Քանի որ ճանապարհատրանսպորտային միջոցների կողմից թույլ տրված խախտումների համար նախատեսված տուգանքները տասնապատկվել են:
Մարտի 24-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքը՝ փոփոխություններով: Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության բաժնի պետ, փոխգնդապետ Հայկ Սարգսյանը: Նրա ներկայացմամբ, այսուհետեւ ճանապարհատրանսպորտային միջոցների խախտումները արձանագրվում են տեսագրման եւ ՀՀ ոստիկանության շրջիկ մեքենաների կողմից, մինչդեռ ասուլիսի ընթացքում պարզ դարձավ, որ տեսախցիկների տեղադրումը դեռ ավարտված չէ, կարելի է ասել՝ սկսված չէ: Օրենքի մեջ ամրագրված նոր փոփոխություններով խախտումների համար «կրակած թվեր» են սահմանված՝ այսուհետեւ նախկինի համեմատությամբ նույն խախտման համար խախտում անողները կվճարեն եռակի, քառակի կամ տասնապատիկ:
Մթնեցված կամ վարագուրված ապակիներով ավտոմեքենաների համար օրենքը նախատեսում է 50.000 դրամ տուգանք: Եթե որոշ բացառություններ էլ լինեն, ապա միայն կառավարության թույլտվությամբ: Սակայն Հ. Սարգսյանը չպարզաբանեց, թե ապակիների ինչ աստիճանի մգությունն է համարվում խախտում: «Ամենաէժան» տուգանքի չափը 5000 դրամից է սկսվում, օրինակ՝ եթե ընթացող մեքենայի պատուհանից ուտելիքի մնացորդ կամ որեւէ աղբ են դուրս նետում, ապա մեքենայատերը տուգանվում է 5000 դրամի չափով: Ի դեպ, շատ հետաքրքիր է, թե այդ խախտումը ինչպես են տեսնելու:
5000 դրամի տուգանք է սահմանվում նաեւ անվտանգության գոտիները չամրացնելու համար, որը երեւի պետք է տեսնեն տեսախցիկը եւ ոստիկանները, որոնք առնվազն կդիտեին հեռադիտակով: Բազմաթիվ տուգանքներ են սահմանված նաեւ այլ խախտումների համար՝ մեքենան ժամանակին ՀՀ ոստիկանություն հաշվառման չներկայացնելու, տեխզննումը ուշացնելու, առանց ոստիկանության թույլտվության մեքենան վաճառելու, մեքենաների համար չսահմանված տեղերը կայանատեղի դարձնելու, անսթափ վիճակում մեքենան վարելու, արագությունը գերազանցելու, լուսացույցին չհետեւելու եւ այլ հազար ու մի դեպքերի համար՝ բոլորն էլ «կլորիկ տուգանքներով»: Ենթադրենք մեքենան առանց համարանիշի է դուրս եկել փողոց կամ կեղծված է համարանիշը, այդ դեպքում տուգանքը 200000 դրամի չափով է նախատեսված: Իսկ, առհասարակ, տուգանքները հասնում են մինչեւ 350000 դրամի: Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք օրենքի փոփոխությունները կոռուպցիայի չեն հանգեցնում, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, դա միակ միջոցն է, որով հնարավորինս կսահմանափակվի խախտումների քանակը»: