Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ՄԱՔՐԵԼ ԽՈՏԱՆԻՑ

Ապրիլ 02,2007 00:00

\"\"Այդպիսի նպատակ է դրել լրագրող, ԲՀԿ ցուցակում 28-րդ հորիզոնականը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանը

– Ինչո՞ւ որոշեցիր թողնել լրագրությունը եւ անցնել քաղաքականություն, այն դեպքում, երբ ինքդ քո հրապարակումներում միշտ էլ բավականին ծաղրական վերաբերմունք ես ունեցել քաղաքական գործիչների նկատմամբ:

– Ես որեւէ մեկի հետ ցմահ պայմանագիր չէի կնքել, որ մինչեւ կյանքիս վերջը զբաղվելու եմ լրագրությամբ, եւ չեմ կարծում, որ որեւէ պայմանավորվածություն եմ խախտել: Ինչպես նաեւ, չեմ կարծում, որ կա հատուկ ֆիրմա, որտեղ պատրաստում եւ արտադրում են քաղաքական գործիչներ: Որեւէ սահմանափակում չկա, որը լրագրողին կամ որեւէ մեկին արգելի զբաղվել քաղաքականությամբ, եւ վստահ եմ, չես ժխտի, որ այսօր մեր լրագրողական թիմի բազմաթիվ ներկայացուցիչներ ցանկացած կամ գրեթե ցանկացած քաղաքական գործչի կտանեն «քաղաքական գետը» ու ծարավ ետ կբերեն: Իսկ ինչ վերաբերում է իմ հոդվածներում քաղաքական գործիչների հանդեպ սարկազմին, ապա ես պատրաստ եմ վերաստորագրել իմ ցանկացած նյութի տակ, եւ քաղաքականությամբ զբաղվելու իմ մտադրությունը նաեւ պայմանավորված է նրանով, որ, ի վերջո, ժամանակն է, որ քաղաքական դաշտը մաքրվի քաղաքական խոտանից, մաքրվի ինձ եւ քեզ ծանոթ պերսոնաժներից, որոնց մասին նույնիսկ սարկազմով գրելը մեծ լավություն է նրանց համար: Մեր բազմաթիվ, այսպես կոչված, քաղաքական գործիչներ շատ բան ունեն սովորելու բազմաթիվ լրագրողներից, եւ հենց դա էլ շատ դեպքերում նրանց նյարդայնացնում է:

– Ինչո՞ւ հենց «Բարգավաճ Հայաստան», մանավանդ՝ հայտնի է, որ դա ոչ թե ընդդիմադիր, այլ իշխանական ուժ է, իսկ դու աշխատել ես ընդդիմադիր թերթում:

– Բազմաթիվ տրանսֆորմացիաների շարքում մեր մամուլը եւս ձեւախեղվել է, եւ այսօր մենք ունենք ընդդիմության որոշակի թեւերի եւ իշխանության որոշակի թեւերի շահերը սպասարկող մամուլ, բացառությամբ երկու-երեք թերթի, որոնք ո՛չ ընդդիմություն են աշխատում, ո՛չ էլ իշխանություն, այսինքն՝ քաղաքական գործիք չեն։ Ողջ պրոբլեմն այն է, որ ընդդիմության մամուլում աշխատող լրագրողները ընկալվում են որպես ընդդիմության տվյալ թեւի սպասարկուներ, որոնց սուրբ պարտքն է սպասարկել քաղաքական այդ թեւի շահը, իսկ իշխանության այս կամ այն թեւի մամուլում աշխատողները պետք է սիրեն ու հարգեն իշխանության այս կամ այն անդամին՝ ինչպես սեփական հորը: Ես ինձ չեմ համարել եւ չեմ համարում ընդդիմության կամ իշխանության լրագրող, ես ինձ համարում եմ լրագրող, որը փորձել է ներկայացնել իրականությունը ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության մասին։ Եվ, կրկնում եմ, բացարձակ նորմալ է, որ լրագրողը որոշել է զբաղվել քաղաքականությամբ: Այստեղ չկա սկզբունք փոխելու խնդիր, կա ընդամենը մասնագիտություն փոխելու հարց: Ինձ եղել է առաջարկ՝ ընդգրկվել «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակում, եւ ես այդ առաջարկը ընդունել եմ: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա ԲՀԿ-ն իշխանական կուսակցություն չէ, քանի դեռ չի մասնակցել ընտրություններին եւ դրա արդյունքում մաս չի կազմել իշխանության։ Բայց նաեւ, այո, ընդդիմություն չէ մեզ հայտնի ու ծանոթ ամպլուայով՝ հարթակներից անհոդաբաշխ անեծքներ չի տեղում ու լալահառաչ ցիտատներով չի դիմում հավերժական այդ սցենարից վաղուց զզված ժողովրդին։ «Բարգավաճ Հայաստանը» մասնակիցը չի եղել իշխանական եւ ընդդիմադիր կուսակցությունների՝ միմյանց վրա կեղտ շպրտելու այս տարիների քաղաքական ազգային ավանդական անառողջ օրակարգին, եւ նաեւ այդտեղ է այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ եմ ես այսօր ԲՀԿ համամասնական ցուցակում:

– Եթե քաղաքականություն մտնելու որոշում ես ընդունել, ուրեմն համարո՞ւմ ես, որ դու կարող ես դառնալ քաղաքական գործիչ:

– Ես չեմ կարծում, որ այսօր ի պաշտոնե քաղաքական գործիչ համարվողների մեծ մասը շատ ավելի «քաղաքական գործիչ» են, քան դու, ես կամ մեկ այլ լրագրող: Ի վերջո, թե՛ ես, թե՛ դու շատ լավ գիտենք, թե ինչ որակով է այսօր լցված քաղաքական դաշտը, որոնք ուղղակի կոռոզիայի են ենթարկել ողջ քաղաքական համակարգը: Իհարկե, այդ ժանգը մաքրելը բարդ գործ է լինելու, բայց այդ ժանգը խորհրդարանից խորհրդարան տեղափոխելով՝ ընդամենը լուծվում է քաղաքական խոտանի վրա լրագրողներին առատ նյութ տալու հարցը: Ոչ ավելին: Եվ եթե այսօր քաղաքական հայտ ներկայացրած լրագրողները վստահ են, որ ամեն մեկը իր քաղաքական պատկերացումների եւ մոտեցումների շրջանակում կարող են պակասեցնել քաղաքական համակարգի կոռոզիան, դրան, կարծում եմ, պետք է նորմալ վերաբերվել:

– Քո մի շարք հրապարակումներում ժամանակին ինքդ չես խնայել այն քաղաքական ուժերին, ովքեր ընտրակաշառք են բաժանում կամ, այսպես կոչված, բարեգործությամբ են զբաղվում: Հիմա, փաստորեն, դու մի կուսակցության համամասնական ցուցակում ես, որը հայտնի է որպես ամենամեծ բարեգործ:

– Որպես ամենամեծ բարեգործ հայտնի է ոչ թե կուսակցությունը, այլ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, եւ այդ բարեգործությունները կատարում է ոչ թե կուսակցությունը, այլ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, եւ այստեղ օրենքի հետ որեւէ հակասություն չկա: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա չեմ կարծում, որ գյուղացիներին իրենց գումարով սերմացու տրամադրելը կամ Մարտի 8-ին կանանց ծաղիկ նվիրելը ընտրակաշառք է: Բայց նաեւ հասկանում եմ, որ այս թեմայով տարբեր կառույցների ամեն օր բալզակյան ջանասիրությամբ նամակներ գրող որոշ քաղաքական ուժեր եւ կազմակերպություններ դրանով ընդամենը իրենց հանապազօրյա հացի խնդիրն են լուծում։ Ուստի, ըմբռնումով ենք մոտենում յուրաքանչյուր զույգ վարդի եւ մեխակի մեջ ընտրակաշառք փնտրելու նրանց նախընտրական էպիստոլյար մղումին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել