Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՌԱՏՈՒՆԿ՝ Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ

Մարտ 30,2007 00:00

5 տարի առաջ՝ 2002-ի ապրիլի 2-ին, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը եթերազրկեց անկախ «Ա1+» հեռուստաընկերությունը, եւ այդ տարելիցն այս անգամ նշանավորվելու է ծառատունկով:

Այս մասին հայտարարություններն արդեն մի քանի օր է՝ հրապարակվում են ԶԼՄ-ներով, թե ապրիլի 2-ին, ժամը 17-ին, օպերայի շենքին մերձակա Ֆրանսիայի հրապարակում, «Արամ Խաչատրյան» համերգասրահի դիմաց, Արամ Խաչատրյանի արձանի մոտ ստեղծվելու է խորհրդանշական անվանումով «Խոսքի ազատության արահետ»: Հրավիրելով մասնակցել ծառատունկի եւ ակցիայի՝ կազմակերպիչները նշում են, թե սրանով մեր լուման կունենանք Հայաստանում ազատ խոսքի պաշտպանության գործում: Մեր հարցին, թե ի՞նչ կապ ունեն մեկը մյուսի հետ, ակցիայի նախաձեռնողներից մեկը՝ «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը, պատասխանեց. «Այս տարիների ընթացքում մի շարք միջոցառումներ ենք արել՝ հանրահավաքներ, երթեր, եղել են նաեւ դահլիճային քննարկումներ: Այս անգամ նախաձեռնող խումբը, որի կազմում անհատներ են ու մի շարք կազմակերպություններ, որոշեց «Ազատություն» հրապարակին հարող տարածքում ստեղծել նման արահետ: Որոշեցինք այս տարի էլ այդ ձեւով արտահայտել մեր բողոքը: Միջոցառման ժամանակ, սակայն, կլինեն ելույթներ, ինչպես նաեւ՝ պաստառներ, կոչեր: Իսկ ծառատունկը, նախաձեռնողներից մեկի դիտարկմամբ, խորհրդանշական իմաստ ունի, այն է՝ երբ վերջանում է խոսքը, խոսում են ծառերը: Կամ՝ ավելի լավ է նման մի բարի գործ անել, քան փակել արդեն գործող կառույցը»:

Տիգրան Տեր-Եսայանը «Ա1+»-ի ներկայացուցիչն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, եւ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ փուլում է «Ա1+»-ի գործը. «Կառավարությունը մարտի 10-ին պետք է պատասխան ուղարկեր Եվրոդատարան մեր հարցադրումների կապակցությամբ: Կարելի է ասել, որ սա դիմումատուի եւ պատասխանողի գրագրությունների վերջին փուլն է: Սպասում ենք, որ ապրիլին մենք կստանանք կառավարության պատասխանը: Եվ դրանից հետո, եթե մենք առարկություն չունենանք՝ դատարանը կանցնի որոշում կայացնելուն: Առաջիկա ամիսներին սպասում ենք, որ կլինի որոշումը, եթե, իհարկե, իրար չմիացվեն մեր 1-ին դիմումը՝ 2002-ի մրցույթի, եւ 2-րդ դիմումը՝ 2003-2004-ի մրցույթների մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել