Լրահոս
Օրվա լրահոսը

«Էռնեստը հնչակ չէ, այլ՝ գող եւ ավազակ»

Ապրիլ 02,2007 00:00

ՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը բացահայտում է ՀՍԴՀԿ ղեկավարին

«Եթե Սողոմոնյանը կրակ էլ դառնա, մեկ է՝ մեզ վնասել չի կարող: Մեր շարքերն ու համախոհները շատ լավ գիտեն՝ ով է նա եւ ով է իրական, անբասիր, ընդդիմադիր հնչակյան կուսակցությունը: Մենք ընդունում ենք նրա նետած ձեռնոցը եւ շնորհակալ ենք, որ այդքան ջանասիրաբար մեզ օգնում է բացահայտել իր իսկ դեմքը»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք արտահայտեց Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Արդեն տարիների պատմություն ունեցող ընդդիմադիր ՍԴՀԿ եւ Էռնեստ Սողոմոնյանի ղեկավարած իշխանամետ ՀՍԴՀԿ վեճը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հասել է գագաթնակետին: ՍԴՀԿ-ն արդեն քանիցս հայտարարություններ է տարածել, որ «Էռնեստն իսկական հնչակ չէ», բայց վերջինս համառորեն հեռուստաեթերներից ներկայանում է 120-ամյա պատմություն ունեցող կուսակցության հայաստանյան ներկայացուցիչ: Ի դեպ, պարոն Սողոմոնյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 13-րդ համարն է: Փաստելով, որ՝ «կա ավանդական կուսակցությունը եւ 1999 թվականին հիմնադրված իբր կուսակցություն, որը ղեկավարում է Էռնեստ Սողոմոնյանը», Լյուդմիլա Սարգսյանը պայքարելը նույնիսկ ծիծաղելի է համարում: Ավելին, այս ամենի տակ մեր զրուցակիցը տեսնում է, որ «օգտվելով իր տղայի դիրքից, Էռնեստը փորձում է նորից ջրի երես դուրս գալ՝ երկրորդ անգամ իր արջի ծառայությունը մատուցելով մեր կուսակցությանը, իհարկե՝ վարկաբեկելով նաեւ որդուն: Ինչեւէ, նա չի կարող մեզ արժանի հակառակորդ լինել: Եթե շարքերը եւ սփյուռքն իրեն ընդունեին, հիմա ես այստեղ նստած չէի լինի: Մենք նրան դիտարկում ենք որպես գող եւ ավազակ: Եթե մարդն այնքան անբարոյական է, որ կարող է կեղծված կնիքով գնալ եւ կուսակցության հաշվեհամարից հանել ու գրպանել մոտ 17 հազար դոլար գումար ու հանգիստ ապրել՝ էլ ի՞նչ ասես»,- համարյա տասնամյա վաղեմության դեպքը վերհիշեց Լ. Սարգսյանը: Ի դեպ, Է. Սողոմոնյանի որդին, ինչպես հայտնի է, ՀՀ նախագահի մամուլի խոսնակն է: Մեր զրուցակիցը այս հանգամանքով է պայմանավորում նաեւ այն, որ իր հանդիպումները լրագրողների հետ չեն լուսաբանվում հեռուստատեսություններում:

«Այդուհանդերձ, Է. Սողոմոնյանի, այսպես ասած, խաղի մեջ մտնելը ՍԴՀԿ-ին սպառնում է առանց այդ էլ ոչ այդքան մեծ ընտրազանգվածի մասնատմամբ»՝ մեր այս դիտարկմանը Լ. Սարգսյանը այսպես արձագանքեց. «Երբ Էջմիածնում հայտնի Հակոբ Հակոբյանի հետ դրվեց համանման անուն-ազգանվամբ եւս մեկը՝ ակնհայտ էր նպատակը: Նույնը այս պարագայում է: Մեր ընտրազանգվածին մոլորության մեջ են գցում»:

Իսկ ընդհանրապես, ՍԴՀԿ ատենապետին զարմացնում է Էռնեստ Սողոմոնյանի՝ ԲՀԿ-ի երկրորդ տասնյակում ընդգրկվելը. «Պարոն Ծառուկյանը մշտապես ասում է, որ իրենց ցուցակում անբասիր անցյալ ունեցող, մտավորական մարդիկ են: Իմանալով Էռնեստի անցյալը… ամեն դեպքում, զգույշ եղեք, պարոնայք, լավ փակեք ձեր գրպանները: Կարծում եմ, որ այդ ցուցակում կան շատ-շատերը, ովքեր ավելի արժանավայել կներկայացնեին ԲՀԿ-ն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել