Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանք փնտրել չգիտեն

Մարտ 30,2007 00:00

Բուհերի կարիերայի կենտրոնները փորձում են ուսանողներին աշխատանքի տեղավորել

Մեր երկրում բուհերի ուսանողների եւ շրջանավարտների մեջ դեռ նոր-նոր է սկսել զարգանալ այն հոգեբանությունը, որ ուսումն ավարտելուց հետո՝ բուհի միջոցներով աշխատանք ձեռք կբերեն: Հայաստանյան տասնյակ պետական բուհերից միայն չորսն ունի այնպիսի կենտրոններ, որտեղ զբաղվում են շրջանավարտների կարիերայի հարցերով: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ առաջինը ստեղծվել է Ամերիկյան համալսարանի կարիերայի կենտրոնը, որը ընդամենը չորս տարվա պատմություն ունի, ապա կարող ենք եզրակացնել, որ այս կառույցներն իրենց «կարիերան դեռ նոր են սկսել»:

«Աշխարհում աշխատանք գտնելու գործընթացի կազմակերպումը մի ողջ գիտություն է դարձել, իսկ մեզ մոտ շատերը նույնիսկ ռեզյումե գրել չգիտեն»,- ասաց Երեւանի պետական ագրարային համալսարանի «Աշխատանքի տեղավորման եւ խորհրդատվության կենտրոնի» տնօրեն Լուսինե Մնացականյանը: Իրենք հիմնականում համագործակցում են գյուղատնտեսական եւ վերամշակման ձեռնարկությունների հետ: Լ. Մնացականյանի տեղեկացմամբ՝ իրենց կենտրոնում գրանցված է 2500 ուսանող: Երկու տարվա ընթացքում շուրջ 150-ը ապահովվել է աշխատանքով: Լ. Մնացականյանը նշեց, որ վիճակագրությունը հստակ չէ, քանի որ աշխատանք գտնելուց հետո շատ երիտասարդներ իրենց հետ կապ չեն պահպանում: Բուհերի կարիերայի կենտրոններում գրանցված երիտասարդներն անվճար տեղեկատվություն են ստանում ինտերնետի միջոցով, մասնակցում դասընթացների եւ սեմինարների: Կենտրոնի տնօրենն ասաց, որ իրենք խուսափում են գործակալությունների հետ շփումներից, իրենց գործն անմիջապես գործատուների հետ է:

2006-ի հունիսի 1-ին ստեղծված «ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը», տնօրեն Քրիստինե Վարդանյանի հավաստմամբ, համագործակցում է աշխատանքի տեղավորման որոշ կազմակերպությունների հետ: 2006-ի դեկտեմբերից մինչեւ 2007-ի հոկտեմբերը կենտրոնն իրականացնում է «Համալսարանական կրթությունը եւ կարիերայի կառուցման հեռանկարները» ծրագիրը, որը միտված է աշխատաշուկայում ուսանողների եւ շրջանավարտների ինքնադրսեւորման հմտությունների ապահովմանը: Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում նշված հմտություններն ապահովում է «Ընդունելության հարցերի եւ ուսանողական կարիերայի աջակցության կենտրոնը»: Տնօրեն Հայկ Ակարմազյանը տեղեկացրեց, որ իրենք կողմնորոշում են ոչ միայն ուսանողներին ու մագիստրոսներին, այլեւ դիմորդներին: Ի տարբերություն մյուս բուհերի, այս կենտրոնը ստանում է սոցիալական ապահովության նախարարության աջակցությունն ու մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության 2,5-3 մլն դրամի ֆինանսավորումը: «Մեզ դիմող ցանկացած երիտասարդ, ով ուզում է հմտանալ իր մասնագիտության մեջ եւ աշխատանք ձեռք բերել, կարող է մասնակցել ծրագրին»,- վստահեցրեց Հ. Ակարմազյանը: Չնայած ուսանողներից եւ մագիստրոսներից շատերը տեղյակ չէին, որ բուհերում այսպիսի կենտրոններ են գործում, մեզ հաջողվեց գտնել այնպիսիներին, որոնք վայելել են բուհի կողմից աշխատանքով ապահովվելու հաճույքը: ԵՊՀ շրջանավարտ Նարինե Ադյանն այժմ չի աշխատում այն տուրիստական գործակալությունում, որտեղ իրեն ԵՊՀ-ի կարիերայի կենտրոնն է տեղավորել, սակայն գոհ է կենտրոնի աշխատանքից. «Այս կենտրոնն ավելի արդյունավետ է աշխատում, քան շատ ուրիշներ: Վստահորեն ասում եմ, քանի որ բազմաթիվ շփումներ եմ ունեցել»:

ԵՊՀ մեկ այլ շրջանավարտ՝ Լուսինե Իսկանդարյանն էլ այսպիսի կարծիք հայտնեց. «Եթե այժմ ես չեմ աշխատում բուհի առաջարկած աշխատատեղում, դա իմ խնդիրն է, քանի որ ղեկավարության հետ տարաձայնություններ ունեի»: ԵՊՃՀ-ի շրջանավարտ Լիլիթ Խաչիկյանն էլ դժգոհ չէ, բայց մի նկատառում ունի. «Երբ դասընթացների էինք մասնակցում, տարբեր մակարդակի գիտելիքներ ունեցող երիտասարդների մի խմբում էին ներգրավել: Ավելի լավ կլիներ՝ բաժանում էլ կատարվեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել