց հետո, ամբողջովին ծածկվել էր մաղարիչի մասնակիցների ստորագրություններով, եւ չնայած էդ մաղարիչին Արշակյանին էլ էինք կանչել, բայց Արշակյանը խոստացավ ու չեկավ, ու գրքիս մաղարիչին մասնակից ու ներկա միակ գրողը, փաստորեն, Խաչիկ Հրաչյանն էր եւ ինքն էլ կարմիր գինին լցրեց գրքիս անվանաթերթին ու ինքն էլ էդ կարմիր ֆոնին առաջինը ստորագրեց, եւ, հիշում եմ, երբ էդ կարմիր գինին իրենով արեց անվանաթերթի ողջ դեղնավուն ֆոնը, եւ երբ անվանաթերթի դեղնավուն ու ցածրակարգ թուղթն իր մեջ էր քաշում կարմիր գինին, մտովի էդ տեսարանը համեմատեցի Փարաջանովի ֆիլմի առաջին կադրերի հետ, եւ ինչպես էդ ֆիլմում էկրանը նռան հյութով ու նռան գույնով դանդաղ գունավորվեց, էդպես էլ գրքիս անվանաթերթն իմաստավորվեց Խաչիկ Հրաչյանի լցրած կարմիր գինուց, ու գրքիս հենց էդ օրինակն էր տարիներ շարունակ մեր զգեստապահարանի գլխին՝ Վանոյի, Ռոլանդի ու մյուսների գրքերի կողքին դրված, ու գրքիս էդ գինոտ օրինակի գրեթե բոլոր էջերը ծալծլված էին, ու հիմա՝ էս պահին հակված եմ մտածել, որ հայրս իմ էդ լղարիկ բրոշյուրը ո՛չ միայն կարդացել, այլեւ հավանել է՛լ էր, որովհետեւ էդ ու մյուս գրքերիս մասին հետս երբեւէ չխոսեց, ու իր հավանելը հիմա ենթադրում եմ, որովհետեւ հիմա արդեն վերջնականապես գիտեմ, որ հայրս երբեւէ իր հավանած որեւէ բանի մասին չի խոսել ու չի արտահայտվել, իսկ չհավանած բաների մասին՝ ինչքան ուզեք, եւ, բացի այդ, հայրս կյանքում ամենից շատ գլուխգովանությունն էր ատում, եւ եթե հայրս իմ էդ բրոշյուրն ու մյուս գրքերս գովեր, գլուխգովանության պես բան կստացվեր ո՛չ միայն էն առումով, որ դրանց հեղինակն իր հարազատ որդին էր, այլեւ է՛ն առումով, որ ինքն իմ տպագրվելու հարցում շատ մեծ ու շատ վճռորոշ ամագ ուներ՝ Արշակյանից սկսած ու Արշակյանով վերջացրած:

Վերադառնալով Դանիել Շառոյանին՝ ասեմ, որ Դանիկն է՛լ անտարբեր չէր իր որդու ու իր որդու ընկերների գրվածքների հանդեպ, ու էս պահին հակված եմ նույնիսկ կարծել, որ Դանիկն իմ գրածներին ծանոթ լինելով՝ հատկապես ի՛նձ իր գրական պատվերը տվեց, ու էս պահին ինքս ինձ հույս տալով՝ սկսում եմ կարծել, որ էս կիսատպռատ տարբերակս էլ միգուցե իր սրտով լինի, ու էս կարծիքս ավելի ամրապնդվեց երեկ, երբ Սիլվա Կապուտիկյանի հոգեհանգստի արարողության ժամանակ Ռոլանդին հանդիպեցի, եւ տիկին Սիլվայենց բակում Ռոլանդն ինձ հարցրեց՝ «ա՛յ ախպեր, էդ Լիզայից ե՞րբ ենք պրծնելու», եւ երբ ասացի՝ «Լիզայի մասերը հենց պրծան՝ քո մասերն են սկսվելու», Ռոլանդը զարմացած հարցրեց՝ «իմ մասին ի՞նչ ես գրելու», եւ ես ասացի՝ «ինչ որ գրելու էի՝ արդեն գրել եմ. հիմի արդեն Դանիկի մասին եմ գրում», եւ Ռոլանդն ավելի զարմացած հարցրեց՝ «Դանիկի մասի՞ն ինչ ես գրում», եւ երբ ասացի՝ «իրա ուշունցների մասին եմ ուզում գրեմ», Ռոլանդը միանգամից լրջացավ ու հարցրեց՝ «ուշունցների մասի՞ն, թե՞ ուշունցները», եւ երբ ասացի՝ «համ ուշունցների մասին, համ էլ՝ ուշունցները», Ռոլանդն ավելի լուրջ դեմք ընդունեց ու համարյա գոռաց՝ «բայց քեզ ո՞վ ա էդ իրավունքը տվել», եւ երբ ասացի՝ «ի՛նքը», Ռոլանդը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ», եւ ես ասացի՝ «Վրեժի հոր թաղման օրը», եւ Ռոլանդը հարցրեց՝ «ինքը քեզ ի՞նչ ա ասել», եւ ես ասացի՝ «ասել ա, որ էն կոնսերվատորիայի աղջկերքի պատմությունը գրեմ», եւ Ռոլանդը հարցրեց՝ «հիմի էդ պատմությունը գրելու ե՞ս», եւ ես ասացի՝ «չեմ կարա չգրեմ, որովհետեւ Դանիկը հա՛մ զակազ ա տվել, համ էլ քֆուր ա դրել», եւ Ռոլանդն ասաց՝ «ինքը զակազը տվել ա, բայց որ գրես, լավ էլ կնեղանա», եւ ես ասացի՝ «դժվար թե նեղանա», եւ Ռոլանդն ասաց՝ «կարող ա՞ իրան ինձանից լավ ես ճանաչում», եւ երբ Ռոլանդին ասացի՝ «շատ մի նեղվի. Դանիկի էդ ուշունցը հնարավոր չի գրավոր գրել», Ռոլանդն ասաց՝ «դու, փաստորեն, բանավոր ես գրում», եւ երբ ասացի՝ «շատ էի ուզում իրա էդ քֆուրը բառ առ բառ գրեմ, բայց, փաստորեն, չի ստացվում», Ռոլանդը հանգստացած շունչ քաշեց ու ասաց. «Ավելի՛ լավ, որ չի ստացվում. որ ստացվեր՝ էրկուսդ էլ խայտառակ էիք ըլնելու»:

Իմ ու Ռոլանդի էդ խոսակցությունից հետո՝ այսինքն հիմա, արդեն միանգամայն հարգելի պատճառ ունեմ Դանիկի էդ գլխավոր ասածը չգրելու, եւ հարգելի պատճառս Ռոլանդի խնդրանքն է, ավելի ճիշտ՝ Ռոլանդի խորհուրդը, բայց իրականում դուք ու մանավանդ ես հո գիտե՞նք, որ նախքան Ռոլանդի էդ խորհուրդն է՛լ Դանիկի էդ ասածը չէի կարողանում գրել, ավելի ճիշտ՝ ձեռքս չէր կարողանում գրել, իսկ ավելի ճիշտ՝ հենց ուզում էի Դանիկի էդ ասածը գրել, ձեռքս օդի մեջ անշարժանում ու քարանում էր, այսինքն՝ եթե կարողանայի գրել, Ռոլանդի խորհուրդը հաշվի չէի էլ առնի, մանավանդ որ՝ ինքը վաղուց արդեն մինիստր չի եւ եթե նույնիսկ լիներ էլ, միգուցե ավելի շուտ ու ավելի հեշտ գրեի, որովհետեւ նախարար ժամանակ իրեն հազվադեպ էի տեսնում, չնայած, այնուամենայնիվ, նախարար ժամանակ իր կաբինետում երկու անգամ եղել եմ, եւ քանի որ խոսքը խոսք բերեց, էդ երկու դեպքն էլ հիմա ձեզ համար հաճույքով կպատմեմ, մանավանդ որ՝ էդ երկու իրադարձությունները հիմա ձեզ ներկայացնելով՝ կովկիթի էն պատմության առումով ահագին ժամանակ կշահեմ ու հընթացս կմտմտամ, թե երբ եւ ոնց եմ կովկիթի մեր էդ աշնակյան պատմության վերջակետը դնելու, չնայած վերջերս վերջակետից էնքան եմ խորթացած, ինչքան որ Բաբաջանյան Ավոն է մշտապես խորթացած կետադրական մեր այլեւայլ նշաններից, իսկ ինչ վերաբերում է նախարարական կաբինետում իմ ու Ռոլանդի էդ երկու հանդիպումներին, համոզված եմ, որ դրանք ոչ միայն ձեզ ու Դանիկին, այլեւ Ավոյին կհետաքրքրեն:

Իննսունութ թվականի մի շաբաթօրյա առավոտ, երբ Ռոլանդը դեռեւս մի քանի օրվա նախարար էր, իրենց նախարարության շենքի մոտով անցնելիս իր ծառայողական ավտոմեքենան նախարարության դռանը տեսա ու մտածեցի՝ մտնեմ ընկերոջս շնորհավորեմ նախարար նշանակվելու կապակցությամբ, ու չնայած օրը շաբաթ էր, նախարարի ընդունարանում ահագին սպասող կար, ու սպասողների մեջ ահագին ճանաչված մարդիկ կային, ու սպասողներից ամենաճանաչվածները Չեքիջյանն ու Խորեն Աբրահամյանն էին, եւ երբ քարտուղարուհուն ասացի, որ ուզում եմ նախարարի մոտ մտնել, քարտուղարուհին անմիջապես հարցրեց՝ «պայմանավորվա՞ծ եք. ինքը գիտի՞», եւ երբ ես առանց մտածելու ասացի՝ «իհա՛րկե գիտի», քարտուղարուհին թղթի վրա անունս ու ազգանունս գրեց, ու էդ պահին նախարարի կաբինետից Չարենցի թանգարանի տնօրեն Լիլիթը դուրս եկավ, ու մինչ Լիլիթի հետ կողջագուրվեի, քարտուղարուհին մտավ նախարարի կաբինետ եւ անմիջապես էլ դուրս եկավ ու խեթ-խեթ ինձ նայելով ասաց՝ «կարող եք մտնել», ու մինչ ներկաներին ու հատկապես Խորեն Բաբկենիչին մեղավոր կնայեի, Խորեն Բաբկենիչն ինձ հասկացավ ու ասաց՝ «մտի՛, Արմեն ջան. իմը շատ երկար գործ ա», եւ երբ ասացի՝ «իմը մի րոպեի գործ ա», Չեքիջյանն ինձ ասաց՝ «փաստորեն, մեզնից առաջ ընկաք, երիտասարդ», եւ Խորեն Բաբկենիչն ասաց՝ «Աստված տա՝ Արմենի պես տղերքը մեզնից առաջ ընկնեն», եւ երբ Խորեն Բաբկենիչն էդ բանն ասաց, քարտուղարուհին մեջ ընկավ ու շատ խիստ տոնով ասաց՝ «Աստված չանի՝ իր նմանները ձեզանից առաջ ընկնեն, Խորեն Բաբկենիչ», եւ երբ ապշահար հարցրի՝ «խի՞», քարտուղարուհին չափազանց խիստ եւ չափազանց սառը տոնով ասաց՝ «որովհետեւ ստում եք», եւ երբ ավելի զարմացած հարցրի՝ «ո՞նց եմ ստում», ինքն իր սառը տոնը պահպանելով ասաց՝ «ասում էիք, որ նախարարի հետ պայմանավորվածություն ունեք, բայց, պարզվում է, ոչ մի պայմանավորվածություն էլ չունեք», եւ մինչ կմտածեի՝ ինչ ասեմ, քարտուղարուհին իր չափազանց խիստ եւ չափազանց սառը տոնով ասաց՝ «մտե՛ք. նախարարը ձեզ է սպասում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել