Ռուսական «Պոլիտիկա» ամսագիրն իր մարտի համարում հրապարակել է ծավալուն հարցազրույց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հետ:
Հարցազրույցում անդրադարձ է կատարված ամենատարբեր խնդիրների: Ասենք, պատասխանելով Ռուսաստանում Հայաստանի տարվա մասին հարցին՝ Արամ Սարգսյանը նշել է, թե այն, իհարկե, կարեւոր էր. «Բայց եթե այս ամենն ընդամենը հերթական միջոցառման երանգ է ստանում՝ ինչպես խորհրդային տարիներին, եթե առկա են «կամպանիայի» տարրեր, եւ եթե կարծես այսքանով ընդամենը «գալոչկա» են դնում, թե իբր ամեն ինչ հրաշալի է, ապա հազիվ թե իմաստ ունեն մեկնաբանությունները»:
Արամ Սարգսյանը նաեւ հիշել է, թե խորհրդային տարիներին հասկանում էին, որ ավելի լավ կլինի, եթե Հայաստանը լինի Ռուսաստանի հետ. «Ավաղ, այժմ ունենք փոքր-ինչ այլ պատկեր: Հայաստանը, որ խոսում էր ռուսերեն կամ գոնե գիտեր այդ լեզուն՝ այժմ այդ հանգամանքն առանձնակի չի կարեւորում, նոր սերունդն ուղղակի չգիտի լեզուն: Սա արդեն տագնապալից ահազանգ է»:
Լրագրողի խնդրանքով անդրադառնալով 2007-ի խորհրդարանական ընտրություններին՝ ՀԴԿ նախագահն ասել է, թե դրանց նախապատրաստության ընթացքում է արդեն ակնհայտ, որ անհավասար պայմաններ են կուսակցությունների, հատկապես՝ գաղափարական ուղղվածություն ունեցողների համար: Նրանք ուղղակի չեն կարող մրցակցել «փողի պարկ» կուսակցությունների հետ»: Արամ Սարգսյանը նաեւ մատնանշել է այդ փողի ծագումը՝ բացահայտ թալան. «Եթե մի հովանավորյալ օլիգարխ իրավունք ունի հարկեր չվճարել իր արտադրանքի 60-70 տոկոսի համար՝ բնականաբար, նա կստանա ահռելի չափերի եկամուտ: Եվ դրա մի մասը նա օգտագործում է ընտրողներին ուղղակի կաշառելու վրա»:
Հայտնի է, որ ՀԴԿ-ն ռուսամետ ուղղվածության կուսակցություն է, եւ այս հարցազրույցում խիստ ընդգծված է այս հանգամանքը: Ասենք, պնդումներ կան, թե այս տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելը «խաղ է կրակի հետ»: Արամ Սարգսյանը նաեւ հայտարարել է, թե արտաքին քաղաքական կողմնորոշումներն այս անգամ լինելու են այն ջրբաժանը, որոնք միավորելու կամ բաժանելու են կուսակցություններին:
ՀԴԿ նախագահը վստահեցրել է. «Եթե ես իմանայի, որ ձայների իրական հաշվարկը եւ ամբողջ գործընթացն արդարացի կլինեն՝ ես չէի ասի, թե մենք ակնկալում ենք 3-րդ տեղը գրավել ընտրություններում: Ես կխոսեի արդեն հնարավոր հաղթանակի՛ մասին»: Ու ռուսական լսարանին հիշեցրել է, թե ներքաղաքական իրավիճակն է որոշելու Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական կողմնորոշվածությունն առաջիկայում, այն է՝ արդյոք կլինեն նրա՞նք, ովքեր այժմ ասում են, թե մենք պետք է ձգտենք դեպի ՆԱՏՕ. «Համարեք, որ կհաղթի այս վեկտորը, քանի որ նրանք շատ կուզենային, որ հատկապես առաջին երկու հորիզոնականները զբաղեցնողները հնչեցնեին հենց նման կարգախոսներ, այլ ոչ այնպիսիք, ինչպիսիք կարող էինք հնչեցնել մենք»: