Լրահոս
Օրվա լրահոսը

Արտադրողները կեղծ մակնշումներ են անում

Ապրիլ 02,2007 00:00

Հայաստանում սննդի վաճառքի վերահսկողություն, ըստ էության, չկա

Վերջերս մեր խանութներում հայտնվել է հայկական արտադրության կերակրի խոշոր աղ, որի տուփի վրա գրված է. «Խորհուրդ է տրվում օգտագործել լուծույթով»: Երբ սպառողներն այն ջրի մեջ լուծում են՝ աղաջուրը միանգամից մոխրագույն է դառնում: Այդ նոր եւ կասկածելի աղի տուփի վրա նշված է լիցենզիայի համարը եւ արտադրման այնպիսի հասցե, որը գոյություն չունի: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը, իրենք էլ այդ աղով հետաքրքրվել են եւ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարությունից պարզել, որ տուփի վրա նշված համարով լիցենզիա էլ որեւէ ընկերության տրված չէ. «Այդ մասին տեղեկացրել ենք գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությանը, որն ի պատասխան հավաստիացրել է, թե այդ աղերը շուկայից արդեն հավաքել են»:

Մինչդեռ նկատենք, որ վերոնշյալ տեսչությունը, որը պարտավոր է շուկայում վերահսկել սննդի վաճառքը, միայն մի քանի խանութներից է այդ աղը հավաքել, ներկայումս էլ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին հարակից գրեթե բոլոր գյուղերում այդ նույն աղը վաճառում են: Գյուղացիներն էլ, հաշվի առնելով, որ այն էժան է, պանրի աղաջրի համար հենց դա են օգտագործում:

Նկատենք, որ այս կերակրի աղը կասկածելի բաղադրությամբ միակ սնունդը չէ, որ խանութներում ազատ վաճառվում է: Աբգար Եղոյանի տվյալներով՝ միայն իրենց հ/կ-ն նախորդ տարվա ընթացքում Հայաստանում շուրջ 50 անունից ավելի կեղծված սննդամթերք է հայտնաբերել. «Վերջերս խանութներում նկատել ենք չինական արտադրության մաստակ, որն իբր նախատեսված է երեխաների համար, սակայն այն ձեռքով անգամ չես կարող վերցնել, անմիջապես կպչում է, չեմ կարող պատկերացնել, թե այդ մաստակը բերանում ինչ կլինի»:

Հունվարի 1-ից բոլոր ներկրված ապրանքները պետք է հայերեն մակնշում ունենան: Ա. Եղոյանը դժգոհեց, որ երբ խանութներում առանց հայերեն մակնշման ապրանքներ են հայտնաբերում, խանութպաններն արդարանում են, թե այդ ապրանքները մինչեւ հունվարն են բերել. «Մենք այդպես էլ չենք կարողանում ապացուցել՝ ներկրողները խախտե՞լ են օրենքը, թե՞ ոչ: Այդպես նույն ապրանքը կարող է մի քանի տարի ազատ շրջանառվել»:

Հակաօրինական է համարվում նաեւ խանութներում լայն տարածում գտած նախազգուշացումը, թե՝ «վաճառված ապրանքը հետ չի ընդունվում»: Ըստ Ա. Եղոյանի, եթե ապրանքը թերություններով է, եւ գնորդներն այն հետո են հայտնաբերել, վաճառողները անպայման պետք է ապրանքը փոխեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել