Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՃԱՄՓԻՑ «ՇԵՂՈՒՄ» Է

Ապրիլ 02,2007 00:00

\"\"Հայերը հիմնականում թմրամոլ են դառնում ՌԴ-ում, իսկ բուժվում են՝ Հայաստանում

Էդգարն ընդամենը 21 տարեկան է, բայց արդեն 4-րդ անգամ է այցելում Հոգեբուժական բժշկական կենտրոնի նարկոլոգիական կլինիկա՝ թմրամոլության դեմ բուժվելու: Նա ապահով ընտանիքից է, ու թեեւ բժիշկները որքան հնարավոր է օգնում են նրան՝ բուժվելու, Էդգարը նորից ու նորից թմրադեղ է օգտագործում:

Ներկայումս նարկոլոգիական կլինիկայում ընդամենը 6 թմրամոլ է ստացիոնար բուժվում: Իսկ ընդհանրապես Հայաստանում հաշվառված է 309 հիվանդ, որից 200-ը՝ մայրաքաղաքում: Սրանից չի կարելի եզրակացնել, թե մեր երկրում թմրամոլների թիվն այսքան քիչ է, որովհետեւ շատ թմրամոլներ խուսափում են կլինիկա դիմել եւ հաշվառման կանգնել, իրականում այդ թիվը մոտ 10 անգամ ավելի է:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը, մեր երկրում թմրամոլները հիմնականում տղամարդիկ են, իսկ կին թմրամոլները շատ քիչ տոկոս են կազմում:

Բժիշկ-նարկոլոգների հավաստմամբ՝ մեր երկրում թմրամոլությունը «երիտասարդացել» է: Կլինիկայում բուժվում են հիմնականում 25-30 տարեկան թմրամոլները: «Եթե մոտ 5 տարի առաջ հանդիպում էինք 30 տարեկան թմրամոլի՝ զարմանում էինք, հիմա անգամ 21-22 տարեկան երիտասարդներ են գալիս մեր կլինիկա ու բոլորովին չենք զարմանում»,- մեզ հետ զրույցում պատմեց նարկոլոգիական կլինիկայի բժիշկ-հոգեբան Քնարիկ Ասմարյանը: Ըստ նրա, որպես կանոն, հիվանդներն առաջին անգամ թմրադեղ են ընդունում՝ հաճույքի համար, հետո զգում են, որ իրենք առանց այդ հաճույքի չեն կարող ապրել ու կախվածության մեջ են ընկնում, որովհետեւ, ի տարբերություն ալկոհոլիկների, թմրամոլ կարող են դառնալ ընդամենը 2-3 անգամ դեղ օգտագործելուց, իսկ ալկոհոլիկ դառնում են 6-7 տարի ոգելից խմիչք օգտագործելուց հետո միայն:

Վարդուհի Շաքարյանը կլինիկայի դեռահասների կաբինետի բժիշկ-նարկոլոգն է: Նրա պատմելով՝ «Ինձ վերջերս մարիխուանա օգտագործող 13 տարեկան մի դեռահաս էր դիմել՝ բուժվելու համար: Ես, իհարկե, պատրաստ էի աշխատել այդ տղայի հետ, բայց երբ նրան ասացի, որ բուժվելու համար ծնողների համաձայնությունն է պետք՝ հրաժարվեց գալ»: Բանն այն է, որ «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի» մասին ՀՀ օրենքով՝ մինչեւ 14 տարեկան անչափահասները կարող են նարկոդիսպանսերում բուժվել միայն իրենց ծնողների համաձայնությամբ եւ նրանց գրավոր դիմումի առկայության դեպքում: Շատ անչափահասներ, եթե նույնիսկ գիտակցում են, որ իրենք հիվանդ են եւ պետք է բուժվեն, ծնողների ահից խուսափում են դիմել նարկոդիսպանսեր: «Հայկական ընտանիքներում հաճախ ծնողները, երբ միայն կասկածում են, որ իրենց երեխան թմրամիջոց է օգտագործում, նրանց ծեծում են եւ դիմում խիստ միջոցների, մինչդեռ պիտի իրենց թմրամոլ երեխաների դրության մեջ մտնեն՝ գիտակցելով, որ նրանք հիվանդ են եւ ոչ թե հանցագործ»,- ասաց Վ. Շաքարյանը:

Կլինիկայում հիվանդները կարող են բուժվել անանուն, որ նրանց անձի գաղտնիությունը պահպանվի: Թմրամոլներին գաղտնի պահելը կարող է վտանգ ներկայացնել հասարակության համար: Հաշվառվելու եւ իրենց անունով հանդես գալու դեպքում նրանք մի շարք մասնագիտություններով իրավունք չունեն աշխատելու: Կլինիկայի բժիշկների ներկայացմամբ՝ օրինակ, թմրամոլ վարորդին բուժման ընթացքում ժամանակավորապես վարորդական իրավունքից զրկում են, մինչդեռ անանուն բուժվելու դեպքում նրա վարորդական իրավունքը վերցնելու ոչ մի մեխանիզմ չկա: Բժիշկների պատմելով՝ «Մեզ մոտ մի տաքսիստ ունեինք, որն անանուն էր բուժվում եւ այդ ընթացքում աշխատում էր որպես վարորդ, ինչի իրավունքը չուներ»:

Ըստ բժիշկների, հետազոտությունները ցույց են տվել, որ հայերը հիմնականում թմրամոլ են դառնում Ռուսաստանում: Այնտեղ թմրամիջոցները մոտ 10 անգամ ավելի էժան են, քան Հայաստանում, բացի այդ, թմրադեղ ձեռք բերելն էլ Ռուսաստանում հեշտ է: Ազգային մոնիթորինգի կենտրոնի ուսումնասիրության համաձայն, Հայաստանում 1 գրամ հերոինի արժեքը 120-150 դոլար է, օփիոնը՝ 25-30 դոլար, հաշիշը՝ 10-15 դոլար, իսկ մարիխուանան ավելի էժան է՝ 1,5-2 դոլար:

Տարեցտարի մեր երկրում էլ թմրամիջոցներն ավելի ու ավելի մատչելի են դառնում: Դրանք հիմնականում ներկրվում են ՌԴ-ից, Իրանից ու Վրաստանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել