Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՐՈՒՄ ԵՆ «ՄՈԼՈՐԱԿԻՑ ԴՈՒՐՍ»

Ապրիլ 02,2007 00:00

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու 115 շենքը արտաքին աշխարհի հետ ոչ մի կապ չունի

 

\"\"Բնակիչները զուգարանի համար ժամերով հերթ են կանգնում:

 

\"\"Տեղումների ժամանակ բնակիչները վախենում են հոսանքահարվել՝ տանիքը վնասված է, իսկ հոսանքի լարերը անցնում են միջանցքներով եւ բաց են:

 

\"\"Շենքում աղբամաններ չկան: Աղբը թափում են շենքի դիմացի առվի մեջ:

Շենքը նախկինում պատկանել է գյուղատնտեսության նախարարությանը ու ծառայել է որպես «Բույսերի եւ կանաչապատման» լաբորատորիա, այժմ այնտեղ 32 ընտանիք է ապրում, բայց նրանց գոյության ու ապրելու սարսափելի պայմանների մասին ՀՀ իշխանությունները գաղափար անգամ չունեն: Բնակիչների միակ շքեղությունը էլեկտրաէներգիան է: Այդ շենքում ոչ կոյուղի կա, ոչ ջրամատակարարում, ոչ հեռախոսակապ, ոչ էլ աղբահանություն է կատարվում: Այստեղ հիմնականում ապրում են սոցիալապես անապահով ընտանիքներ: Նրանք շենք են տեղափոխվել դեռեւս 1992 թվականին՝ սպասելով, որ շուտով տուն են ստանալու: Սակայն մինչ օրս այդպես էլ մնացել են այդ ժամանակավոր կացարանում: Ճիշտ է, շենքը փաստացիորեն գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում, բայց թաղապետարանը, բնակիչների ներկայացմամբ, «իրենց մասին լսել չի ուզում եւ ոչ մի հարցում չի օգնում»:

«Պատկերացնո՞ւմ եք, ամեն առավոտ դրսի զուգարանի մոտ հերթ է: Այդ հակասանիտարական զուգարանում ե՛ւ մեծերն են գնում, ե՛ւ երեխաները, քանի որ ուրիշ տարբերակ չունեն: Ոմանք էլ գիշերվա կեսին չեն կարողանում դուրս գալ եւ տոպրակների, դույլերի մեջ են անում ու առավոտյան տանում թափում»,- «Առավոտի» հետ զրույցում ասացին շենքի բնակիչները: Նրանց խոսքերով, տպավորություն է, թե «մոլորակից դուրս ենք ապրում: Շրջակայքում խանութ չկա, որ գոնե հաց գնենք: Եթե որեւէ մեկիս բան պատահի ու պետք լինի շտապօգնություն զանգահարել՝ չենք կարողանա: Արդեն բոլորս բժիշկ ենք դարձել, ինքնաբուժում ենք անում, որովհետեւ ուրիշ ճար չունենք»: Բնակիչների ներկայացմամբ, անգամ «այդ փլված շենքում» չեն կարողանում բնակարանները սեփականաշնորհել, քանի որ «դրա համար էլ են գումար ուզում, սա ի՞նչ տուն է, որ սրա համար էլ 80 հազար դրամ են ուզում: Բայց առանց սեփականաշնորհելու հնարավոր չէ, այս շենքի մարդիկ ոչ մի տեղ փաստորեն գրանցված չեն եւ չեն կարողանում աշխատանքի անցնել որեւէ պետական հիմնարկում»: Շենքի բնակիչները տարիներ շարունակ դիմում են քաղաքապետարան, Մալաթիա-Սեբաստիա թաղապետարան, սակայն ոչ մի շոշափելի արդյունքի չեն հասնում:

Թաղապետարանի բնակֆոնդի շահագործման բաժնի պետ Նուբար Արիստակեսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ դեռ անցած տարվանից իրենց թաղապետարանը գումարներ է տրամադրում այս շենքի հարցը լուծելու համար. «Անցած տարի 5 միլիոն դրամ էր հատկացվել, այս տարի էլ՝ 11 միլիոն 500 հազար, սակայն մենք չենք կարողանում շենքում կոյուղի անցկացնել եւ ջրամատակարարումն ապահովել: Մենք դիմել ենք «Երեւան ջուր» ընկերությանը, որպեսզի նա մեզ տեղեկացնի, թե որտեղից պետք է այդ խողովակները միացնենք եւ հասցնենք շենքին, բայց ընկերությունից մեզ պատասխանել են, որ մոտակայքում ոչ մի հարմար ջրագիծ չկա: Դիմել ենք նաեւ քաղաքապետարան, որպեսզի շենքի տարածքում հոր փորենք՝ զուգարան կառուցելու համար, սակայն սանէպիդբաժինը մեզ արգելեց՝ ասելով, որ այդտեղ ստորգետնյա ջրեր են հոսում ու դրանք կաղտոտվեն: Բանակցություններ ենք վարում՝ քիչ հեռու գտնվող գործարանի ջրախողովակներին միացնել նաեւ այս շենքի խողովակները, սակայն գործարանը ավելի բարձր տեղանքում է, քան այս շենքը: Որոշել ենք գոնե պոմպերով ջուր բերել, սա էլ վերջնական որոշում չէ: Հիմա չգիտենք ինչ անել, պետք է մի քիչ էլ սպասել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել