Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոցում ոչխար են պահում

Մարտ 30,2007 00:00

\"\"Հայաստանում սիֆիլիս հայտնաբերում են հնացած մեթոդներով

Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում բուժաշխատողներից բացի՝ հովիվի «հաստիք» էլ կա: Բուժհաստատության տնօրինությունը կենտրոնի բակում ոչխարներ է պահում: Պարզվում է՝ բժիշկներին ոչխարները պետք են ոչ թե կաթնամթերք, միս կամ բուրդ ստանալու, այլ սիֆիլիս հիվանդությունը ախտորոշելու նպատակով: Գիտաբժշկական կենտրոնում սիֆիլիս սեռավարակը հայտնաբերում են ոչխարների արյան միջոցով: Երեկ կենտրոնի տնօրեն Կարեն Բաբայանից հետաքրքրվեցինք, թե ոչխարի արյունը ինչպես է նպաստում վարակի հայտնաբերմանը, ինչին ի պատասխան՝ Կ. Բաբայանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ՝ արդարանալով, որ դա մասնագիտական գաղտնիք է: Նկատենք, որ ոչխարներով սիֆիլիս հայտնաբերելու մեթոդը շուրջ 100 տարվա պատմություն ունի եւ ժամանակավրեպ է: Ներկայումս սիֆիլիս հայտնաբերելու ավելի ժամանակակից մեթոդներ կան: Հանրապետության գլխավոր մաշկավեներաբան Կ. Բաբայանը կտրականապես հրաժարվեց իրենց ոչխարներից խոսել հավանաբար այն պատճառով, քանի որ դա կվկայեր հիվանդանոցի՝ հնացած մեթոդով աշխատելու մասին, եւ կենտրոնի տնօրենը ոչխարների անունը լսելուն պես՝ ափերից դուրս եկավ՝ հեգնելով. «Լուրջ թեմաները թողած, ոչխարների մասին եք հետաքրքրվում: Այսօր սեռավարակները հատկապես երիտասարդության շրջանում տարածված են, ինչո՞ւ չեք այդ մասին գրում, ինձ ֆերմերի տե՞ղ եք դրել»: Նա պահանջում էր լուսաբանել իր լավ աշխատանքը եւ թե կենտրոնն ինչ հսկայածավալ գործ է անում. «Իմ նկարը դրեք եւ գրեք, որ ես շատ զբաղված եմ ու այնքան հիվանդներ ունեմ, որ չեմ կարողանում ձեզ ընդունել: Ի՞նչ եք կպել այդ ոչխարներից, բժշկության մեջ օգտագործում ենք նաեւ խոզեր եւ մկներ, ի՞նչ է, գնալու եք նրանց նկարեք ու թերթում տպե՞ք»:

Չնայած պարոն Բաբայանը չինովնիկական դիրք բռնեց եւ այդպես էլ չցանկացավ հարցազրույց տալ՝ պատճառաբանելով, որ իր կարգի պրոֆեսորին սազական չէ ոչխարների մասին խոսել, իր կոլեգաները սիրով եւ առանց ավելորդ ամբիցիաների բացատրեցին, թե ինչպես են օգտագործում ոչխարի արյունը, ինչ յուրահատուկ բաղադրություն ունի այն եւ այլն: Նրանց մեկնաբանությամբ՝ սիֆիլիսն ախտորոշում են ոչխարի արյան կարմիր գնդիկների միջոցով: Ըստ բժիշկների, դա ճշգրիտ ախտորոշում չէ, եւ սիֆիլիսը հաստատելու կամ հերքելու համար հիվանդը պետք է մի շարք այլ հետազոտություններ էլ անցնի:

Բժիշկները նաեւ հավաստիացրին, որ մաշկավեներական հիվանդանոցում օգտագործվող ոչխարները հատուկ տեսակի չեն. «Նրանց հանգիստ կարելի է մորթել եւ ուտել, դրանք իրենց մեջ ոչ մի վարակ կամ հարուցիչ էլ չեն կրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել