Քանի որ ծխախոտի մասին օրենքը վերահսկողն այդպես էլ չծնվեց, ուստի օրենքը ստիպված պետք է լինեն փոխել:
Եթե երթուղային տրանսպորտի վարորդը երթեւեկության ընթացքում խոսի բջջային հեռախոսով, բարձր երաժշտություն միացնի, տեղի-անտեղի վիրավորի ուղեւորին կամ ծխի՝ նրան «Երեւանտրանսը» կպատժի 25 հազար դրամով: Եթե նույն վարորդը երկրորդ անգամ նման բան անի՝ կտուգանվի 50 հազար դրամով եւ կստանա, այսպես ասած՝ «դեղին քարտ», իսկ երրորդ անգամ արդեն վարորդին կտրվի «կարմիր քարտ» եւ քննարկման կդրվի նրան հեռացնելու հարցը: Այս բոլոր պատժամիջոցները կկիրառվեն միայն այն ժամանակ, եթե ուղեւորը կոնկրետ միջադեպի մասին տեղյակ պահի «Երեւանտրանսին»՝ 391653 թեժ գծի հեռախոսահամարով: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց «Երեւանտրանս» ընկերության տնօրեն Կարեն Եդիգարյանը, «դա միակ միջոցն է, որպեսզի վարորդներին սպասարկման կուլտուրա սովորեցնենք եւ ստիպենք չծխել, Երեւանում 3300 միկրոավտոբուս եւ մոտ 200 ավտոբուս կա, մենք չէինք կարող փողոցում կանգնել եւ այդքան երթուղայինների վարորդներին կարգի հրավիրել, ուստի որոշեցինք, որ ուղեւորներն իրենք պետք է մեզ օգնեն ու ահազանգեն»: Երթուղային տրանսպորտի վարորդների մեծամասնությունը ծխող է: Իրենց՝ վարորդների մեկնաբանությամբ, «մեր գործը ներվերի հետ է կապված, դարդերը շատ են, դրա համար էլ չծխել չենք կարող»: Այս առնչությամբ «Երեւանտրանսի» տնօրենը ծխախոտամոլ վարորդներին հորդորեց դիմանալ. «Ամենաերկար ուղեգիծը 50-55 րոպե է, այդ ժամանակահատվածում կարող են հանգիստ իրենց զսպել, իսկ ներվերը կհանգստացնեն սկզբնակետում կամ վերջնակետում: Իրենք ամեն երթուղի դուրս գալուց առաջ մի 45 րոպե ժամանակ են ունենում, կարող են այդ ժամանակ էլ ծխել»:
«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքն արդեն երկու տարի է՝ ուժի մեջ է մտել: Այդ օրենքով դեռեւս 2005-ից պետք է կառավարության կողմից նշանակվեր մեկ լիազոր մարմին, որը կվերահսկեր ծխախոտի իրացման, օգտագործման հետ կապված արգելքները, այդ թվում՝ կտուգաներ ծխող վարորդներին: Սակայն այս երկու տարվա ընթացքում կառավարությունն այդպես էլ հարմար մեկին չգտավ, որը կստանձներ այդ պարտավորությունը, ուստի որոշեց պարզապես փոխել օրենքը: Ներկայումս առողջապահության նախարարությունը օրենքի նոր նախագիծ է ներկայացրել ԱԺ-ի քննարկմանը, որով առաջարկվում է գործող օրենքում ամրագրված լիազոր մարմին ստեղծելու հատվածը փոփոխել՝ ոչ թե մեկին լիազորել՝ վերահսկելու օրենքի կատարումը, այլ՝ մի քանի գերատեսչությունների. օրինակ՝ երթուղային տրանսպորտի ծխախոտամոլ վարորդներին վերահսկելու հարցն իր վրա է վերցրել «Երեւանտրանսը», թաղապետարանները պետք է վերահսկեն իրենց համայնքում ծխախոտի վաճառքի հետ կապված արգելքները, որ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չվաճառեն, հատիկով չվաճառեն եւ այլն:
Ծխախոտի դեմ պայքարող հասարակական կազմակերպությունները դժգոհ են կառավարության առաջարկած օրենքի նոր նախագծից: Օրինակ՝ «Հայաստանն առանց ծխախոտի» դաշինքի նախագահ Նարինե Մովսիսյանն «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ավելի հարմար կլիներ կառավարությունը սանէպիդկայանին լիազորեր՝ վերահսկելու օրենքը, ոչ թե օրենքը փոխեր: Նույն կարծիքին էր նաեւ «Մարդու առողջությունը» հիմնադրամի նախագահ, «Ծխելը դադարեցնելու» կենտրոնի ղեկավար Դավիթ Պետրոսյանը, ըստ որի, այդ գործում սանէպիդկայանից հարմար մարմին չկա: Սակայն օրենքի հեղինակը՝ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն այլ կարծիքի է, նա բոլորովին էլ չի դժգոհում, որ իր հեղինակած օրենքը փոփոխում են. «Ես գտնում եմ, որ դա ճիշտ է, հարկայինը պետք է իր մասով վերահսկի, Ամալյանը՝ գովազդի մասով, նախարարությունները՝ իրենց մասով, թե չէ մենակ սանէպիդկայանը չի կարող ծխողների դեմն առնել, սանէպիդը կարող է միայն հիմնարկներ մտնել ու պահանջել, որ ծխողների սենյակն առանձնացված լինի»:
Այն, որ օրենքի ընդունումից 2 տարի է անցել եւ նոր են մտածում լիազոր մարմիններ ստեղծելու մասին՝ Հրանուշ Հակոբյանը գտնում է, որ դա նորմալ է եւ ուշացած չէ. «Հոգեբանական-բարոյական պահ կար, որն այս երկու տարվա մեջ պետք է հաղթահարվեր, քիչ-քիչ տուգանքները կսահմանվեն, ու օրենքը կսկսի գործել»: