Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ՕՐԵՐԻ ՍՊԱՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մարտ 30,2007 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո 2008»-ի որակավորման մրցաշարում հերթական պարտությունը կրեց ու առնվազն մինչեւ հունիս կեզրափակի «A» խմբի մրցաշարային աղյուսակը:

Մեր ընտրանին մարտի 28-ին Լեհաստանի Կելցե փոքրիկ քաղաքում 0:1 հաշվով պարտվեց տանտերերին: Հանդիպման միակ գոլը 26-րդ րոպեին խփեց Ժուրավսկին: Որ հայաստանցի ֆուտբոլիստների համար այդ խաղում միավոր վաստակելն անչափ դժվար էր լինելու, առավել եւս գլխավոր մարզիչ Իան Պորտերֆիլդի բացակայությամբ, ոչ ոք չէր կասկածում: Թերեւս հուսադրող էին Ադրբեջանին 5:0 հաշվով հաղթելուց հետո Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, հոլանդացի Լեո Բեենհակերի գնահատականները մեր ընտրանու մասին: Նա, մասնավորապես, տեղական «Wyborcza» թերթին հայտարարել էր. «Հայաստանն անհամեմատ ուժեղ է Ադրբեջանից: Բրիտանացի մարզիչ Պորտերֆիլդի ձեռագիրը նկատելի է: Հայ ֆուտբոլիստներն ավելի ուժեղ են, արագ եւ վճռական: Նրանք խաղում են եվրոպական ոճով եւ չեն ընկրկում ուժեղ մրցակիցների առջեւ: Հայերն ի վիճակի են բազմաթիվ խնդիրներ ստեղծել, հետեւաբար, մենք պետք է պատրաստ լինենք դրան»:

Լեհաստան-Հայաստան հանդիպումը չենք վերապատմի: Այն ֆուտբոլասերները դիտել են ուղիղ հեռարձակմամբ: Ասենք միայն, որ թիմերը խաղադաշտ մտան սեւ թեւկապներով եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը: Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր տպավորությանը, չնայած հրավիրված գրեթե բոլոր ֆուտբոլիստները ներկա են եղել հավաքին ու համատեղ մարզվել, այդուհանդերձ, նրանց գործողություններում փոխհամաձայնեցվածությունը կաղում էր: Եվ եթե չլիներ կրկին հավաքական վերադարձած դարպասապահ Ռոման Բերեզովսկին եւ լեհերն էլ վճռական պահերին ավելի սառնասիրտ ու դիպուկ գտնվեին, կարող էինք նաեւ խոշոր հաշվով պարտություն կրել: Բացի դա, թիմում խաղարկող ֆուտբոլիստի բացակայությունը ակներեւ է, ով ի վիճակի կլիներ իր վրա վերցնել խաղը կազմակերպողի եւ հարձակվողներին անընդհատ գնդակներ մատակարարողի պարտականությունը:

Նույն օրը «A» խմբում Սերբիա-Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ Ադրբեջանը սեփական հարկի տակ մեկ անպատասխան գնդակ անցկացրեց Ֆինլանդիայի դարպասը: Մրցաշարային աղյուսակ.

1 Լեհաստան 7 5 1 1 12-5 16

2. Պորտուգալիա 6 3 2 1 13-4 11

3. Սերբիա 6 3 2 1 8-4 11

4. Ֆինլանդիա 6 3 2 1 7-3 11

5. Բելգիա 6 2 1 3 4-6 7

6. Ղազախստան 6 1 2 3 3-8 5

7. Ադրբեջան 6 1 1 4 2-13 4

8. Հայաստան 5 0 1 4 0-6 1

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել