Շավարշ Քոչարյանի գլխավորած ԱԺԿ-ն երեկ տարածել է մի հաղորդագրություն, որում ասվում է, որ ՀԺԿ-ն զրկել է ԱԺԿ-ին ընտրական հանձնաժողովներում 36 տեղերից. «Համաձայն 2003 թ. ձեռք բերված եւ «Արդարություն» դաշինքի ինը կուսակցությունների կնիքներով հաստատված քաղաքական համաձայնության՝ թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ էր նշանակված ԱԺԿ ներկայացուցիչ Աշոտ Ավետիսյանը։
Հաշվի առնելով այն, որ Աշոտ Ավետիսյանը ընդգրկված է ԱԺԿ համամասնական ցուցակում՝ նա իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դիմում էր ներկայացրել ԿԸՀ անդամ Ֆելիքս Խաչատրյանին՝ միաժամանակ առաջարկելով պահպանել քաղաքական պայմանավորվածությունը եւ հանձնաժողովի անդամ նշանակել ԱԺԿ այլ ներկայացուցչի։ Սակայն ԿԸՀ անդամը նշանակել է ՀԺԿ ներկայացուցչին՝ դրանով իսկ կանխորոշելով 35 տեղամասային ընտրական հանձնաժողովներում մեկական անդամների նշանակում ՀԺԿ կողմից»: Կատարվածի կապակցությամբ մեկնաբանություն ստացանք նաեւ ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանից: Վերջինս ասաց, որ ԱԺԿ-ն իրավունք չուներ փոխել իր անդամին եւ կարող էր դիմում ներկայացնել հանձնաժողովից դուրս գալու մասին, որովհետեւ անհամատեղելի է լինել հանձնաժողովի անդամ եւ լինել կուսակցության համամասնական ցուցակում: Նաեւ հավելեց. «ԱԺԿ ներկայացուցիչ Աշոտ Ավետիսյանը մասնագիտորեն պատրաստված, բարոյական եւ մարդկային տեսակետից ընդունելի անձ է, նա դիմում է ներկայացրել եւ ազատվել է: Ինձ առաջարկել են մի թեկնածուի, որն անցած 4 տարիների ընթացքում որեւէ ընտրության մասնակից չի եղել, ինքը Դավիթաշենի բնակիչ է, պետք է ԸԸՀ անդամ դառնար Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ չիմանալով համայնքը, կադրային բազան: Ի դեպ, ԱԺԿ-ն ամբողջ անցած ուստարվա ընթացքում, երբ ուսուցանվում էին հանձնաժողովների անդամները, չնայած իմ բոլոր առաջարկներին, իր որեւէ անդամի չի ուղարկել դասընթացների, եւ նրանք չունեն վկայական: Հիմա ումո՞վ ենք համալրելու ԸԸՀ-ները: Ես նպատակահարմար եմ գտել, եւ դա իմ իրավունքն է, հանձնաժողովի անդամ նշանակել Գագիկ Մարգարյանին, որը բոլոր ընտրություններին ակտիվ մասնակցել է եւ տեղյակ է գործին»: