Թուրքիա մեկնե՞լն էր ճիշտ, թե՞ հակառակը
Երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի հյուրերն էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը եւ թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Նրանք խոսեցին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողության մասին եւ մեկնաբանեցին հայաստանյան պատվիրակության այցը Թուրքիա:
Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ Կիլիկիո թեմի առաջնորդ Արամ Առաջինը մերժել էին Սուրբ Խաչի բացմանը մասնակցելու հրավերը:
Տեր Վահրամի խոսքով, Մայր աթոռի մասնակցությունը արարողությանը բացառվել է, քանի որ նկատի են ունեցել այն հանգամանքը, որ Սուրբ Խաչը չի բացվելու որպես եկեղեցի, այլ լինելու է թանգարան, այսինքն՝ մշակութային օջախ, ինչպես նաեւ այնտեղ չի լինելու եկեղեցական արարողություն: «Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը Թուրքիայի իշխանությունների կողմից եկեղեցու վերանորոգումը չի որակում որպես դրական քայլ: Վիրավորական է, երբ 10-րդ դարում կառուցված Սուրբ Խաչը այլեւս գործելու է իբրեւ աշխարհիկ հաստատություն: Այն մինչ 1915թ. ծառայել է որպես սրբավայր, պատմաճարտարապետական արժեք ունեցող շինություն, ուստի չի կարող դադարել իր առաքելությունն իրականացնելուց»,- հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարը: Ինչ վերաբերում է ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակության մասնակցությանը, տեր Վահրամի ձեւակերպմամբ. «Դա կարեւոր է այն առումով, որ մշտապես խոսվում է երկու ժողովուրդների հարաբերությունների վերսկսման մասին: Իսկ մեր տեսանկյունից՝ այս ամենը մեր քրիստոնեական զգացումների դեմ ուղղված գործողություն է»:
Հակոբ Չաքրյանն էլ փաստեց, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ է պետական միջոցներով հայկական եկեղեցի վերանորոգվում: Նա կարծում է, որ թանգարան դառնալով՝ եկեղեցին գոնե կփրկվի հետագա ավերումից. «Ես երբեք էլ չեմ մտածել, թե Սուրբ Խաչը կբացվի որպես եկեղեցի: Մենք պետք է շնորհակալ լինենք ոչ թե եկեղեցին վերանորոգելու, այլ Թուրքիայի հրավերի համար: Կարծում եմ՝ ճիշտ է, որ ՀՀ մշակույթի նախարարն անձամբ չի գնացել, իսկ հրավերը մերժելը թուրքերի կողմից ավելորդ անգամ կշահարկվեր»: Պրն Չաքրյանը, սակայն, իր զարմանքը հայտնեց, որ Պոլսո Հայոց պատրիարքը երգել է թուրքական հիմնը. «Հոգեւոր առաջնորդը չպետք է հիմն երգի: Թուրքիայի քաղաքացի լինելը բոլորովին էլ չի պարտադրում դա: Նա ֆուտբոլի թիմի խաղացող չէ, անգամ նույն թիմի բոլոր ֆուտբոլիստները չէ, որ հիմնը երգում են»: Հ. Չաքրյանը հույս ունի, որ Սուրբ Խաչի խաչը դեռ կտեղադրվի՝ «այլապես ինչո՞ւ պիտի պատրաստվեր»:
Երեկ նույն առիթով ասուլիս էր հրավիրել նաեւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միությունը եւ հանդես եկել մշակույթի նախարարությանը դատապարտող հայտարարությամբ: Միության նախագահ Նարեկ Գալստյանն «Առավոտին» հայտնեց. «Մեր պատվիրակությունը ստորացուցիչ կերպով գնաց մասնակցելու Աթաթուրքի նկարներով պատված հայկական եկեղեցու բացմանը: Թուրքիա մեկնած պատվիրակությունն արդյոք ամոթ չի՞ զգում, որ հայ եկեղեցին պղծվել է իրենց աչքի առաջ: Պահանջում ենք, որ Հասմիկ Պողոսյանը ներողություն խնդրի մշակույթի նախարարության կողմից ուղարկված պատվիրակության՝ Թուրքիա մեկնելու համար: Իսկ եթե չխնդրի, կպահանջենք նրա հրաժարականը»:
Երեկ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն էլ հայտարարել է, որ սխալ կլիներ, եթե հայաստանյան պատվիրակությունը չմասնակցեր Սուրբ Խաչ եկեղեցու բացմանը. «Ինչ-որ մի ներկայություն այնտեղ պետք է ունենայինք՝ աշխարհին ցույց տալու համար, որ սա հայկական է, որպեսզի տուրք չտայինք թրքական պրոպագանդային»: Իսկ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման մասին նախարարը չի ցանկացել խոսել, ասելով, որ այն արդեն արտահայտվել է ԱԳՆ մամուլի խոսնակի կողմից: