Եթե Հայաստանում ուզում եք բանկ թալանել, դիմեք ոստիկաններին
Այս տարվա հունվարի 31-ին Երեւան քաղաքի դատախազությունը ավարտեց Ահարոն Հակոբյանի դեմ հարուցված քրգործի նախաքննությունը եւ նրա մեղադրական եզրակացությունն ուղարկեց Մալաթիա համայնքի առաջին ատյանի դատարան: Այնտեղ Միքայել Գրիգորյանի նախագահությամբ մինչ օրս ընթանում է այս գործով 8 մեղադրյալների դատավարությունը:
Անցյալ տարվա հուլիսի 3-ին Մալաթիայի ոստիկանության բաժնին հայտարարություն տվեց «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Մալաթիայի մասնաճյուղի կառավարիչ Կարեն Գյուլնազարյանը: Նա հայտնեց, որ բանկից գողացվել են առանձնապես խոշոր չափի գումար եւ ոսկյա իրեր:
Հայտարարությունից երեք օր հետո քաղաքի դատախազությունը գործն ընդունեց վարույթ: Պարզվեց, որ խոսքը 264 միլիոն 615 հազար 163 դրամին համարժեք գումարի եւ ոսկյա իրերի մասին է:
Ինչպես էր կատարվել գողությունը: ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկան, Մալաթիայի մասնաճյուղում ծառայություն իրականացնող Արսեն Հակոբյանը աշխատանքի ընթացքում տեսել էր, թե մասնաճյուղի դրամապահոցում որքան գումար եւ թանկարժեք իրեր են բերվում: Ու մի օր էլ մտածել էր այդ մասին հայտնել «ախպերությանը»: Նա հանդիպել էր ընկերոջը՝ Արթուր Խանոյանին, խոստանալով ապահովել նրա առանց խոչընդոտների բանկ մտնելը: Վերջինս գտել էր իր ծանոթ Սուրեն Հովհաննիսյանին, որը հայտնի «դուռ բացող էր» եւ ուներ տարատեսակ բանալիներ, իսկ անհրաժեշտության դեպքում պատրաստում կամ ձեռք էր բերում դրանք:
Բանկի դրամապահոցի բանալիները, ըստ վերջինիս, ձեռք էր բերել «Քրջի բազարից»:
Ս. Հովհաննիսյանը իր հերթին բանկի վրա հնարավոր հարձակման մասին ասում է իր մի այլ ընկերոջը՝ նախկինում դատապարտված Արթուր Բաբայանին:
Բանկում իր հերթապահության օրը՝ Արսեն Հակոբյանը վերոնշյալ անձանց թույլատրում է մուտք գործել բանկ, փորձարկել դրամապահոցի դուռը բացելու համար նախատեսված բանալիները:
Ըստ գործի նյութերի, Ահարոն Հակոբյանը «զինվելով ինքնաձիգով, լիցքավորված փամփուշտներով, գիշերվա ժ. 11-ի սահմաններում Արթուր Խանոյանի եւ Արթուր Բաբայանի հետ դարանակալում են բանկում»: Այդ նույն օրը հերթապահում էր պատրաստվող հանցագործությանն անտեղյակ մեկ այլ ոստիկան՝ Կնյազ Ենոքյանը: «Ահարոն Հակոբյանը անսպասելիորեն հարձակվել էր Ենոքյանի վրա եւ ինքնաձիգն ուղղելով վերջինիս վրա՝ հրացանի փողով հարվածել Կնյազ Ենոքյանի կրծքավանդակին»: Վերջինս վախից փախել է: Սակայն բանկը թալանելու առաջին փորձը ձախողվել է:
Կնյազը իր հետ կատարվածի մասին պատմել էր ընկերոջը՝ ոստիկան Արսեն Հակոբյանին, ամենեւին չկասկածելով, թե այդ ամենը կատարվել է նրա գիտությամբ ու դերաբաշխմամբ: Վախեցել է ղեկավարությանը զեկուցել, քանի որ իրեն տույժի կենթարկեին աշխատավայրը լքելու համար:
Մեղադրյալ Ահարոն Հակոբյանը, որը երթուղային տաքսու վարորդ է, եւ այս տարվա հունվարի 21-ից է ներքաշվել այս գործի մեջ, ասում է, որ ինքը տեղյակ է եղել կատարված հանցագործության մասին, սակայն չի մասնակցել բանկի թալանին: Նախաքննության ժամանակ նա հրաժարվել է ցուցմունք տալ: Իսկ դատարանում նա դեռ ցուցմունք չի տվել: Մեր տեղեկություններով, նա դեմ է, որ իրեն մասնակից դարձնելու մեղադրանք է առաջադրվել, եւ գտնում է, որ մեղադրանք պիտի առաջադրվեր իմանալ-չհայտնելու համար: Երբ նրան առաջարկել են բանկը բացելու ծրագրերի մասին, Ահարոնն ասել է. «Բանկը հո պապիրոսի բուտկա չի՞»:
Հաջորդ հարձակումն անցել է «բարեհաջող». մեղադրյալ Արսեն Հակոբյանի ծառայության օրը բանկի դուռը սիրահոժար բացվել է ախպերության առաջ, այնտեղից գողացվել 62.050.713,37 դրամ, 2640 եվրո, 160 ֆունտ ստեռլինգ՝ լցված 460 պարկի մեջ:
Այս գործով 5 մեղադրյալ կալանավորված է, իսկ 3-ի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: