Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՂՊԵՔՆԵՐ ԵՎ ԲԱՆԱԼԻՆԵՐ

Ապրիլ 02,2007 00:00

\"\"Արձագանքներ Վիկտոր Դալլաքյանի «Մեր ապագայի բանալիները» հոդվածին («Առավոտ», 10 նոյեմբեր, 2006թ.)

Միանգամից ուզում եմ արժեւորել ոչ միայն առաջադրված մոտեցումները, այլեւ բուն փաստը՝ չհամակերպվելու ձեւավորված միջավայրի անընդունելի բաղադրիչներին եւ ներկայացնելու ոչ թե հարադեպային (էպիզոդիկ) լուծումներ, այլ խորքային ու համակարգված վերլուծությամբ հիմնավորված բանաձեւեր կամ բանալիներ:

Նման հիմնարար երկի երեւան գալն ինքնին երեւույթ կարելի է համարել այն առումով, որ, որքան էլ փորձենք վերացարկվել անձնական հատկանիշներից, այնուամենայնիվ, դժվար է անտեսել մարդկային կենսափորձի, գիտելիքների, աշխարհընկալման, հոգեմտավոր եւ դավանաբանական արժեքների այն հարուստ ներկապնակը, որն ուղղակի կարող էր թույլ տալ նման համարձակ քայլի համար:

Հետաքրքրական է, որ հիմնահարց-կողպեքներից շատերի ձեւավորմանը մասնակցություն չունենալով, մեզանից շատերը դրանք ընդունում են որպես կյանքի դրվածք, չգրված օրենք, որը հետագայում դառնում է կենսակերպ, հոգեբանություն եւ մտայնություն (մենտալիտետ), որը որքան ազգային է, այնքան էլ՝ զուտ մարդկային: Քչերին է տրված հնից եկած առեղծվածներից վերծանելու կարողությունը, իսկ հաճախ նույնիսկ՝ ցանկությունը:

Ծրագրային կարելի է համարել Վիկտոր Դալլաքյանի «Մեր ապագայի բանալիները»: Ամենամեծ պատասխանատվությունն այս պարագայում հեղինակը կարող է ստանձնել այն առումով, որ ինքնակամ է դրել իր առջեւ առաջադրանքը՝ դարբնելու բանալիներ, որոնք, անգամ հետագա հղկման ենթարկվելով, կարող են եւ պետք է բացեն ժառանգած եւ նոր ի հայտ եկած կողպեքներն ու լայն դարպասներով տանեն-հասցնեն երկիրը՝ համաշխարհային մայրուղի:

Կարեւոր է նաեւ այն, որ ճիշտ է ընտրված վերլուծության մեկնակետը, ինչը, ի վերջո, կարող է կասեցնել ժողովրդագրական աղետի սպառնալիքը: Սա ինչպես տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգության կարեւորագույն հիմնահարց է, որը շատերը պարտվողական կեցվածքով վերագրում են «հայի ճակատագրին», ասելով, թե այսպես եղել է նախկինում եւ շարունակվում է: Ավելին, ոմանք «հիացած» հայերի շարունակական արտագաղթով, հնարել են անգամ «հայն աշխարհի աղն է» արտահայտությունը։ Գուցե կա՞ մեր ժողովրդին ի վերուստ տրված նման առաքելություն, ընդսմին վիճահարույց է: Անգամ այդ պարագայում, հայն ինքն իր երկրի աղը լինելու խնդիր ունի: Եվ այս իմաստով միանգամայն տեղին է Սփյուռքից ակնկալվող օգնության ակնկալիքների՝ Դալլաքյանի կողմից արված համեմատությունը սիզիֆյան աշխատանքի հետ, եթե բացակայի տեղաբնակ հայի ինքնադրսեւորման հնարավորության ընձեռումը։ Ի վերջո, որքան էլ Սփյուռքն առատաձեռն լինի ենթակառուցվածքների ձեւավորման, նյութական աջակցության հարցերում, մինչեւ բարենպաստ միջավայր չձեւավորվի աշխատատեղերի ստեղծման, բարեկեցության աստիճանական եւ համամասնական բարձրացման ու հայաստանցու մտավոր եւ ֆիզիկական ներուժի պահանջարկվածության համար, ժողովրդագրական կողպեքը փակ է մնալու, իսկ ձեռնարկվող քայլերը վերածվելու են հանգուցալուծումների իմիտացիայի:

Առավել կարեւորում եմ գոյաբանական ճգնաժամի ներկայացումը՝ իր ողջ խութերով եւ հայոց պատմության ընթացքում տեղ գտած հարուստ օրինակների վկայակոչումներով: Այստեղ վեր է հանվել Աստծո առջեւ մարդու անմիջական պատասխանատվության սկզբունքը եւ անդրադարձ արվել եկեղեցու դերին: Եվ վերընթերցելով գերմանացի փիլիսոփայի միտքն առ այն, որ «Մարդկային ողջ իմաստությունը եւ հզորությունը, որը ծնվել է Արեւելքում, ավարտուն տեսք է ստացել Արեւմուտքում», ակամայից մտաբերում եմ մեկ այլ ճշմարտություն, որն այսօր նույնքան արդիական է եւ բնորոշում է մեր երկրի՝ ոչ միայն աշխարհամասերի, այլեւ քաղաքակրթությունների խաչմերուկներում գտնվելու փաստը եւ դրանով պայմանավորված, հասկանալու նաեւ հայի հոգեկերտվածքի առանձնահատկությունները. «Արեւելքը մարդկության հոգին է, հոգեւոր արժեքների սկզբնաղբյուրը, իսկ Արեւմուտքը՝ միտքը»: Այս ամենով հանդերձ, տարիմաստորեն, մեզ դեռ չի հաջողվում բացել դեպի արտաքին աշխարհ մեկուսացման կողպեքը, որը, Դալլաքյանի բնութագրմամբ, «չար հարեւաններ» եւ «բարի հարեւաններ» ունենալ-չունենալու խնդիր է դարձել եւ մինչ օրս շարունակվող «սեփական դժբախտության պատճառներն իրենից դուրս փնտրելու մտայնության եւ գործելակերպի» են վերածվել։ Սա է պատճառը, որ որոշ «քաղաքական գործիչներ» այսօր էլ հորդորում են հասարակության ու կուսակցություններին մասամբ ռուսամետ լինել, մասամբ եվրոպամետ, մասամբ ամերիկամետ եւ այլն… Պատկերացնո՞ւմ եք, ուր են գլորվելու երկիրն ու ժողովուրդը՝ նման դիրքորոշումներով: Մինչդեռ հայի արդիական աշխարհընկալումը եւ հին իմաստության գիտակցումը, որ չկան հավերժական բարեկամներ կամ թշնամիներ, այլ կան հավերժական շահեր, կարող է լինել այն բանալին, որը ոչ միայն սեփական ներուժը ներսում եւ դրսում արդյունավետ իրացնելու հնարավորություն կստեղծի, այլեւ մեր ուրույն տեղը կապահովի տարածաշրջանում եւ աշխարհում:

Գոյաբանական ճգնաժամի անօգուտ փորձեր համարելով նաեւ անձնավորված ֆետիշները՝ «Լեւոնի պետություն», «Ռոբերտի պետություն», Դալլաքյանն իրավացիորեն արձանագրում է, որ իրական ազգային միասնությունը դա քաղաքացիական հասարակությունն է, որը պետությունից անկախ հասարակական ինստիտուտների ու հարաբերությունների համակարգ է, ինչը կոչված է ապահովելու առանձին անհատների ու նրանց կոլեկտիվների ինքնադրսեւորման հնարավորությունները:

Ինչ վերաբերում է հայկական ֆենոմենի գաղտնիքին, ապա Դալլաքյանի մի քանի եզրահանգումներ եւ պնդումներ հավակնում են ճանապարհ հարթել ակնկալվող հանգուցալուծումների համար: Այսպես, օրինակ, անդրադառնալով հայ անհատի ներքին եւ արտաքին սահմաններին, Վիկտոր Դալլաքյանը շեշտում է, որ ձեւավորվել են հայի հզոր անհատականությունը եւ անհատապաշտությունը: Այսպիսով, առաջինն ապահովել է այլ անհատների հետ գոյության կռվում անհատապես հաղթելու հնարավորությունները, իսկ երկրորդը բացառել է իր նմանների հետ միավորվելու եւ հավաքական շահը հետապնդելու ազգային կամ սոցիալական բանաձեւերը: Եվ քանի դեռ չեն գտել, նշում է հեղինակը, հայի անհատականության առավելությունը հայի անհատապաշտության թերությունից սահմանազատելու քաղաքական տեխնոլոգիաները, մեր անհատական հաղթանակները դառնալու են հավաքական պարտություններ: Սա, հիրավի, թեւավոր միտք դասվելուց զատ, ներկայի ու ապագայի կողպեքների կարեւորագույն բանալիներից է: Կամ, ինչպես չհամաձայնել, օրինակ, այն մտքին, թե «Մեր «հոգու բանալին» յուրաքանչյուր անհատի համար իր անհատական շահի իրացման անհատական հնարավորության ապահովման առաջադրանքն է: Այս իմաստով կցանկանայի, որ յուրաքանչյուրս մեզանում վերաիմաստավորեինք Աստծո պատվիրանները՝ մեր առջեւ ծառացած մարտահրավերները պատվով եւ հավատով դիմագրավելու համար: Ի վերջո, այսօրվա մարտահրավերները ոմանց համար սահմանափակվում են «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամից դրամներ կորզելու մոլուցքով, դույզն-ինչ չգիտակցելով աշխարհը, տարածաշրջանը եւ Հայաստանը պարուրած այն մթնոլորտն ու մարտահրավերները, որոնց դիմագրավելը, իրապես, նոր որակներ է պահանջում։ Ի վերջո, թույլ տալով մի փոքր լրացնելու հեղինակի հավաքական նպատակների հակասությունների մասին դրույթը, կառաջարկեի նպատակների հակասության հաղթահարման փոխարեն ավելի կողմնորոշվել դեպի այդ նպատակների համադրումն ու ներդաշնակացումը: Այս համատեքստում էլ հենց ընդունելի են Դալլաքյանի դիտարկումները մարդկային գործոնի մասին: Եվս մի բանալի, որի շուրջ մտորումները կարող են նոր բանալիներ գոյացնել, դա հետեւյալն է. ինչպես տնտեսության, առանձին անհատների ու նրանց խմբերի զարգացումը վերածել մարդկային զարգացման եւ մարդկային որակների կատարելագործման: Թեեւ Դալլաքյանի կողմից առաջ քաշած «ոչ մի տեղ հայը չունի բարեկեցիկ ապրելու այնքան մեծ հնարավորություններ, որքան Հայաստանում» սկզբունքն արդեն իսկ սթափեցնող կարգախոս է ներկայանում, այնուհանդերձ, ապագայի նշյալ եւ նոր բանալիները շարունակական եւ հավաքական աշխատանքով կարող են եւ պետք է գործածվեն: Ստեղծվեն եւ գործածվեն՝ բացելու պատկերավոր կողպեքները դեպի այն երկիրը, որի մասին երազները ժառանգեցինք եւ այդ երկրով ու նրա ժողովրդով՝ դեպի նոր քաղաքակրթություն մուտք գործելու դարպասները բացենք: Բացենք ու բաց պահենք, հիշելով մեծն Նարեկացու երեք պատվիրանները, որ աշխարհաբարով կմեկնաբանվեն որպես.

֊ Միասնություն առաջնային հարցերում:

– Ազատություն՝ երկրորդայինում:

֊ Սեր՝ ամեն ինչում:

ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Կերտել ապագան հնարավոր չէ՝ առանց անցյալի խորքային իմացության: Հենց արհամարհանքը պատմության հանդեպ, անցյալի մոռացումը, անցած ուղու իմաստավորման եւ, ամենակարեւորը, հետագա վերաիմաստավորման իսպառ բացակայությունը ծնեցին մերօրյա դժոխքը ու այնտեղ իշխող մեծ ու մանր սատանաներին:

Ողջունելի է, որ այս հոգեւոր խավարի ու բթության արքայությունում քաղաքական գործիչ, ի դեպ՝ մասնագիտությամբ պատմաբան, Վիկտոր Դալլաքյանը կատարում է խիզախ մի փորձ՝ վերլուծելու պատմափիլիսոփայական ու էթնոհոգեբանական տեսանկյունից իր ազգի գոյաբանական հիմնախնդիրները՝ հնարավոր առավելագույն զարգացումների հաշվարկման ակնկալիքով:

Կարելի է համաձայնել կամ անհամախոհ մնալ հեղինակի հայեցակարգի հետ, ընդունել կամ հերքել նրա հիմնավորումներն ու եզրահանգումները, բայց չի կարելի չարձանագրել, որ հայ հասարակական֊քաղաքական միտքը ստացավ պատեհաժամ լուրջ ազդակ։ Ամենեւին էլ պատահական չէ, որ հեղինակը վերնագրել է իր մտորումները «Մեր ապագայի բանալիները», դրանով իսկ ընդգծելով, որ ապագան չի կարող ունենալ մեկ բանալի, մեկ վերջնական ճշմարտություն, մեկ ամենափրկիչ։ Ապագան կերտվում է ազգովին, եւ այդ գործի առաջատարը խոր ինտելեկտով օժտված քաղաքական ընտրանին է, որի համատեղ ջանքերով, մտքերի փոխանակությամբ, համադրությամբ ու հակադրությամբ է ստեղծվում համալիր վիթխարի խճանկարը ընդհանուր ապագայի վերաբերյալ:

Այսպիսով, հեղինակի խոհերը կարելի է դիտարկել նաեւ որպես մարտահրավեր հայրենի քաղաքական դաշտին, յուրահատուկ մի կոչ ազգային֊պետական այրերին՝ դուրս գալու թայֆաբազական գզվռտոցների ցածր հարթությունից: Սա է միակ միջոցը գտնելու ապագայի բանալիների ամբողջ խուրձը: Դժվարին խնդիր, քանզի նախատեսում է առնվազն նվազագույն ինտելեկտի առկայություն, որով, ավաղ, չի փայլում հայ քաղաքական երկնակամարի «աստղերի» ստվար հատվածը:

Վերջին հանգամանքը հերթական անգամ վկայում է քաղաքական ընտրանու կտրուկ ու արմատական փոփոխման անհրաժեշտության մասին: Ժողովրդի ապագայի մասին ընդունակ չեն մտածել, եւ, հետեւաբար, ազգային-պետական շահերը չեն կարող պաշտպանել եւ հետապնդել ուղեղի ճարպակալումով տառապող սակավամիտները: Նրանք պետք է անվերապահորեն հեռացվեն քաղաքական ասպարեզից եւ զբաղեցնեն կլինիկական պաթոլոգիաների համացուցարանում իրենց արժանի տեղը:

ՌՈՒԲԵՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ Պատմական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30