Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՄՈՒՐ ԼԻՆԻ»

Մարտ 30,2007 00:00

\"\"Ասում է «Երեւանի գարեջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Հակոբ Հակոբյանը

Թեեւ Հակոբ Հակոբյանը ծնվել, կրթությունը ստացել եւ մինչ օրս աշխատում է մայրաքաղաքում, սակայն արմատներով կապված լինելով Տավուշի մարզի հետ, այն միշտ պահել է իր հոգածության կենտրոնում: Նրա կատարած զգալի ներդրումների շնորհիվ Դիլիջան քաղաքում լուծվել են տարաբնույթ բազում խնդիրներ: Այսօր արդեն գործում են անասնապահական խոշոր համալիրը, 2000 քմ ջերմոցային տնտեսությունը, ինչպես նաեւ ալյուրի, ձկան կերի, եվրոդռների եւ պատուհանների պատրաստման արտադրությունները: Մեկ տարվա ընթացքում կգործարկվի եւս չորս տարբեր արտադրություն՝ ապահովելով շուրջ 500 աշխատատեղ: Ներդրումներ են կատարվել նաեւ Իջեւան քաղաքի փողոցների բարեկարգման եւ լուսավորության համար:

– Պարոն Հակոբյան, այն ընտրատարածքը, որում Դուք առաջադրվել եք, աչքի է ընկնում չլուծված խնդիրների առատությամբ: Դրանք բազմապիսի են. Բերդի տարածաշրջանի գյուղերի անանցանելի ճանապարհներ, գործազրկության հետեւանքով դատարկված գյուղեր, հեռախոսակապի բացակայություն եւ շատ այլ կենսական հարցեր: Նման ընտրատարածքում պատգամավոր դառնալով, չե՞ք վախենում, արդյոք, այդ մեծ պատասխանատվությունը Ձեր վրա վերցնելուց:

– Ընդհակառակը, Տավուշն ինձ համար հոգեհարազատ աշխարհ է, որի հետ կապված եմ եղել դեռեւս փոքր հասակից: Մարզի ներկայիս վիճակը ինձ շատ է մտահոգում եւ, անկախ այն հանգամանքից, կընտրվեմ պատգամավոր, թե ոչ, ուժերիս ներածին չափով անելու եմ հնարավորը՝ իրավիճակը շտկելու եւ բարելավելու համար: Պարզապես, խորհրդարանը ինձ համար միջոց է լինելու պատգամավորի իմ լիազորությունների շրջանակներում մարզի կարեւոր խնդիրները վեր հանելու եւ համապատասխան լուծման ուղիներ գտնելու համար: Իսկ հիմնախնդիրները Տավուշում, ինչպես ասացի, շատ են: Նշեմ դրանցից միայն մեկը: Գաղտնիք չէ, որ մեր երկրի համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունեն սահմանամերձ գյուղերը: Այսօր հրատապ է այնտեղ բնակչության համար կենսական անհրաժեշտ պայմանների ստեղծումը, որպեսզի մարդիկ չհեռանան իրենց բնակավայրերից եւ սահմանամերձ շրջանները չդատարկվեն, սահմանը ամուր մնա: Չմոռանանք, թե ովքեր են մեր հարեւանները: Այդ տարածաշրջանում, հատկապես սահմանամերձ գյուղերում, ըստ իս, պետք է գործեն հարկային որոշակի արտոնություններ, ինչը կշահագրգռի գործարարներին՝ կատարելու ներդրումներ: Իսկ դա, բնականաբար, կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը եւ երիտասարդությունը անգործությունից չի փախչի գյուղից: Շատ կարեւոր հարցեր կան նաեւ մշակութային, սոցիալական, կենցաղային եւ այլ բնույթի, որոնք մշտապես պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում:

– Գաղտնիք չէ, որ գործարարներից շատերը գալիս են խորհրդարան՝ իրենց գործունեությունը բարելավելու համար եւ նիստերին ներկայանում են միայն առիթից առիթ, կոճակ սեղմելու «առաքելությամբ»: Դուք ինչպե՞ս կհամատեղեք օրենսդիր աշխատանքը բիզնեսի հետ:

– Նախ ասեմ, որ դրանք համատեղելու խնդիր չկա, քանի որ սահմանադրությամբ այն արգելված է: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ-ի նիստերին առիթից առիթ մասնակցելու հանգամանքին, կարծում եմ, դա բխում է մարդու էությունից, երկրի, ժողովրդի հանդեպ ստանձնած պարտավորությունների նկատմամբ պատասխանատվությունից: Եթե մարդու մեջ չկա այն, ապա, կարծում եմ, նա խորհրդարանում անելիք չունի: Մեր ընկերությունը տարիներ շարունակ խոշոր հարկատուների ցուցակի վերին հորիզոնականում է: Տարեցտարի ավելացնում ենք պետբյուջեին վճարվող հարկերը: 2006 թվականին այն կազմել է ավելի քան 1 միլիարդ 177 միլիոն դրամ: Ուստի վստահաբար կարող եմ ասել, որ խորհրդարան գնում եմ ոչ թե հարկերից խուսափելու, այլ հարկային դաշտը կատարելագործելուն նպաստելու եւ մեր երկրի տնտեսության զարգացումն ավելի արդյունավետ դարձնելու ակնկալիքով:

– Դուք համոզվա՞ծ եք, որ ընտրությունները կանցնեն արդար: Ի վերջո, կարծես թե իշխանական լծակները աշխատում են հանրապետական թեկնածուի օգտին:

– Դե, խախտումներ, հավանաբար, կլինեն, բայց պետք է աշխատենք հնարավորինս փակել կեղծիքների ճանապարհը: Ես վստահ եմ, որ ժողովուրդը իր ձայնին տեր կկանգնի:

– Ըստ դիլիջանցիների, Դուք 2003 թվականի ընտրություններում հաղթել էիք, բայց պատգամավոր դարձավ մեկ ուրիշը: Ինչո՞ւ այն ժամանակ ժողովուրդը տեր չկանգնեց իր ձայնին կամ ինչո՞ւ չփակեցիք կեղծիքների ճանապարհը:

– Ես այդ մասին չէի ցանկանա խոսել, հանգամանքներն այն ժամանակ այլ էին: Այս անգամ կպայքարենք մինչեւ վերջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել