Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրին խաղատուն են դարձրել

Ապրիլ 02,2007 00:00

Վերջին մի քանի օրերին քաղաքի ամենամարդաշատ թաղամասերը հեղեղվել են խաղակրպակներով:

Արդեն մեկ շաբաթ է՝ «Լինգետա Նյու» ՍՊԸ-ն սկսել է մեծ բիզնես ծավալել Գյումրիում՝ խախտելով «Շահումով խաղերի ու խաղատների մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ «Խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս»: Նշյալ կազմակերպությունը ոչ ավել, ոչ պակաս իր գործունեությունը սկսել է Գյումրիի ամենամարդաշատ թաղամասից՝ Անիից: Այս թաղամասում է գտնվում Գյումրիի մանկավարժական ինստիտուտը, եւ որ ամենակարեւորն է՝ թաղամասում կան մի քանի դպրոցներ, որոնց աշակերտներն այս օրերին խաղասրահների ամենամոլի այցելուներն են դարձել:

Իսկ երեկ այս նույն կազմակերպությունը իրար մոտ խաղակրպակներ էր տեղադրում նաեւ կենտրոնական՝ Վազգեն Սարգսյան փողոցում: Պարզ է, որ ՍՊԸ-ն ինքնագլուխ այստեղ փողեր չէր աշխատի, եթե չստանար Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական թույլտվությունը: Այս առնչությամբ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Նորիկ Մանուկյանը «Առավոտին» պարզաբանեց, որ իրոք իրենք թույլատրել են խաղակրպակների տեղադրումը: Իսկ ինչո՞ւ բնակելի թաղամասերում, մի՞թե դա օրենքի խախտում չէ, մեր հարցին ի պատասխան՝ գլխավոր ճարտարապետն արդարացավ. «Սրանք ոչ թե խաղասրահներ են, այլ անվնաս կրպակներ»: Սակայն խաղակրպակների հասցրած վնասները գրեթե ամեն օր իրենց կաշվի վրա զգում են դպրոցահասակների ծնողները: Արդեն մի քանի անգամ երեխաների եւ կրպակատերերի միջեւ բախումներ են եղել: Ծնողները խիստ դժգոհություններ են հայտնել, որ իրենց անչափահաս երեխաներին ներքաշում են մոլի խաղերի մեջ: Նշենք, որ թեեւ խաղասրահների վրա գրված է՝ մինչեւ 18 տարեկաններին խաղալն արգելվում է, սակայն հիմնական հաճախորդները հենց անչափահասներն են: Մենք դպրոցահասակներից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են հաջողացնում ձեռք բերել ժետոններ. «Ի՞նչ պրոբլեմ կա, հասուն տղեքից մեկին կուտանք՝ կառնի, մենք էլ կխաղանք»,- պարծեցավ նրանցից մեկը:

«Առավոտի» հետ զրույցում ծնողներից մի քանիսը դժգոհեցին, որ երեխաներն արդեն պարտքերի մեջ են գցել ընտանիքին՝ շրջապատի տղերքից պարտքով փող վերցնելով ու խաղալով: Խաղամոլների ասելով էլ՝ թեեւ ժետոնը 100 դրամ է, սակայն «ազարտի» մեջ ընկնելիս մինչեւ 20-30 հազար դրամ փող են ծախսում: Ականատեսները նույնիսկ վկայում են, որ ուղիղ երկու օր առաջ հաճախորդներից մեկը ծախսելով գրպանի փողը՝ վաճառքի էր հանել ձեռքի հեռախոսը: Մեր աղբյուրների հավաստմամբ, սա օլիգարխներից մեկի բիզնեսն է, որի՝ Գյումրիում փող աշխատելու ցանկությանը քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պարզապես չի կարողացել դեմ գնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել